Համարը 
N 38-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.02.10/01(292)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.02.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.02.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի
N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2016թ.

N 38-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 306-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 2-րդ կետում «համասեփականատեր» բառից հետո լրացնել «` համատեղ կամ բաժնային սեփականության իրավունք ունեցող անձ» բառերը.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«6. Վերադաս հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) եկամտային հարկի վերադարձի համար վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով.

2) վարկառուի անձը հաստատող փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտի, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի պատճեն.

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշի պատճեն կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի պատճեն, հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) (առկայության դեպքում).

4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճեն և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականի պատճեն.

5) հիփոթեքային վարկը տրամադրած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք` հաշվետու ժամանակահատվածում հաշվեգրված և վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին.

6) անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում (բացառությամբ պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքերի)` անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին.

7) անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում` անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ կամ անհատական բնակելի տան շինարարության գործող թույլտվության պատճեն.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի պայմանագրի պատճեն.

9) վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք:».

3) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «6.1»-ին կետ`

«6.1. Սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքի օրինակելի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:».

4) 7-րդ կետում «ենթակետով» բառը փոխարինել «և 9-րդ ենթակետերով» բառերով.

5) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «7.1»-ին կետ`

«7.1. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետում նշված անհատական բնակելի տան շինարարության գործող թույլտվության ժամկետի ավարտից հետո վարկառուն հարկային մարմին է ներկայացնում անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ:».

6) 9-րդ կետում «պահանջվող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «և (կամ) ներկայացված փաստաթղթերով կամ երրորդ անձանցից ստացած տեղեկություններով պարզ է դարձել, որ հիփոթեքային վարկը փաստացի չի ուղղվել բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանը» բառերը.

7) 11-րդ և 12-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «գանձապետարան» բառով.

8) 13-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից» բառերը:

2. Այն վարկառուները, ովքեր մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հարկային մարմին են ներկայացրել ժամկետը ավարտված շինարարության թույլտվություն, մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը հարկային մարմին են ներկայացնում անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ