Համարը 
N 306-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 306-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մայիսի 26-ի N 306-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի համաձայն Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի (այսուհետ՝ հիփոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված տոկոսների) (այսուհետ՝ տոկոս) գումարների չափով վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ., լրաց. 11.04.19 N 255-Ն)

2. Սույն կարգը տարածվում է Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան (այդ թվում՝ ավտոկայանատեղի, եթե այն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերած (ձեռք բերող) կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցած (կառուցող) վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիփոթեքային վարկի պայմանագրով նախատեսված համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով նախատեսված սեփականատեր (համասեփականատեր` համատեղ կամ բաժնային սեփականության իրավունք ունեցող անձ) հանդիսանալու դեպքում:

(2-րդ կետը լրաց. 02.02.2016 N 38-Ն, լրաց. 16.03.2017 N 175-Ն, խմբ. 11.04.19 N 255-Ն)

3. Սույն կարգի կիրառման իմաստով`

1) առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերում է հանդիսանում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերումը.

2) առաջնային շուկայից անհատական բնակելի տան ձեռքբերում է հանդիսանում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տան ձեռքբերումը:

(3-րդ կետը խմբ. 11.04.19 N 255-Ն)

4. Եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի և տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված և վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան կտրվածքով 2 800 000 ՀՀ դրամը: Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկի կողմից եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորության գումարն ամբողջությամբ մարված չէ կամ մարված է մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի պահած եկամտային հարկի վերադարձը կատարվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական մարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելուց հետո:

(4-րդ կետը լրաց., փոփ. 16.03.2017 N 175-Ն)

5. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն: Սույն կետով սահմանված դեպքում եկամտային հարկի վերադարձվող գումարի չափը հարկային մարմնի կողմից որոշվում է միայն տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարից՝ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով՝ բայց ոչ ավելի, քան եռամսյակային կտրվածքով 700 000 ՀՀ դրամը:

(5-րդ կետը լրաց. 16.03.2017 N 175-Ն)

6. Վերադաս հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) եկամտային հարկի վերադարձի համար վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) վարկառուի անձը հաստատող փաստաթղթի` Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտի, կամ Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի պատճեն.

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշի պատճեն կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ (առկայության դեպքում).

4) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճեն և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականի պատճեն, իսկ պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճեն և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականի պատճեն, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.

5) հիփոթեքային վարկը տրամադրած՝ Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք` հաշվետու ժամանակահատվածում հաշվեգրված և վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին.

6) Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարանը կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու դեպքում (բացառությամբ պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքերի)` անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին.

7) Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տուն կառուցած լինելու կամ կառուցելու դեպքում` վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ կամ անհատական բնակելի տան շինարարության գործող թույլտվության պատճեն.

7.1) մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված նախահաշվի պատճեն` Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում.

8) Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրի պատճեն կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագրի պատճեն, իսկ պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամից և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագրի պատճեն (առուվաճառքի նախնական պայմանագրի, առուվաճառքի պայմանագրի կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրի պատճեն).

9) վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք.

10) վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն` տվյալ բնակարանում (անհատական բնակելի տանը) փաստացի բնակվելու և բնակարանը (անհատական բնակելի տունը) կամ դրա որևէ մասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված չլինելու, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց վերաբերյալ:

Բնակարանը (անհատական բնակելի տունը) մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում` ներկայացվում է մերձավոր ազգակցական կապը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Սույն ենթակետում նշված հայտարարությունում ներառված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով հարկային մարմինը կարող է հարցում կատարել երրորդ անձանց և ստանալ տեղեկատվություն:

(6-րդ կետը խմբ. 02.02.2016 N 38-Ն, փոփ., լրաց. 16.03.2017 N 175-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.04.19 N 255-Ն)

6.1. Սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկանքի օրինակելի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(6.1-ին կետը լրաց. 02.02.2016 N 38-Ն, փոփ. 11.04.19 N 255-Ն)

7. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձի համար վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ ապահովելով միայն սույն կարգի 6-րդ կետի 5-րդ,  9-րդ ենթակետերով և 10-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

(7-րդ կետը փոփ. 02.02.2016 N 38-Ն, փոփ. 16.03.2017 N 175-Ն)

7.1. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետում նշված անհատական բնակելի տան շինարարության գործող թույլտվության ժամկետի ավարտից հետո վարկառուն հարկային մարմին է ներկայացնում անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեններ:

(7.1-ին կետը լրաց. 02.02.2016 N 38-Ն)

7.2. Սույն կարգի 6-րդ կետի 10-րդ ենթակետում նշված հայտարարությունը վարկառուն առաջին անգամ ներկայացնում է բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան ավարտական ակտը և գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականը ստանալու հաշվետու ժամանակահատվածում:

(7.2-րդ կետը լրաց. 16.03.2017 N 175-Ն, 11.04.19 N 255-Ն)

8. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

9. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

1) այն ներկայացնելու պահին հարկային գործակալն ամբողջությամբ չի մարել եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը կամ անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ չի մարել եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը.

2) չեն ներկայացվել սույն կարգի 6-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը.

3) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը կամ կառուցվող անհատական բնակելի տան նախահաշվային արժեքը գերազանցում է 55 000 000 ՀՀ դրամը.

4) ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

5) ներկայացված փաստաթղթերով կամ երրորդ անձանցից ստացած տեղեկություններով պարզ է դարձել, որ հիփոթեքային վարկը փաստացի չի ուղղվել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանը.

6) բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան ավարտական ակտը և գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականը ստանալու ամսաթվից սկսած` յուրաքանչյուր օրացուցային տարում վարկառուն առնվազն 183 օր փաստացի չի բնակվում տվյալ բնակարանում (անհատական բնակելի տանը).

7) բնակարանը (անհատական բնակելի տունը) հանձնվել է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:

(9-րդ կետը լրաց. 02.02.2016 N 38-Ն, խմբ. 16.03.2017 N 175-Ն, 11.04.19 N 255-Ն)

10. Եկամտային հարկի վերադարձի մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

(10-րդ կետը փոփ. 16.03.2017 N 175-Ն)

11. Վերադաս հարկային մարմինը կատարվող վերադարձը ընդունելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական:

Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ արձանագրության հետ միասին, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

(11-րդ կետը փոփ. 02.02.2016 N 38-Ն)

12. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով վերադաս հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հաշվետու ժամանակահատվածը, որին վերաբերում է վերադարձվող գումարը.

4) վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:

Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումում համավարկառուների կողմից վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը նշված լինելու դեպքում վերադարձվող գումարը փոխանցելու համար գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են վարկառուի տվյալները:

(12-րդ կետը փոփ. 02.02.2016 N 38-Ն, լրաց. 16.03.2017 N 175-Ն)

13. Հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

(13-րդ կետը փոփ. 02.02.2016 N 38-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ