ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» մայիսի 2012թ. |
N 344-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 110 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրի 11-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
1. Հաստատել՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստիքների թվաքանակը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 110 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«29» մայիսի 2012թ. N 344-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
(1-ին կետը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
2. Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
3. Ծառայության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական աշխատողներ:
(5-րդ կետը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
6. Ծառայությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու ծառայության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Ծառայության համակարգը կազմված է Ծառայության տնօրենից, տնօրենի տեղակալներից և ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումներից, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
8. Ծառայության նպատակները և խնդիրներն են՝
1) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում նորմատիվային կարգավորման գործառույթների իրականացումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը.
4) փրկարարական, վթարային-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
5) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգումն ու վերահսկումը.
6) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.
7) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
8) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումն ու իրականացումը.
9) հատուկ թույլատրողական և վերահսկողական գործառույթների իրականացում` ծառայության օրենսդրորեն ամրագրված իրավասությունների շրջանակներում.
10) պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումը և կառավարումը.
11) պետական պահուստի պաշարների պահպանումն ու սպասարկումը.
12) սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
13) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.
14) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը.
15) գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը.
16) արտակարգ իրավիճակներին հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգումը.
17) պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության հսկողության ապահովումը.
18) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը.
19) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզիաների տրամադրումը.
20) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը.
21) ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման լիցենզիաների տրամադրումը.
22) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի լիցենզիաների տրամադրումը.
23) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը:
9. Ծառայության գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ Տիգրան Մեծի 19:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) արտակարգ իրավիճակների բնագավառում`
ա. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակումը և մոնիթորինգի իրականացումը,
բ. օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը և (կամ) հաստատմանը ներկայացնելը,
գ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը,
դ. իր իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացումն ու պայմանագրերի կնքումը,
ե. արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և իրականացման վերահսկումը,
զ. արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային օգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց իրականացման մոնիթորինգը,
է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,
ը. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիթորինգի իրականացումը,
թ. իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակումը,
ժ. պետական, պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցությունը,
ժա. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի՝ սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,
ժբ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
ժգ. քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը,
ժդ. քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը,
ժե. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,
ժզ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործողությունների համաձայնեցումը,
ժէ. փրկարարական աշխատանքների և փրկարար ուժերի գործունեության համակարգումը,
ժը. իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպումը և որպես դրանց պատվիրատու հանդես գալը,
ժթ. իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման և քաղաքացիական պաշտպանության աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպումը.
2) հրդեհային անվտանգության բնագավառում`
ա. մշակում է հակահրդեհային քարոզչության ծրագրեր և իրականացնում դրանց մոնիթորինգը,
բ. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է հրդեհային անվտանգության, այդ թվում` շենքերի, շինությունների, դրանց շահագործման նորմատիվ փաստաթղթերը,
գ. մշակում է հրդեհային անվտանգության ապահովման պետական ծրագրեր, իրականացնում է դրանց կատարման մոնիթորինգ,
դ. իր իրավասության սահմաններում հաստատում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթեր.
3) պետական ռեզերվների ձևավորման և կառավարման բնագավառում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն պետական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
բ. պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
գ. պետական պահուստում նյութական արժեքների ձևավորման (կուտակման, թարմացման, ապաամրագրման, փոխառման, փոխարինման) պետական ծրագրերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
դ. պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման քաղաքականության մշակման համակարգումը,
ե. պետական պահուստի համակարգի կառավարումը,
զ. պետական նյութական պահուստի ձևավորման և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան,
է. պետական պահուստի նյութական արժեքների հետ կապված գործառույթների մոնիթորինգի իրականացում,
թ. պետական պահուստի նյութական արժեքների առկայության և վիճակի մասին ամփոփ տեղեկատվության ներկայացումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն,
ժ. համապատասխան ոլորտների աշխատանքները համակարգող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակումը և այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
ժա. օրենքով սահմանված կարգով համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացում.
4) տեխնիկական անվտանգության բնագավառում՝
ա. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը,
բ. տեխնիկական անվտանգության կանոնների կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,
գ. աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը.
5) հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառում՝
ա. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը,
բ. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում,
գ. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պետական ծրագրերի մշակում, դրանց կատարման մոնիթորինգի իրականացում.
6) սեյսմիկ պաշտպանության բնագավառում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգումը,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսման հաստատումը,
գ. հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա՝ խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզները և դրանք սահմանված կարգով ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` կիրարկման համար,
դ. հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատումը,
ե. բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատման մասնակցությունը,
զ. սեյսմոլոգիայի և բնակչության պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն է,
է. ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերաբերյալ,
ը. սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով՝ իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ.
7) տիրապետում և օգտագործում է իրեն հանձնված պետական գույքը.
8) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ծառայության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով ծառայության տնօրենին կից ստեղծվում է կոլեգիա: Ծառայության տնօրենին կից կոլեգիան`
1) օժանդակում է ծառայության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է ծառայության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
12. Ծառայության տնօրենին կից կոլեգիայի աշխատակարգը սահմանում է ծառայության տնօրենը:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Ծառայությունը կառավարում է ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը: Ծառայության տնօրենն ունի տեղակալ(ներ), որին(որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ ծառայության տնօրենի առաջարկությամբ: Ծառայության տնօրենն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների իրականացման համար: Ծառայության տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
14. Ծառայության տնօրենն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ծրագրերի ապահովման համար:
15. Ծառայության տնօրենը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
16. Ծառայության տնօրենը`
1) ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.
2) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
3) ղեկավարում է ծառայության գործունեությունը, պատասխանատու է ծառայությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
4) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, կառավարությանը և վարչապետին.
5) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է փրկարարական ծառայության, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է քաղաքացիական աշխատանքի, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.
8) ծառայության համակարգի փրկարարական և քաղաքացիական անձնակազմին ներկայացնում է պետական պարգևների.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան որոշում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
10) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև.
11) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
12) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ծառայության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
13) վերահսկողություն է իրականացնում ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.
14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքների թվաքանակը.
15) ստեղծում է խորհրդակցման մարմիններ.
16) սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է ծառայության ստորաբաժանումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է ծառայության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.
17) հաստատում է ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
18) արձակում է հրամաններ (անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ), հաստատում կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում դրանց կատարումը.
19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նշանակումներ կատարել ծառայության համակարգի պետական մարմինների այլ պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
20) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս ծառայության համակարգի պետական մարմինների պաշտոններում նշանակումներ կատարելու համար.
21) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության մեդալներ, կրծքանշաններ և պատվոգրեր, ինչպես նաև հաստատում է դրանց շնորհման կարգը և ձևերը.
22) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիներին` մեդալներով ու պատվոգրերով.
23) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(16-րդ կետը փոփ. 31.07.2014 N 471-Ն)
17. Ծառայության տնօրենի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, ծառայության տնօրենի պարտականությունները կատարում է ծառայության տնօրենի տեղակալներից կամ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
18. Ծառայության տնօրենի տեղակալը՝
1) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները՝ ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ ծառայության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար ծառայության տնօրենին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ծառայության տնօրենի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում ծառայության տնօրենին.
10) ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
11) ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
19. Ծառայության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված գործարքներով ձեռք բերված և ծառայության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:
20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու ծառայության գույքը:
21. Ծառայությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու իր գույքը:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
22. Ծառայության կառուցվածքը ներառում է ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումներ:
Ծառայության խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ծառայության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
23. Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ծառայության տնօրենը:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է ծառայության գլխավոր ֆինանսիստի միջոցով: Ծառայության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում ծառայության տնօրենի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
25. Ծառայության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
26. Ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
27. Ծառայության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«29» մայիսի 2012թ. N 344-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբ
2. Քաղաքացիական պաշտպանության վարչություն
3. Փրկարարական ուժերի վարչություն
4. Նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչություն
5. Տնօրենի աշխատակազմ
6. Կադրերի բաժին
7. Իրավաբանական բաժին
8. Ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժին
9. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
II. Տարածքային ստորաբաժանումներ
1. Ստեփանակերտ քաղաքի արտակարգ իրավիճակների բաժին
2. Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
3. Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
4. Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
5. Հադրութի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
6. Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
7. Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
8. Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին
III. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն
(Հավելված N 2 խմբ. 08.11.2013 N 772-Ն, խմբ. 31.07.2014 N 471-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«29» մայիսի 2012թ. N 344-Ն որոշման |
Թ Վ Ա Ք Ա Ն Ա Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության հաստիքների թվաքանակը սահմանել 451 միավոր, այդ թվում՝
1) փրկարարական ծառայության հաստիքներ (պաշտոններ) - 383միավոր,
2) քաղաքացիական աշխատանք կատարողներ - 68 միավոր:
(Հավելված N 3 խմբ. փոփ. 31.07.2014 N 471-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |