ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մայիսի 26-ի N 306-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի (այսուհետ՝ հիփոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված տոկոսների) (այսուհետ՝ տոկոս) գումարների չափով վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերած (ձեռք բերող) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցած (կառուցող) վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:
3. Սույն կարգի կիրառման իմաստով առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերում է հանդիսանում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերումը:
4. Եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի և տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված և վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով: Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկի կողմից հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում հաշվարկված եկամտային հարկի գումարը մարված չէ կամ մարված է մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի պահած եկամտային հարկի վերադարձը կատարվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական մարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելուց հետո:
5. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն: Սույն կետով սահմանված դեպքում եկամտային հարկի վերադարձվող գումարի չափը հարկային մարմնի կողմից որոշվում է միայն տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարից՝ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով:
6. Վերադաս հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`
1) եկամտային հարկի վերադարձի համար վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով.
2) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ) (առկայության դեպքում).
4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճեն և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայական.
5) հիփոթեքային վարկը տրամադրած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու ժամանակահատվածի համար հաշվեգրված և վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն: Սույն ենթակետով պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե բնակարանը ձեռք է բերվում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առքուվաճառքի պայմանագիր:
7. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձի համար վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ ապահովելով միայն սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:
8. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
9. Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը մերժվում է, եթե այն ներկայացնելու պահին համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված կամ համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն, և (կամ), եթե չեն ներկայացվել սույն կարգի 6-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը: Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:
10. Եկամտային հարկի վերադարձի մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:
11. Վերադաս հարկային մարմինը կատարվող վերադարձը ընդունելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հանձնարարական:
Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ արձանագրության հետ միասին, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:
12. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով վերադաս հարկային մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`
1) վարկառուի անունը, ազգանունը.
2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) հաշվետու ժամանակահատվածը, որին վերաբերում է վերադարձվող գումարը.
4) վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը.
5) վերադարձվող գումարի չափը.
6) տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.
7) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:
13. Հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |