Համարը 
N 457-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.07.15/14(281)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.07.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2015թ.

N 457-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 3-ի N 416-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 3-ի N 417-Ն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ` իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ էկոնոմիկայի բնագավառի իրավահաջորդն է:

3. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

4. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

6. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններ, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

8. Նախարարության անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Министерство экономики Нагорно-Карабахской Республики,

անգլերեն լրիվ անվանումը` Ministry օf Economy of the Rebublic of Nagorno-Karabakh:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության խնդիրներն են `

1) իր իրավասության սահմաններում էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառների գործունեության պետական կառավարումը, կարգավորումը, ինչպես նաև էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառների պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառներում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

3) էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառներում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.

4) էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառներում միջպետական համագործակցությունը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառների շահերը ներկայացնելն ու դրանց պաշտպանությունը.

5) իր իրավասության սահմաններում էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառների նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառներում մոբիլիզացիոն ծրագրերի մշակումն ու արտակարգ իրավիճակներում գործող տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային հաղորդակցության և ցանկացած այլ ցանցերի և կապի այլ միջոցների գործունեության համակարգումը.

7) էկոնոմիկայի բնագավառ.

ա. գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը,

բ. մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը,

գ. տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.

դ. արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը,

ե. գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը,

զ. տեղեկատվական հասարակության ձևավորումը,

է. նախարարությունում «առավելագույն արժեք փողի դիմաց» սկզբունքի ձևավորումը և նախարարության կողմից բարձրորակ ծառայությունների ապահովումը.

8) էներգետիկայի բնագավառ.

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկ անկախությանը նպաստելը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսակումը և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը,

բ. տեղական էներգապաշարների որոնողահետախուզական աշխատանքների խթանումը,

գ. էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

դ. էներգետիկական շուկաների ընդլայնման ապահովումը,

ե. էներգետիկայի բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը, մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացման նպաստումը.

9) տրանսպորտի բնագավառ.

ա. տրանսպորտի համակարգում տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը,

բ. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը,

գ. տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության կազմակերպման ապահովումը,

դ. ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը,

ե. տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացման ապահովումը.

10) կապի բնագավառ.

ա. տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորման աջակցությունը,

բ. տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման աջակցությունը,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը նպաստելը,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության ապահովումը,

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացմանը խթանելը,

զ. ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և ծառայությունների տեսականու ավելացմանը խթանելը և ենթակառուցվածքների բնագավառում ներդրումների տնտեսապես արդյունավետ օգտագործմանը նպաստելը.

11) զբոսաշրջության բնագավառ.

ա. զբոսաշրջության զարգացմանը, այն տնտեսության գերակա ճյուղերից մեկը դառնալուն աջակցումը,

բ. զբոսաշրջային գործունեությանը աջակցումը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմանների ստեղծումը,

գ. զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանումը,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորման իրականացումը,

ե. զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար պայմանների ստեղծումը,

զ. զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովման իրականացումը,

է. զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորումներին աջակցումը,

ը. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը,

թ. զբոսաշրջային գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը,

ժ. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը,

ժա. հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը,

ժբ. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը,

ժգ. հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը.

12) քաղաքացիական ավիացիայի բնագավառ.

ա. թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների, միջազգային oդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և uահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնելը,

բ. քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և վերահuկողությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար և օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների նշանակումն ու դրանց գործունեության վերահuկումը` քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար,

գ. խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը,

դ. քաղաքացիական ավիացիայում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերի հաստատումն ու ներդրումը, ընթացակարգերի կանոնակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանափակումների ու արգելքների սահմանումը` ռազմական ավիացիային առնչվող մասով` դրանք համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ,

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանիության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերի վկայականների տալն ու վավերացումը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ,

զ. քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների ու ընկերությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով,

է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննություն), այլ պետությունում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը,

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը,

թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգումը,

ժ. «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից բխող շահագործողական չափանիշների և կանոնակարգերի մշակումը, հրապարակումն ու արդիականացումը,

ժա. քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը,

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը,

ժգ. քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը, հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը,

ժդ. առևտրային նպատակներով իրականացվող օդային փոխադրումների թույլտվություններ տալը, թռիչքային անվտանգության ապահովման նպատակով նման փոխադրումների նկատմամբ տեխնիկական, ֆինանսական և այլ պահանջների ու պայմանների սահմանումը, թռիչքների շահագործման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին,

ժե. տրված թույլտվության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) իրականացվող օդային հաղորդակցությունների, պայմանների սահմանումը, ինչպես նաև կիրառվող սակագների ու չվերթերի ծրագրերի հաստատումը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով,

ժզ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունը նշված խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր իրավասությունների սահմաններում էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառներին վերաբերող իրավական ակտերի մշակումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական ակտերի ընդունումը.

2) էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների պետական հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանում կամ իրավասու մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացումը.

3) իր իրավասությունների սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցությունը և ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը և վերահսկումը.

4) միջազգային կազմակերպությունների և օտարերկյա պետությունների կողմից ֆինանսավորող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ իր իրավասության սահմաններում համագործակցությունը.

5) իր իրավասությունների սահմաններում՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարումը.

6) իր իրավասության սահմաններում հանրապետության սոցիալ-տնտեսական ամենամյա ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

7) իր իրավասության սահմաններում տրանսպորտի և փոստային կապի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.

8) էկոնոմիկայի բնագավառ.

Տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`

ա. հետազոտում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,

բ. մշակում է պետության սոցիալ-տնտեսական զարգացման և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականությունը, իրականացնում դրանց դիտանցում,

գ. մշակում է միկրոտնտեսական քաղաքականությունը և իրականացնում դրա դիտանցում, առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,

դ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,

ե. իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,

զ. առաջարկություններ է ներկայացնում հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,

է. առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,

ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում,

թ. իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները,

ժ. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը,

ժա. կատարելագործում է նախարարության կառավարման ներքո գտնվող պետական գույքի օգտագործման մեխանիզմները, մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի կազմումը,

ժբ. իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում, այդ թվում` իրականացնելով վարչական ծախսերի գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները,

ժգ. վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր,

Տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`

ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը,

բ. առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում,

գ. մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,

դ. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և դիտանցում դրա իրականացումը,

ե. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը,

Գիտելիքի տնտեսության, նորամուծության և ձեռներեցության ոլորտում`

ա. մշակում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը,

բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը,

գ. մշակում է գիտելիքի տնտեսության և նորամուծական նպատակային ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը,

դ. մշակում է կազմակերպությունների և ձեռնարկատիրության պետական աջակցության քաղաքականությունը,

ե. մշակում և շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է «տնտեսություն-գիտություն», «գիտություն-համալսարաններ» կապերի ընդլայնման քաղաքականությունը,

զ. մշակում է գիտական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,

է. դիտանցում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,

ը. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը,

Արդյունավետ շուկաների ոլորտում`

ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,

բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,

գ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում է տվյալ ոլորտի քաղաքականությունը, և իրականացնում դիտանցում,

դ. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը,

ե. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները,

զ. ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ,

է. առաջարկություններ է ներկայացնում պետական գործառնություններում մասնավոր հատվածի դերի բարձրացման վերաբերյալ,

Գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական հասարակության ոլորտում`

ա. ձևավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ,

բ. մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,

գ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր,

դ. ուսումնասիրում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնում դրանց պարզեցման ուղղությամբ,

ե. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում է տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը,

զ. մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը,

է. տնտեսության զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատված ծրագրերի կատարման մոնիթորինգը,

ը. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, տնտեսության զարգացման մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը,

թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առանձին արտադրանքների և ծառայությունների սակագների հաստատումը կամ համաձայնեցումը.

9) էներգետիկայի բնագավառ.

ա. էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարական ծրագրերի մշակումն ու միջոցառումների կենսագործումը,

բ. էներգետիկայի բնագավառի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցությունը,

գ. տեղական էներգետիկական պաշարների (հատկապես` հիդրոէներգետիկական), էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման և կիրառման ապահովումը,

դ. անհրաժեշտության դեպքում` ակադեմիական, գիտատեխնիկական և բուհական համակարգերի կազմակերպությունների հետ համատեղ` էներգետիկայի բնագավառին առնչվող գիտատեխնիկական ծրագրերի մշակումը,

ե. գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումների իրականացումը,

զ. էներգետիկայի բնագավառում էներգետիկական շուկաների, այդ թվում` տարածաշրջանային, ընդլայնման միջոցառումների մշակումն ու իրականացումը,

է. էներգետիկայի բնագավառի և էներգախնայողության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեխնիկական կանոնակարգեր, ազգային ստանդարտներ և այլն) կազմակերպումը և սահմանված կարգով դրանց հաստատումը,

ը. էներգետիկայի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների մշակման կազմակերպումը և սահմանված կարգով դրանց հաստատումը,

թ. էներգետիկայի բնագավառի գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի (այդ թվում` ֆինանսական ամբողջացման) մշակումը ու դրանց իրականացման կազմակերպումը,

ժ. օտարերկրյա պետությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցությունը,

ժա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ու միջազգային դոնոր կազմակերպություններին` էներգետիկայի բնագավառի զարգացմանն ու վերակառուցմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի նախագծերի մշակումը և ներկայացումը, հաստատված վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակների աշխատանքի համակարգումը,

ժբ. էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում էներգատեղակայանքների անվտանգ շահագործման նկատմամբ օրենքով սահմանված կարգով տեխնիկական վերահսկողության իրականացումը,

ժգ. սահմանված կարգով այլ պետությունների, օտարերկրյա անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացման միջոցառումների իրականացումը.

10) տրանսպորտի բնագավառ.

ա. ապահովում է տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության կազմակերպումը,

բ. օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների սակագների ձևավորումը,

գ. ապահովում է տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը,

դ. ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման, ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

ե. ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը,

զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահպանման, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը,

է. հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, ինչպես նաև ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառումը,

ը. իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

թ. մասնակցում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացմանը, շինարարությանը, նորոգման ու պահպանման ծրագրերի մշակման աշխատանքներին.

11) կապի բնագավառ.

ա. էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների մշակումը և իրականացումը,

գ. արտակարգ իրավիճակ հայտարարելու, ռազմական դրության կամ մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում պատասխանատվության ստանձնում՝ էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների, կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովումը, համակարգումն ու կառավարումը,

դ. ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանումը և տեխնիկական վերահսկումը,

ե. ռադիոհաճախականության տիրույթի բաշխումը, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականության տիրույթի որոշակի հատվածների առանձնացումը,

զ. փոստային կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը,

է. հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

ը. փոստային օբյեկտների դասիչների սահմանումը,

թ. նամակագրական թղթակցության՝ փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանումը,

ժ. էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը,

ժա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ճառագայթվող ռադիոհեռարձակման աղբյուրների հայտնաբերումը և տեղորոշումը,

ժբ. հեռահաղորդակցության կանոնների, հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի կառույցների, ինչպես նաև ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության և պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանումը և տեխնիկական վերահսկումը,

ժգ. հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցերին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանումը,

ժդ. հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխման իրականացումը, ռադիոէլեկտրոնային միջոցների սարքավորումների ներմուծման, իրացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը,

ժե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի, թեմայի, տպաքանակի, գործողության ժամկետի սահմանումը, դրանց հրապարակման և տարածման կազմակերպումը, փոստային ծրարների և բացիկների նմուշների հաստատումը.

12) զբոսաշրջության բնագավառ

ա. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ,

բ. համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը,

գ. իրականացնում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպումը,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջային ներուժի գովազդը ավելի հասանելի դարձնելու նպատակով` տպագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին նյութեր և անվճար տարածում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում, տոնավաճառներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկներին,

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ, իրականացնում է դրանց կառավարումը,

զ. իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը,

է. որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին,

ը. արձակում է կարգադրագրեր` զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով,

թ. տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ,

ժ. աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը,

ժա. տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում իրենց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ,

ժբ. աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը,

ժգ. այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը,

ժդ. ապահովում է միջազգային և օտարերկրյա զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը, ցուցահանդեսների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը,

ժե. ապահովում է զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծումը, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների, այդ թվում` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը,

ժզ. մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում դրանց իրականացումը և վերահսկում իրականացման գործընթացը,

ժէ. իրականացնում է պատմամշակութային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը,

ժը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը և իրականացնում այդ աշխատանքները,

ժթ. պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ,

ի. արձակում է կարգադրագրեր` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը,

իա. իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները,

իբ. գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները,

իգ. միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը,

իդ. ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում գրացուցակներ (կատալոգներ), ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը,

իե. վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը),

իզ. կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը և դրա պահպանման վերաբերյալ վերահսկողություն իրականացնում,

իէ. մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը,

իը. առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ,

իթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում հուշարձանների անվթարության և միջավայրի պահպանության ապահովումը,

լ. թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը,

լա. արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին,

լբ. նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը,

լգ. իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է հսկողություն և ընդհանուր կառավարում,

լդ. ընդունում է իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը,

լե. սահմանում է իր ենթակայության կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծառայությունների ցանկերը և սակագները.

13) քաղաքացիական ավիացիայի բնագավառ.

ա. քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը ներկայացնելը,

բ. քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը,

գ. օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը` դրանց պիտանիությունը որոշելու համար,

դ. օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող ընկերությունների ու կազմակերպությունների սերտիֆիկացումը, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորումը,

ե. օդանավերի թռիչքային պիտանիության և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացումը,

զ. թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը` օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չի կարող տրվել,

է. օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացումը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը,

ը. օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցությունը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը,

թ. օդանավ շահագործողի սերտիֆիկատ հատկացնելու համար նախատեսված պահանջների սահմանումը և կանոնակարգումը,

ժ. օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացումը,

ժա. օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օդային փոխադրումների թույլտվությունների հատկացումը, կիրառվող սակագների և չվերթերի ծրագրերի հաստատումը,

ժբ. դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգի սահմանումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը,

ժգ. օդանավակայանների և օդանավ շահագործող ընկերությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատումը,

ժդ. քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման կարգի հաստատումը,

ժե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված կարգով դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օդային փոխադրումների կարգավորումը և այդ նպատակով օրենքներով կամ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորության սահմաններում համապատասխան իրավական ակտերի հաստատումը և ներդրումը,

ժզ. ավիացիոն մասնագետներին (օդանավերի հրամանատարների և օդաչուական, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, բորտուղեկցորդների և բորտօպերատորների կազմին) վկայականների հատկացումը, դրանց գործողության ժամկետների երկարաձգումը, կասեցումը և դադարեցումը, ինչպես նաև իրավունքների ու պարտականությունների սահմանումը` ըստ շնորհված որակավորման կարգի,

ժէ. ավիացիոն մասնագետների (օդանավերի հրամանատարների և օդաչուական, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, բորտուղեկցորդների ու բորտօպերատորների կազմի) պատրաստման և որակավորման կարգերի շնորհման նորմատիվների սահմանումն ու համապատասխան կարգերի շնորհումը,

ժը. քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև նրանց չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը համակարգի ընկերություններում և կազմակերպություններում,

ժթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիաներ տալու գործընթացի կազմակերպումը և լիցենզիաների հատկացումը,

ի. օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը,

իա. օդային փոխադրումների շուկայի ուսումնասիրումը` դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով,

իբ. օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում օդանավերին, օդանավակայաններին, օդային հաղորդակցությունների երթուղիներ (ուղիներ) շահագործող ընկերություններին, թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված սերտիֆիկատների և (կամ) լիցենզիաների և (կամ) վկայականների և (կամ) թույլտվությունների գործողության դադարեցումը,

իգ. աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի և ավիացիոն պատահարից հետո ողջ մնացածների որոնման և փրկարարական աշխատանքների վերաբերյալ կանոնակարգերի մշակումը,

իդ. բոլոր քաղաքացիական ավիացիոն պատահարների և միջադեպերի հաշվառումը,

իե. օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք շենքերի ու կառույցների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն իրականացնելու նպատակով դրանց շինարարական նախագծերի ուսումնասիրումը և համաձայնություն տալը,

իզ. հսկողություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների թռիչքներին նախարարության համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցության ապահովումը,

իէ. օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով թույլատրումը (արգելումը) քաղաքացիական օդանավերի մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում,

իը. թռիչքաբժշկական փորձագիտական, ինչպես նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովների կանոնակարգերի և կազմի հաստատումը, վերջիններիս կողմից ընդունված որոշումների նկատմամբ բողոքարկումների քննարկման կազմակերպումը,

իթ. միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների իրականացման համար քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող ընկերություններից ու կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների ստացումը,

լ. քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանումը,

լա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում չվերթերի իրականացման կանոնավորության վերահսկումը,

լբ. ստուգումներ (վերահսկողություններ) իրականացնելիս գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, կասեցնում կամ դադարեցնում է տվյալ գործողության հետագա իրականացումը, տալիս խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ և պահանջում դրանց կատարումը,

լգ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված նպատակների և խնդիրների կատարման համար այլ գործառույթների իրականացում:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ։ Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ։ Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար։

13. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին։

14. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

4) արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

15. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը։

16. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ։

17. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը։

18. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ստեղծվել նախարարության խորհուրդ, որի կազմն ու գործունեության կարգը հաստատում է նախարարը:

19. Նախարարության խորհուրդը`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

4) նախարարության իրավասությունների շրջանակներում քննարկում է այլ հարցեր և ընդունում խորհրդատվական բնույթի որոշումներ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

20. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող տեսչությունների և գործակալությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է։

21. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։

22. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։

23. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

24. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

25. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

26. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով։

27. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով։ Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

28. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

29. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

30. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20/1 փողոց։

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի գույքը, օրենքով սահմանված կարգով, ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն։

32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը։

33. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը։

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (բաժիններ և վարչություններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ և տեսչություններ)։

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը։

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ։

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է։

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում։ Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։

42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար։ Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու, պարտականությունները չկատարելու համար։

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները։

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ նախարարի հրամանով։

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

10) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

11) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

12) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

13) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները։

49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար։

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

50. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր։

51. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 

X. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

52. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

1) Տնտեսական զարգացման քաղաքականության վարչություն

2) Զբոսաշրջության վարչություն

3) Տրանսպորտի գործունեության կարգավորման վարչություն

 

2. Բաժիններ

1) Կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բաժին

2) Էներգետիկայի բաժին

3) Քաղաքացիական ավիացիայի բաժին

4) Իրավաբանական և լիցենզավորման բաժին

5) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին

6) Ընդհանուր բաժին

7) Տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային բաժին:

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչություն

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն

4) Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն:

(II բաժինը խմբ. 25.09.2015 N 620-Ն)

(Հավելված N 2-ը խմբ. 25.09.2015 N 620-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ