ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հասկացությունը, տեղական տուրք և վճար վճարողներին, տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց գանձման կարգն ու պայմանները, կարգավորում է տեղական տուրքերի և վճարների հետ կապված այլ հարաբերություններ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) նրանց հիմնադրած ձեռնարկությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան գանձվող վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
|
Հոդված 2. |
Տեղական տուրքի հասկացությունը |
Տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Սույն օրենքով սահմանված առանձին դեպքերում տեղական տուրքը կարող է գանձվել պարբերաբար:
|
Հոդված 3. |
Տեղական վճարի հասկացությունը |
Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 4. |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարող են համարվում սույն օրենքի 7 հոդվածում նշված լիազորությունների իրականացման դիմաց և 8 հոդվածում նշված գործողությունների համար վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
|
Հոդված 5. |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների իրավունքները |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն՝
ա) պահանջել տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմնից՝ կատարել տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.
բ) գանգատարկել տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
գ) ստանալ տեղական տուրքը և (կամ) վճարը վճարելու մասին տեղեկանք.
դ) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը:
|
Հոդված 6. |
Տեղական տուրք (կամ) վճար վճարողների պարտականությունը |
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են տեղական տուրքի և (կամ) վճարի գանձմամբ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
|
Հոդված 7. |
Տեղական տուրքերի տեսակները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետևյալ տեսակները.
ա) համայնքի տարածքում շինարարության, շենքերը, շինությունները և քաղաքաշինական այլ (ներառյալ՝ ժամանակավոր) օբյեկտները ամրացնելու, վերականգնելու, արդիականացնելու (բացառությամբ ներքին ընթացիկ նորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվության համար.
բ) համայնքի տարածքում շենքեր, շինություններ և քաղաքաշինական այլ օբյեկտներ քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար.
գ) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին համապատասխան ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.
դ) համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվության համար.
ե) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին համապատասխան խաղատներին, բաղնիքներին (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
զ) համաքաղաքային կանոններին համապատասխան Ստեփանակերտ քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.
է) համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար.
ը) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար.
թ) համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար:
|
Հոդված 8. |
Տեղական վճարների տեսակները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները.
ա) համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար:
Գ Լ ՈՒ Խ 4
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հոդված 9. |
Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը |
1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր:
3. Ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
|
Հոդված 10. |
Տեղական տուրքերի դրույքաչափերը |
1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ՝ ժամանակավոր) շինարարություն (շինարարական-մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) հիմնական օբյեկտների համար՝ 0-50 000 դրամ.
բ) մինչև 6 քառ. մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 0-20 000 դրամ.
գ) 6 քառ. մետր և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 0-30 000 դրամ:
2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0-12 000 դրամ:
3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 0-5 000 դրամ:
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի՝ ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 0-50 000 դրամ.
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 0-70 000 դրամ:
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար՝ 200 000-300 000 դրամ.
բ) գյուղատնտեսական մթերքների համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 0-250 դրամ.
գ) այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար՝ ընթացիկ տարվա համար՝ 0-100 000 դրամ:
6. Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա) խաղատների համար՝ 700 000-1 000 000 դրամ.
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար՝ 400 000-500 000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 400 000-500 000 դրամ.
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 50 000-100 000 դրամ:
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Ստեփանակերտ քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ 0-5 000 դրամ:
8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 250 000-500 000 դրամ.
բ) այլ արտաքին գովազդի համար՝ 5 000-50 000 դրամ:
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-5 000 դրամ:
10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:
11. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքում և շրջկենտրոնում կարող են լինել մինչև մեկուկես - երկու անգամ ավելի:
|
Հոդված 11. |
Տեղական վճարների դրույքաչափերի սահմանումը |
1. Տեղական վճարի դրույքաչափը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է համայնքի ավագանին՝ տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի չափով:
2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական վճարների միասնական դրույքաչափեր:
3. Ընթացիկ տարվա համար տեղական վճարների դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 12. |
Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը |
Տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում և տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը՝ ելնելով սույն օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:
|
Հոդված 13. |
Արտոնությունները |
Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի արտոնություններ, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, կարող է սահմանել համայնքի ավագանին՝ տեղական տուրք կամ վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տեղական տուրքը կամ տեղական վճարը:
|
Հոդված 14. |
Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը |
1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողի դիմումի հիման վրա՝ դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում:
2. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա են վերադարձման՝ մասնակի կամ լրիվ, եթե՝
ա) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել են ավելի, քան սահմանել է համայնքի ավագանին.
բ) տեղական տուրք կամ վճար գանձող մարմինները մերժել են համապատասխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 15. |
Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 16. |
Տեղական տուրքը կամ վճարը հաշվարկելու և գանձելու պատասխանատվությունը |
Տեղական տուրքը կամ վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղական տուրք կամ վճար գանձող համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա:
|
Հոդված 17. |
Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգը պահպանելու նկատմամբ հսկողությունը |
Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:
|
Հոդված 18. |
Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը |
1. Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:
2. Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են ընդունվում գանգատը ստացվելու օրվանից ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 19. |
Տեղական տուրքերը և վճարները վճարելու արժույթը |
Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով:
|
Հոդված 20. |
Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ որոշումների գանգատարկումը |
Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները կարող են գանգատարկվել դատարան:
|
Հոդված 21. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
13 հունվարի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-38 |
|