Համարը 
N 790-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.13/23(157)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 111 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» նոյեմբերի 2010թ.

N 790-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 111 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավարներին` երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հետ:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 111 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«29» նոյեմբերի 2010թ.

թիվ 790-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

2. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ստեղծվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում` (այսուհետ` կազմակերպություններ) իրենց իրավասությունների սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով: Պետական կառավարման մարմիններում քաղաքացիական պաշտպանության ծառայությունների գործառույթներն իրականացնում են համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կամ այդ ստորաբաժանումների աշխատողներից կազմված ծառայությունները:

3. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ստեղծվում են քաղաքացիական պաշտպանութան հետևյալ ծառայությունները`

1) կապի և ազդարարման.

2) ինժեներական.

3) կոմունալ-տեխնիկական

4) բժշկական.

5) տրանսպորտային.

6) առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման.

7) էներգետիկայի և լուսաքողարկման

8) բույսերի և կենդանիների պաշտպանության.

9) հասարակական կարգի պահպանության.

10)բնակչության հատուկ սպասարկումների:

4. Պետական կառավարման հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում ստեղծվող` նշված ծառայությունների տեսակները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից` ելնելով դրանց խնդիրներից և գործունեության առանձնահատկություններից:

5. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են`

1) հանրապետականի.

2) շրջանայինի (Ստեփանակերտ քաղաքի).

3) համայնքայինի.

4) օբյեկտային:

6. Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունները ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ, տվյալ բնագավառի լիազորված պետական կառավարման համապատասխան մարմնի բազայի վրա, ծառայության պետը հանդիսանում է տվյալ բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը:

7. Քաղաքացիական պաշտպանության շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ծառայությունները ստեղծվում են շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) որոշմամբ տվյալ բնագավառի լիազորված պետական կառավարման համպատասխան տարածքային մարմնի բազայի վրա, իսկ դրա բացակայության դեպքում համապատասխան գործառույթներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող մարմինների բազայի վրա: Ծառայության պետը հանդիսանում է տվյալ բնագավառի պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարը:

8. Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունները ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ղեկավարի որոշումով:

9. Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայությունները ստեղծվում են օբյեկտներում` տվյալ օբյեկտի ղեկավարի հրամանով:

10.Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները, ելնելով իրենց առանձնահատկություններից, կարող են ստեղծել քաղաքացիական պաշտպանության այլ ծառայություններ:

11. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններում, որպես ղեկավար մարմին, ստեղծվում են քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբներ:

Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայության շտաբը ստեղծվում է համապատասխան ծառայության պետի հրամանով կամ որոշմամբ:

Շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության ծառայության շտաբը ստեղծվում է համապատասխան ծառայության պետի ներկայացմամբ` շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) որոշումով:

Համայնքային քաղաքացիական պաշտպանության շտաբը ստեղծվում է համապատասխան համայնքի ղեկավարի որոշումով:

Օբյեկտային քաղաքացիական պաշտպանության ծառայության շտաբը ստեղծվում է համապատասխան օբյեկտի ղեկավարի հրամանով:

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբների կազմը որոշում են քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբներ ստեղծող պաշտոնատար անձինք:

12. Շրջանային (Ստեփանակերտ քաղաքի), համայնքային և օբյեկտային քաղաքացիական պաշտպանության ծառայություններում ստեղծվում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ:

Շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները ստեղծվում են համապատասխան ծառայության պետի ներկայացմամբ՝ շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) որոշման համաձայն:

Համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները ստեղծվում են համապատասխան ծառայության պետի ներկայացմամբ` համայնքի ղեկավարի որոշումով:

Օբյեկտային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները ստեղծվում են համապատասխան ծառայության պետի ներկայացմամբ` օբյեկտի ղեկավարի հրամանով:

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումների տեսակները որոշում են կազմավորում ստեղծող մարմինները` համաձայնեցնելով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման տարածքային մարմնի հետ:

13. Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն իրենց գործունեությունն իրականացնում են ծառայությունների կանոնադրությունների համաձայն: Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները հաստատում են ծառայություններ ստեղծող մարմինների ղեկավարները` նախապես համաձայնեցնելով` հանրապետական և շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի հետ, համայնքային և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարի հետ:

14. Հանրապետական, շրջանային (Ստեփանակերտ քաղաքի), համայնքային և օբյեկտային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ենթարկվում են քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին և համապատասխան ծառայության պետին:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

15. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր խնդիրներն են`

1) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը քաղաքացիական պաշտպանության համակարգի ռազմական դրության փոխադրման, բնակչության տարահանման և քաղաքացիական պաշտպնության ուժերի գործողությունների դեպքում.

2) քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումների ստեղծումը և նախապատրաստումը.

3) ենթակա կազմակերպությունների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ղեկավարման կազմակերպումը, նրանց ապահովումը անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով.

4) փոխգործողությունների կազմակերպումը կառավարման համապատասխան մարմինների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերի հետ.

5) ստեղծված իրադրության մասին իրական տեղեկատվության ստացման, վերլուծման, գնահատման կազմակերպումը, քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

16. Ըստ նշանակության քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են`

1) կապի և ազդարարման ծառայություն`

ա. քաղաքացիական պաշտպանության մարմիններին կապով ապահովումը` խաղաղ և ռազմական դրության ժամանակ,

բ. կառավարման մարմինների և բնակչության ազդարարման կազմակերպումը,

գ. կապի միջոցների սպասարկումը և նրանց շարքից դուրս գալու դեպքում արագ վերականգնումը.

2) ինժեներական ծառայություն`

ա. պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,

բ. արագ կառուցվող և պարզագույն թաքստոցների կառուցման պլանավորումը,

գ.պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման համար նախատեսված այլ տարածքների նախապատրաստման, վերանորոգման աշխատանքների պլանավորումը և դրանց շահագործման նկատմամբ հսկողության սահմանումը,

դ. ինժեներական հսկողության կազմակերպումը,

ե. բնակչության տարահանման հավաքակայանների, նստեցման և իջեցման, տեղակայման վայրերի կարգավորումը,

զ. փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովումը.

է) ճանապարհների անցանելիության ապահովումը.

3) կոմունալ-տեխնիկական ծառայություն`

ա. ջրամատակարարման կետերի սարքավորումը,

բ. փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կոմունալ-տեխնիկական ապահովումը,

գ. կոմունալ-տեխնիկական ցանցի սպասարկումը և նրա շարքից դուրս գալու դեպքում արագ վերականգնումը.

4) բժշկական ծառայություն` բժշկական, բուժական-տարահանման, սանիտարահամաճարակային և համաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը` ուղղված բնակչության կյանքի և առողջության ապահովմանը, ինչպես նաև խոցված և հիվանդ բնակչությանը ժամանակին բժշկական օգնության ցուցաբերումը.

5) տրանսպորտային ծառայություն`

ա. բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության այլ միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը և իրականացումը,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 19.09.2015 N 604-Ն)

6) առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման ծառայություն`

ա. տուժած բնակչությանը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների անձնակազմին սննդամթերքով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովումը,

բ. նյութական արժեքների պաշարների պահպանումը,

գ. փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական պաշտպանության ուժերի ապահովումը տեխնիկայով, վառելիքաքսուկային նյութերով, պարենով, պաշտպանության, կապի, հակաճառագայթային և հակաքիմիական պաշտպանության միջոցներով, բժշկական գույքով, փոխնորդ և հատուկ հագուստով, շինարարական նյութերով, նյութական և տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև ջրով.

7) էներգետիկայի և լուսաքողարկման ծառայություն`

ա. էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորումը և իրականացումը,

բ. էլեկտրամատակարարման և գազամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,

գ. փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ապահովումը էլեկտրաէներգիայով,

դ. լուսաքողարկման միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը և կատարման նկատմամբ հսկողության սահմանումը.

8) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայություն`

ա. գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուժական և բուսաբուծական արտադրանքի, մշակովի ցանքատարածքների պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,

բ. վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրս բերման աշխատանքների կազմակերպումը.

9) հասարարակական կարգի պահպանության ծառայություն`

ա. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և քաղաքացիական պաշտպանության ուժերի գործողությունների ընթացքում հասարարական կարգի պահպանության ապահովումը,

բ. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,

գ. պետական մարմինների, հատուկ, կարևորագույն օբյեկտների, ճանապարհային կառույցների, նյութական միջոցների, տարահանված բնակավայրերի, քաղաքացիների գույքի պահպանումը.

10) բնակչության հատուկ սպասարկումների ծառայություն`

ա. բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառում,

բ. դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպում և իրականացում:

(16-րդ կետը լրաց., փոփ. 19.09.2015 N 604-Ն)

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերը`

1) քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին ներկայացնում են առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, կառուցվածքի, քանակի, համալրման և հագեցման վերաբերյալ.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում սահմանում են հսկողություն քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նրանց համալրման, հագեցման գործընթացի նկատմամբ.

3) քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին ներկայացնում են առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության ծառայության գործունեության բարելավման վերաբերյալ.

4) իրականացնում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականության պլանային և արտապլանային ստուգումներ.

5) համապատասխան ծառայություններին ցույց են տալիս մեթոդական և գործնական օգնություն աշխատանքների պլանավորման, միջոցառումների իրականացման գործում.

6) տալիս են հանձնարարականներ համապատասխան ծառայություններին ու կազմավորումներին և իրականացնում հսկողություն դրանց կատարման նկատմամբ:

18. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերը պատասխանատվություն են կրում ծառայության և ծառայության կազմավորումների պատրաստականության համար:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

19. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների նախապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր տարի անցկացվող քաղաքացիական պաշտպանության ուսումնավարժություններում նրանց ընդգրկմամբ:

20. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարների և անձնակազմի ուսուցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծող մարմինների ղեկավարները:

22. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ