Համարը 
ՀՕ-3
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.03.12/12(84)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
13.02.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

փետրվարի13-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (13 հունվարի 1999 թվականի, ՀՕ-38, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածում`

1. «ա»-«ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.

բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար.

գ) համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.

դ) համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար.

ե) համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.».

2. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» ենթակետով`

«ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի «ա» ենթակետի «շինարարության ավարտը» բառերը փոխարինել «ավարտված շինարարության շահագործումը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչև 15 000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 30 000 դրամ,

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 50 000 դրամ,

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 70 000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 3000 դրամ.

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 5000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է մինչև 3000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչև 5000 դրամ:

4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 12 500 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 17 500 դրամ:»:

5. Համայնքի տարածքում`

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 350 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150 000–200 000 դրամ:»:

2. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 500 000-1 000 000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ:»:

3. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է`

ա) ալկոհոլային՝ սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս, արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային՝ սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս, արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-3500 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ.

դ) դատարկ գովազդային վահանակների համար` 700 դրամ:»:

4. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, Ստեփանակերտ քաղաքում` 2.0 անգամ ավելի:

Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը գյուղական համայնքներում հաշվարկվում են 0.4, Ստեփանակերտ քաղաքում` 1.5, իսկ քաղաքային այլ համայնքներում` 1.0 գործակիցների կիրառմամբ:»:

 

Հոդված 4. Օրենքը 20-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ հոդվածով`

 

«Հոդված 201.

Համայնքի անդամներին տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը

 

1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը:

2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:

3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

6 մարտի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ -3