ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգի մասին
Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումը` 1992թ. սեպտեմբերի 1-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) պաշտպանության մարտերին մասնակցած անձանց ցուցակը ճշտելու և պատրաստելու նպատակով ստեղծել հանրապետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կանոնակարգը (կցվում է):
3. ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալ`
ա) մինչև ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումը` 1992թ. սեպտեմբերի 1-ը, հիմք ընդունելով.
- ԼՂ Հանրապետական (տարածքային) զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքը, ժամկետների նշմամբ, հաստատված սույն որոշման առաջին կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովի կողմից.
- պաշտպանության մարտերին մասնակցած նախկին ինքնապաշտպանական ջոկատների ու խմբերի հրամանատարական կազմի կամ առնվազն 5 (հինգ) աչքի ընկած (այդ թվում` պետական պարգևատրումների ներկայացված) ազատամարտիկների կողմից տրված գրավոր վկայությունները` ժամկետների նշմամբ, հաստատված սույն որոշման առաջին կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովի կողմից.
բ) ԼՂՀ պաշտպանության բանակի իրավաբանական կազմավորումից` 1992թ. սեպտեմբերի 1-ից հետո:
- ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած այն զինծառայողներին, որոնց պաշտպանության բանակի կողմից տրված է տեղեկանք, որը համապատասխանաբար հաստատված է ՊԲ-ի և վավերացված նշված հանձնաժողովի կողմից.
գ) ԼՂՀ ՆԳՆ աշխատակիցներին.
- ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած այն աշխատակիցներին, որոնց ԼՂՀ ՆԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից տրված է տեղեկանք (ժամկետների նշմամբ), որը համապատասխանաբար հաստատված է ԼՂՀ ՆԳ նախարարի և վավերացված հանրապետական հանձնաժողովի կողմից:
դ) ԼՂՀ ԱԱՊՎ համակարգի աշխատակիցներին.
- ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած այն աշխատակիցներին, որոնց ԼՂՀ ԱԱՊ վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից տրված է տեղեկանք (ժամկետների նշմամբ), որը, համապատասխանաբար, հաստատված է ԼՂՀ ԱԱՊՎ պետի կողմից և վավերացված հանրապետական հանձնաժողովի կողմից:
4. Սահմանել, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած քաղաքացիների արտոնությունների տրամադրումը իրականացվում է կարգավիճակ ստանալու տարուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:
5. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված արտոնությունների տրամադրման համար համապատասխան գումարներ նախատեսել համապատասխան տարվա պետական բյուջեի նախագծում:
6. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1999թ. մարտի 16-ի թիվ 45 և 1999թ. սեպտեմբերի 14-ի թիվ 72 որոշումները:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. մայիսի 16-ի
թիվ 89 որոշմամբ |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՍՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հանձնաժողովի նախագահ` Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ (Հադրութի պաշտպանական շրջանի նախկին հրամանատար)
|
|
Հանձնաժողովի անդամներ` Արշավիր Սուրենի Ղարամյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ (Ասկերանի պաշտպանական շրջանի նախկին գումարտակի հրամանատար` իր համաձայնությամբ)
|
|
Ֆելիքս Միքայելի Գաբրիելյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական (նախկին Հատուկ վաշտի հրամանատար)
|
|
Վիկտոր Միքայելի Քոչարյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
|
|
Իվան Խորենի Ավանեսյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (Արցախի ազատամարտիկների միության Հադրութի տարածքային միավորման խորհրդի նախագահ` իր համաձայնությամբ)
|
|
Վլադիմիր Սուրենի Կասյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջվարչակազմի ղեկավար (Շուշիի պաշտպանական շրջանի նախկին գումարտակի հրամանատար` իր համաձայնությամբ)
|
|
Պյոտր Կառլենի Հակոբյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար (Արցախի ազատամարտիկների միության Շահումյանի տարածքային միավորման խորհրդի նախագահ)
|
|
Գրիգորի Իլյայի Միրզոյան |
Արցախի ազատամարտիկների միության Մարտակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահ`իր համաձայնությամբ
|
|
Կարեն Ռաֆիկի Թովմասյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 2-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար` իր համաձայնությամբ
|
|
Աբրիկ Ռուբենի Հայրապետյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ` իր համաձայնությամբ
|
|
Հանձնաժողովի քարտուղար |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժնի պետ: |
(կազմը խմբ. 20.12.2000 N 249, խմբ. 26.12.2012 N 919-Ն)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2000թ. մայիսի 16-ի
թիվ 89 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
հանրապետական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման
I. Ընդհանուր դրույթներ
1. Հանրապետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ժամանակ առաջնորդվում է ԼՂՀ-ում գործող օրենսդրությամբ և սույն Կանոնակարգով:
2. Սույն Կանոնակարգը սահմանում է հանձնաժողովի գործունեության շրջանակները, խնդիրները և գործառույթները:
3. Հանձնաժողովն իրականացնում է ԼՂՀ պաշտպանության մարտերում զոհված, ինչպես նաև մասնակցած անձանց ցուցակների ճշգրտումը և վերջնական հաստատումը:
II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
ա) ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց վերաբերյալ համապատասխան տեղեկությունների հավաքումը և ճշգրտումը.
բ) ԼՂՀ պաշտպանության մարտերին յուրաքանչյուր անձի մասնակցության կոնկրետ ժամկետների որոշումը.
գ) ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած ազատամարտիկների (զոհված) ճշտված ցուցակների տրամադրումը ԼՂՀ պաշտպանության նախարարության սոցիալական բաժնին` ԼՂՀ գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները նրանց ընտանիքների վրա տարածելու նպատակով:
դ) ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելը և սահմանված կարգով տեղեկանք տալը:
III. Աշխատանքների կազմակերպումը
5. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է ընթացիկ աշխատանքներում ներգրավել ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած նախկին ինքնապաշտպանական ջոկատների և խմբերի հրամանատարներին, ինչպես նաև աչքի ընկած մարտիկներին:
6. Կարգավիճակ տալու յուրաքանչյուր դեպքում հանձնաժողովը հարցերը քննարկում է կոլեգիալ (ժողովով) հիմունքներով, անհատական մոտեցման սկզբունքով:
Ընդ որում, մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձանց կարգավիճակ է տրվում անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից:
7. Հանձնաժողովն անձի անունը, հայրանունը և ազգանունը ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց ցուցակ է մտցնում (ցուցակները կազմվում են ըստ ՏԶԿ-րի) և մասնակցության կոնկրետ ժամկետների մասին որոշում է կայացնում` հիմք ընդունելով հանձնաժողովի առնվազն մեկ անդամի և ինքնապաշտպանական ջոկատների ու խմբերի հրամանատարական կազմի կամ առնվազն 5 (հինգ) աչքի ընկած (պետական պարգևատրումներին ներկայացված) ազատամարտիկների գրավոր վկայությունների դեպքում:
8. Հանձնաժողովը ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց (զոհվածների համար` զոհվածի ընտանիքի անդամին) հատկացնում է համապատասխան տեղեկանք` նշելով նրանց մասնակցության (զոհվելու) կոնկրետ ժամկետները:
9. Հանձնաժողվն իր գործունեության արդյունքում պատրաստած` ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց և այդ մարտերի ընթացքում զոհվածների վերջնական ցուցակները, համապատասխան գրավոր վկայությունները, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները վավերացված հանձնաժողովի անդամների ստորագրություններով, տրամադրվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին:
10. Հիմնվելով նշված փաստաթղթերի վրա, ԼՂՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժինը տալիս է մարտական գործողությունների մասնակցի վկայականներ, որոնք էլ, իրենց հերթին, հիմք են հանդիսանում, սահմանված կարգով, համապատասխան արտոնություններից օգտվելու համար:
11. ԼՂՀ սահմաններից դուրս մարտական գործողություններին մասնակցած (կամ դրանցում զոհված) անձանց կարգավիճակը կարող է տրվել ԼՂՀ օրենսդրության և սույն կանոնակարգի համաձայն:
12. Հանձնաժողովի աշխատանքային մարմինն է հանդիսանում ԼՂՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժինը: