ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2013թ. |
N 958-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 63 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 558 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մարտի 13-ի ՆՀ-13-Ն հրամանագրի 2-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նախարարությունն ստեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:»,
բ. 6-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) ագրոպարենային ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.
գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը.
դ) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովումը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանումը.
ե) օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովումը.
զ) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովումը.
է) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովումը.
ը) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովումը.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը.
ժ) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը.
ժա) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի (այսուհետ` բուսասանիտարիա) բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
գ) գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
դ) ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ե) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
զ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
է) կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժ) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժա) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.
ժգ) գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.
ժդ) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի մշակում և հաստատում.
ժե) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.
ժէ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:».
գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր «զ1», «զ2» և «զ3» ենթակետերով`
«զ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նշանակումներ կատարել նախարարության համակարգի պետական մարմնի այլ պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմնի պաշտոնում նշանակում կատարելու համար.
զ3) իր լիազորության սահմաններում հիմնում է գերատեսչական պարգևներ.».
դ. 12-րդ կետի «թ)» ենթակետը «ճանաչում» բառից հետո լրացնել «իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմնի ղեկավարի,» բառերը.
ե. 12-րդ կետի «ժ)» ենթակետը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «և պետական մարմնի» բառերը.
զ. 12-րդ կետի «ժբ)» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «և նախարարության համակարգի պետական մարմնի» բառերը.
է. 12-րդ կետի «ժգ)» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «և համակարգի» բառերը.
ը. 14-րդ կետի «թ)» ենթակետը «բնագավառներում» բառից հետո լրացնել «նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող» բառերը.
թ. 26-րդ կետում «Թումանյանի փողոց 62» բառերը փոխարինել «Փետրվարի 20/1» բառերով:
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 558 որոշման հավելվածի 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց)» բառերով.
2) «ա» ենթակետի հինգերորդ պարբերությունը «իրականացումը» բառից հետո լրացնել «` բացառությամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների» բառերով.
3) «բ» ենթակետից հանել «, պարենահումքի ու սննդամթեքի» բառերը.
4) «զ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «սննդի արտադրության,», «գյուղատնտեսության,» և «հանրային սննդի,» բառերը, «առևտրի կազմակերպությունների» բառերը փոխարինել «ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպությունների» բառերով, իսկ «գործընթացները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների)» բառերով.
5) «զ» ենթակետի չորրորդ պարբերությունը «նյութերի» բառից հետո լրացնել «` բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի» բառերով, իսկ «արտադրանքի» բառից հետո` «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների» բառերով.
6) «զ» ենթակետի վեցերորդ պարբերությունից հանել «սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների» և «գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը,» բառերը.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների համատեղ իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասնակցությունը:»:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչության, անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության և գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունները հաստատելու մասին» N 243 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «երկրագործության պետական տեսչության, անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության և» բառերը ու «կանոնադրությունները» բառը փոխարինել «կանոնադրություն» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա», «բ» ենթակետերը և N 1, N 2 հավելվածները:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` 15-օրյա ժամկետում`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահպանման ծախսերի վերաբերյալ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով համատեղ ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 958-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է սննդամթերքի անվտանգության, համապատասխանության գնահատման, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական և անասնապահական պետական տեսչության իրավահաջորդն է:
3. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրի հիման վրա:
4. Ծառայության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
5. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
6. Ծառայությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(6-րդ կետը խմբ. 05.08.2014 N 505-Ն)
7. Ծառայությունը կազմված է ծառայության պետից, պետի տեղակալ(ներ)ից, ծառայության աշխատակազմից, ինչպես նաև ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:
8. Ծառայության անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Государственная служба безопасности пищевых продуктов министерства сельского хозяйства НКР,
անգլերեն լրիվ անվանումը` State service fօr fօօd safety օf tհe Ministry օf Agricսlture օf RօNK,
հայերեն կրճատ անվանումը` ՍԱՊԾ,
ռուսերեն կրճատ անվանումը` ГСБПП,
անգլերեն կրճատ անվանումը` SSFS:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Ծառայության նպատակներն ու խնդիրները սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումն է, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա`
1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը).
2) սննդամթերքի արտադրության և շրջանառության կամ սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության սկզբունքի կիրառմամբ.
3) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը («ռիսկերի վերլուծության» սկզբունքը).
4) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը («թափանցիկության և շահառուների ներգրավման» սկզբունքը).
5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը («տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության» սկզբունքը).
6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը («նախազգուշացման» սկզբունքը):
7) սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի ոլորտներում պետական հսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը («արդիականացման և առաջընթացի» սկզբունքը).
8) պետական հսկողության ապահովումն սննդամթերքի անվտանգության, անասնահամաճարակային, բուսասանիտարական իրավիճակի, սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա («գնահատման և կանխորոշման» սկզբունքը).
9) սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, ներթափանցման և տարածման կանխում ու վերացում («արագ արձագանքման» սկզբունքը):
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ.
2) մշակում և իրականացնում է սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության բնագավառներում ծրագրեր, համագործակցում է միջազգային համապատասխան կառույցների հետ.
3) վերահսկողություն է իրականացնում ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանության նկատմամբ.
4) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացների, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար մոնիթորինգ` մշտադիտարկում է անցկացում, իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, այլ ծառայությունների կողմից կատարվող վնասակար օրգանիզմների մոնիթորինգի անցկացման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների հիման վրա որոշում է կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանները.
6) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.
7) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.
8) վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման, իրացման, օգտագործման բացառման, ագրարային կանոնների խախտմամբ կատարվող աշխատանքների նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման նկատմամբ.
10) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվություն և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրեր.
11) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, բույսերի և բուսական արտադրանքի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական ստուգման և վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.
12) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության միջազգային կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին.
13) իրականացնում (վարում) է բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական բուսասանիտարական հաշվառումը (ռեգիստրը), մուտքագրում և պահպանում է վնասակար օրգանիզմների հայտնաբերման տեղեկատվական համակարգերը (տվյալների բազաները).
14) վերահսկողություն է իրականացնում բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների նկատմամբ, մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում պլանավորում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումները.
15) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքում, կենդանական ծագման հումքում, կերերում, կերային հավելումներում, կերային խառնուրդներում, բուսական արտադրանքում անասնաբուժական դեղամիջոցների, աղտոտիչների, պեստիցիդների հայտնաբերման և դրանց մնացորդային քանակությունների նկատմամբ.
16) տրամադրում է կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ խորհրդատվություն, իր լիազորությունների սահմաններում մասնակցում է անասնապահական շինությունների շինարարության թույլտվության տրամադրման գործընթացին, վերահսկողություն է իրականացնում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ.
17) վերահսկողություն է իրականացնում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների և այլ պարագաների ու նյութերի ձեռքբերման, ներմուծման, պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման վաճառքի (գործընթացների) նկատմամբ.
18) վերահսկողություն է իրականացնում անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի համալիր անասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման, տոհմային գործի, տոհմանյութի արտադրության, կենդանիների սպանդի նկատմամբ, այդ գործընթացում համագործակցում է պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ.
19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում կամ արգելում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, կենդանական ծագման մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծումը, արտահանումը, արտադրությունը, պահպանումը, վերամշակումը, իրացումը, վաճառքը, կենդանիների սպանդ իրականացնող անձանց գործունեությունը, տեխնոլոգիական սարքավորումների օգտագործումը, շահագործումը և տեխնոլոգիական գործընթացները, այդ թվում` սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանված պահանջների խախտումների դեպքերում, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի և համապատասխանության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով սահմանում է պարտադիր կատարման հանձնարարականներ, առաջադրանքներ, արձակում է արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրեր, օրենքով սահմանված կարգով նշանակում է վարչական տույժեր և տուգանքներ.
20) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում տեղեկացնում է պետական սանիտարահիգիենիկ վերահսկողություն իրականացնող մարմնին, կազմակերպում և իրականացում է համատեղ միջոցառումներ.
21) կազմակերպում և իրականացում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.
22) վերահսկողություն է իրականացնում կենդանիների, սննդամթերքի կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ներքին փոխադրումների, արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, իրացման գործընթացների նկատմամբ.
23) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) նկատմամբ.
24) աջակցում է սննդամթերքի արտադրության բնագավառում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրմանն, վերահսկողություն է իրականացնում ներդրված համակարգի նկատմամբ.
25) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի, ինչպես նաև կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների նկատմամբ.
26) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի, համապատասխանության գնահատման բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստանում է համապատասխան տեղեկատվություն, հաշվետվություններ, սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է վերլուծություն, ստուգում արձանագրված տվյալների հավաստիությունը.
27) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական ուղեկցող, լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթղթեր տալու, հաշվառելու և օգտագործելու գործընթացների նկատմամբ.
28) վերահսկողություն է իրականացնում սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման, իրացման (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.
29) չափագիտական վերահսկողություն է իրականացնում փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ.
30) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կերերի, լրացակերերի, կերային հավելումների, կերային խառնուրդների ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում մակնշմանը, համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ.
31) վերահսկողություն է իրականացնում բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որակին, անվտանգությանը, համապատասխանությանը ներկայացվող պահանջների նկատմամբ` ներմուծման, արտահանման, արտադրության, պահպանման, փոխադրման, վերամշակման և իրացման գործընթացներում.
32) ընդունում է սննդի արտադրության և գյուղատնտեսության օբյեկտների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումներ` մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը.
33) մարդու առողջության վրա սննդային հավելումների վնասակար ազդեցության վտանգի դեպքում ժամանակավորապես արգելում է սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումների կիրառումը, գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ստանալը.
34) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների որակի և անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերի, կերային խառնուրդի, կերային հավելման, կենդանիների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ.
35) վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքների կառուցման, կահավորման, վերանորոգման` նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանության նկատմամբ.
36) ընդունում է սննդի արտադրության և գյուղատնտեսության մեջ հումքի նոր տեսակների կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին որոշում, այն դեպքում երբ դրանք փորձաքննության արդյունքով մարդկանց կյանքի և առողջության համար ճանաչվել են վտանգավոր.
37) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է ստուգումներ, ամփոփում և վերլուծում է ստուգումների ընթացքում արձանագրված արդյունքները.
38) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարում է վարչական վարույթները, ընդունում համապատասխան որոշումներ և օրենքով նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ.
39) իրականացնում է վերահսկողություն նախատեսված ստուգումների ժամանակ հսկող տեսուչների իրականացված աշխատանքների նկատմամբ.
40) իր իրավասության սահմաններում ընդունում է օրենքով սահմանված կարգով գերատեսչական իրավական ակտեր.
41) համագործակցում է սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ և ապահովում տեղեկատվության փոխանակումը.
42) իրականացնում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանիների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական ծագման արտադրանքի, կարգավորվող առարկաների, արտադրության, պահպանման, վերամշակման, իրացման (վաճառքի), անասնաբուժական դեղամիջոցների և բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման (վաճառքի) գործընթացների մշտադիտարկում, ուսումնասիրություն և իրավիճակի վերլուծություն.
43) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Ծառայությունը կառավարում է ծառայության պետը (այսուհետ` պետ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:
12. Պետն ունի տեղակալ(ներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` պետի ներկայացմամբ:
13. Պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
14. Պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթներն ու պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
15. Պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և նախարարին:
16. Պետը`
1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) հաստատում է ծառայության հաստիքացուցակը.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է պետի տեղակալ(ներ)ի, ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ծառայության աշխատակազմի ղեկավարի, ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հրամանները, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների որոշումները, կարգադրությունները և կարգադրագրերը.
10) լսում և քննում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվելիք ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների ու տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
11) իրականացնում է վերահսկողություն ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
12) նախարարի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) նախարարի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.
14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) վերադասության կարգով քննում և լուծում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բերված (տրված) գանգատները և բողոքները.
18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
17. Պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը (տեղակալներից մեկը):
18. Պետի տեղակալը`
1) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության գործունեությունը` ծառայության իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` ծառայության աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ծառայության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.
4) պետի հանձնարարությամբ իրականացնում է պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում ծառայության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում պետին.
10) պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
11) պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
19. Պետը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
20. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը ծառայությանը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է:
21. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
22. Ծառայության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
23. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
24. Ծառայության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
25. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։
26. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
27. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
28. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
29. Ծառայության աշխատակազմի անվանումն է «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
30. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Թումանյանի 111/4:
(30-րդ կետը փոփ. 05.08.2014 N 505-Ն)
VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
31. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ծառայության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և ծառայության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու ծառայության աշխատակազմի գույքը:
33. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները:
35. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է պետը:
36. Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
VIII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, նախարարը և պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` պետի ներկայացմամբ:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է ծառայության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, ծառայության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի, պետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը` պետի հրամանով:
43. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
6) պետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
7) պետին է ներկայացնում առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
8) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
10) կազմակերպում է ծառայությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) պետի ստորագրմանն է ներկայացնում պետի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է ծառայության գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ֆինանսահաշվապահական ծառայությունները, գործում է ծառայության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
45. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
46. Ծառայության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
48. Ծառայության աուդիտորի պարտականությունները կարող են իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի աուդիտորի կողմից:
X. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
49. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված N 1-ը խմբ., փոփ. 05.08.2014 N 505-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 958-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1) Ֆինանսատնտեսական բաժին
2) Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Անասնաբուժության տեսչություն
2) Բուսասանիտարիայի տեսչություն
3) Սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչություն
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 958-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2004 թվականի մարտի 16-ի N 63 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
1) Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն
2) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն
2. Բաժիններ
1) Բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժին
2) Գյուղատնտեսության ծրագրավորման և ագրովերամշակման բաժին
3) Տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժին
4) Իրավաբանական բաժին
5) Ընդհանուր բաժին
6) Տնտեսական վերլուծության բաժին
II . Առանձնացված ստորաբաժանումներ
1. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |