Համարը 
N 124-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2008.10.20/02(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
22.09.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.09.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.09.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖԻ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՍԿ N 3.1.1.002-08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «01» հոկտեմբերի 2008թ.

Պետական գրանցման համարը 956 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«22» սեպտեմբերի 2008թ.

N 124-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖԻ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՍԿ N 3.1.1.002-08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 7-րդ կետի «գ» ենթակետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 558 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «թ» ենթակետը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» ՍԿ N 3.1.1.002-08 սանիտարահամաճարակային կանոնները (կցվում է):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ.Հարությունյանին` սահմանել հսկողություն «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» ՍԿ N 3.1.1.002-08 սանիտարահամաճարակային կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Հ.Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա.Գրիգորյանին:

 

 

Նախարար

Ա.Խաչատրյան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ԼՂՀ առողջապահության նախարարի

«22» սեպտեմբերի 2008թ. N 124-Ն հրամանով

 

ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖԻ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԿ N 3.1.1.002-08

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որովայնային տիֆը և պարատիֆերն աղիքային վարակիչ հիվանդություններ են, որոնք տարածված են բոլոր երկրներում և առողջապահության համար լուրջ խնդիր են ներկայացնում:

2. Որովայնային տիֆի և պարատիֆ Ա-ի վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդը կամ մանրէակիրն են: Որոշ չափով սա վերաբերում է նաև պարատիֆ Բ-ին, թեև ի տարբերություն առաջին երկու նոզոլոգիական միավորների, պարատիֆ Բ-ի վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաև որոշ կենդանիներ և թռչուններ (մատղաշ եղջերավոր անասուններ, ճուտիկներ):

3. Որովայնային տիֆով և պարատիֆերով վարակումը տեղի է ունենում կղանքա-բերանային ճանապարհով, երբ հարուցիչը ներթափանցում է ստամոքսաղիքային համակարգ: Հարուցիչների տարածումը կարող է իրականացվել արտաքին միջավայրի ամենատարբեր առարկաների միջոցով, սակայն առաջատարը փոխանցման ջրային գործոնն է՝ իր արտահայտման ողջ բազմաձևությամբ: Այս գործոնի ազդեցությունը կարող է հանգեցնել տեղային օջախների և խոշոր բռնկումների առաջացման կամ պայմանավորել երկարատև անբարենպաստ իրավիճակ առանձին տարածաշրջաններում:

4. Որովայնային տիֆի և պարատիֆերի հիվանդացության նվազեցմանն ուղղված միջոցառումների պլանավորումը և իրականացումն, առաջին հերթին, պետք է հիմնվի այս վարակիչ հիվանդություններով հիվանդացության մանրամասն համաճարակաբանական վերլուծության տվյալների վրա, հաշվի առնելով նաև կոնկրետ տարածքի և հատուկ նշանակության կազմակերպությունների սանիտարահիգիենիկ բնութագիրը:

Համալիր միջոցառումների պլանավորման ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրության արժանացնել հատկապես հիվանդացության առումով առավել անբարենպաստ տարածքները:

5. Հիվանդացության նվազեցմանն ուղղված պայքարում որոշակի տեղ է հատկացվում վարակի աղբյուրի նկատմամբ իրականացվող միջոցառումներին (հիվանդներ և մանրէակիրներ):

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

6. Որովայնային տիֆով և պարատիֆերով հայտնաբերված հիվանդների հոսպիտալացումը կատարվում է կլինիկական և համաճարակային (հիվանդների մեկուսացման, հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահպանման պայմանների բացակայություն) ցուցումներով:

7. Հիվանդների ընդունումը, սանիտարական մշակումը, տեղափոխումը համապատասխան բաժանմունք, անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, հիվանդի խնամքը, ինչպես նաև սննդի պատրաստումը, տեղափոխումը և ընդունումը, ինֆեկցիոն հիվանդանոցում (բաժանմունքում) ախտահանման և վարակազերծման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը, լվացքատներին, ստացիոնարին կից ախտահանման բաժիններին ներկայացվող պահանջները, հարազատների հետ հիվանդների շփման կարգը և դուրս գրումը ստացիոնարից իրականացվում են «Ինֆեկցիոն հիվանդանոցների սանիտարահակահամաճարակային ռեժիմի և անձնակազմի աշխատանքի պաշտպանության մասին» սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին համապատասխան:

8. Հաշվի առնելով այս հիվանդությունների կլինիկական ախտորոշման դժվարությունը, ինչպես նաև` հիվանդության ոչ հաճախ հանդիպող թեթև, ոչ բնորոշ ընթացքը, անհայտ ծագման 3 օրից ավելի ջերմող բոլոր հիվանդները ամբուլատոր պոլիկլինիկական պայմաններում ենթակա են հեմոկուլտուրայի մեթոդով հետազոտության (արյան մանրէաբանական հետազոտություն): Բարձր հիվանդացությամբ բնակավայրերում նման հիվանդները ենթակա են պրովիզոր հոսպիտալացման:

9. Վարակի աղբյուրի հայտնաբերման նպատակով մանրէաբանորեն և շճաբանորեն (հետադարձ ախտորոշման և մանրէակիրների հայտնաբերման համար) հետազոտվում են օջախում հիվանդի հետ շփված բոլոր անձինք: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդարձակել հետազոտվող անձանց շրջանակը:

10. Բարձր հիվանդացությամբ բնակավայրերում կասկածելի հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով, ցանկալի է իրականացնել բակային համայցեր ոչ միայն բռնկման, այլ նաև հիվանդության սեզոնային բարձրացման ժամանակ:

11. Օջախի համաճարակաբանական հետազոտությունը, որպես կանոն, իրականացվում է բժիշկ-համաճարակաբանի կողմից, առանձին դեպքերում հետազոտությունը թույլատրվում է իրականացնել համաճարակաբանի օգնականին: Հիվանդի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ որովայնային տիֆի դեպքում 3 շաբաթ, իսկ պարատիֆերի դեպքում՝ 2 շաբաթ տևողությամբ` հիվանդության կրկնակի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով:

12. Հիվանդության առաջացման պատճառների բացահայտումն իրականացվում է լաբորատոր մեթոդների կիրառմամբ:

13. Վարակի տարածման զանգվածային գործոնով պայմանավորված լարված համաճարակաբանական անբարենպաստ պայմաններում, մանրէակրության հայտնաբերման նպատակով օջախում հիվանդի հետ շփված անձինք չեն հետազոտվում: Իրականացվում է հսկողություն և հետազոտություն հիվանդության նոր դեպքերի ախտորոշման նպատակով:

14. Խմբային հիվանդացության և բռնկումների ժամանակ մանրէակրության նկատմամբ առաջին հերթին հետազոտվում են այն անձինք, ովքեր զանգվածային վարակման առումով որպես վարակի աղբյուր առավել կասկածելի են (ջրամատակարարման ցանցի, հասարակական սննդի, առևտրի բնագավառի աշխատակիցներ, հասարակության սպասարկման տարբեր տեսակներով զբաղվող անձինք):

15. Հիվանդի մեկուսացումն ավարտվում է կլինիկական առողջացումից և կղանքի ու մեզի եռակի մանրէաբանական հետազոտությունից հետո: Առաջին հետազոտությունը կատարվում է նորմալ ջերմաստիճանի հաստատումից 5 օր անց, մյուսները՝ հաջորդաբար 5-օրյա ընդմիջումներով:

16. Հակամանրէային բուժում ստացած առողջացածները ստացիոնարից դուրս են գրվում ոչ շուտ, քան նորմալ ջերմաստիճանի հաստատման 21-րդ օրը, իսկ ովքեր չեն ստացել հակամանրէային բուժում, կարող են դուրս գրվել ոչ շուտ, քան նորմալ ջերմաստիճանի հաստատման 14-րդ օրը:

Հիվանդի մոտ հսկողական հետազոտությունների ժամանակ որովայնային տիֆի կամ պարատիֆերի հարուցիչների հայտնաբերումը ստացիոնարից դուրս գրվելու համար հակացուցում չի հանդիսանում:

17. Որովայնային տիֆով կամ պարատիֆերով բոլոր հիվանդներն, անկախ մասնագիտությունից և զբաղմունքից, հիվանդանոցից դուրս գրումից հետո ենթակա են դիսպանսեր հսկողության 2 ամիս տևողությամբ՝ առաջին ամսվա ընթացքում` շաբաթը 1 անգամ և հետագայում` ոչ հազվադեպ, քան 2 շաբաթը 1 անգամ ջերմաչափումով: Հիվանդի ջերմության բարձրացման կամ ընդհանուր վիճակի վատթարացման դեպքում, կատարվում է հետազոտություն (ներառյալ արյան, կղանքի և մեզի մանրէաբանական հետազոտություն), և հիվանդության կրկնության հաստատման դեպքում հիվանդը կրկին հոսպիտալացվում է:

18. Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատող որովայնային տիֆով կամ պարատիֆերով հիվանդացած ռեկոնվալեսցենտները ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1 ամիս տևողությամբ չեն թույլատրվում աշխատանքի իրենց մասնագիտությամբ, և նրանց նկատմամբ իրականացվում են միջոցառումներ որովայնային տիֆի և պարատիֆերի մանրէակիրների հայտնաբերման, հաշվառման և հսկողության նպատակով:

19. Որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած բոլոր անձինք (բացառությամբ սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատողները), հիվանդանոցից դուրս գրումից հետո ենթակա են դիսպանսեր հսկողության 3 ամիս տևողությամբ, որից հետո կատարվում է կղանքի, մեզի և լեղու մանրէաբանական հետազոտություն՝ խրոնիկական մանրէակրություն հայտնաբերելու նպատակով:

20. Որովայնային տիֆով և պարատիֆերով բոլոր հիվանդացածների մասին ողջ տեղեկատվությունը ենթակա է հաշվառման Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության՝ համաճարակաբանական վերլուծությունների ժամանակ օգտագործելու համար:

 

ԱԽՏԱՀԱՆՈՒՄ ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖՈՎ ԵՎ ՊԱՐԱՏԻՖՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

21. Եզրափակիչ և ընթացիկ ախտահանման կազմակերպումն ու իրականացումը բնակարանային օջախներում, դպրոցներում, բուժկանխարգելիչ հաստատություններում, մանկական և այլ կազմակերպություններում որովայնային տիֆով և պարատիֆով հիվանդների արձանագրման դեպքում.

1) Որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդների արձանագրման դեպքում կատարվում է ախտահանում:

2) Ընթացիկ ախտահանում կատարվում է` սկսած հիվանդի հայտնաբերման պահից մինչև նրա հոսպիտալացումը, առողջացածների (ռեկոնվալեսցենտներ) դեպքում՝ սկսած նրանց հիվանդանոցից դուրս գրման պահից, 3 ամսվա ընթացքում՝ նկատի ունենալով հիվանդության և խրոնիկ մանրէակրության կրկնումը: Ընթացիկ ախտահանում կատարում է հիվանդին, առողջացածին կամ մանրէակրին խնամող անձը:

3) Տնային օջախներում հիվանդի, մանրէակրի կամ առողջացածի օջախում ընթացիկ ախտահանում կազմակերպում է բուժկանխարգելիչ հաստատության բուժաշխատողը (բժիշկ, միջին բուժանձնակազմ):

22. Եզրափակիչ ախտահանումը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողը:

23. Եզրափակիչ ախտահանումը քաղաքներում կատարվում է բժշկի կամ բժիշկ- համաճարակաբանի, իսկ գյուղական բնակավայրերում` բժշկի, բուժակի կամ համաճարակաբանի ղեկավարությամբ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն իրականացնում է օջախում եզրափակիչ ախտահանման որակի ընտրովի հսկողություն:

24. Եզրափակիչ ախտահանումը քաղաքներում կատարվում է ոչ ուշ, քան 6 ժամ, իսկ գյուղական վայրերում՝ 12 ժամ հետո, հիվանդի հոսպիտալացման պահից հաշված:

25. Եզրափակիչ ախտահանման իրականացման կարգը և ծավալը սահմանում են բժիշկ- դեզինֆեկցիոնիստը կամ սույն կանոնների 23-րդ կետում նշված որևէ բուժաշխատող:

26. Ամբուլատոր-պոլիկլինիկական, բուժկանխարգելիչ ոչ վարակիչ հիվանդությունների հաստատություններում պացիենտների շրջանում որովայնային տիֆով (կամ կասկածելի) հիվանդ հայտնաբերելու դեպքում, եզրափակիչ ախտահանումը կատարվում է տվյալ հաստատությունների բուժանձնակազմի ուժերով:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

27. Մանրէակրությունը հետևանք է բակտերեմիայի, որն ուղեկցում է որովայնային տիֆով կամ պարատիֆերով հիվանդության յուրաքանչյուր դեպքի: Բակտերեմիայի ժամանակ մանրէները ներթափանցում են բոլոր օրգանները և հյուսվածքները: Առողջացման գործընթացքում օրգանիզմը աստիճանաբար ազատվում է հարուցիչներից: Սակայն երբեմն հարուցիչները կարող են պահպանվել լյարդում, լեղապարկում, փայծախում, երիկամներում, ներվային և ավշային հանգույցներում, ոսկրածուծում, աղիների հյուսվածքում և այլ օրգաններում կարճ կամ երկար ժամանակահատվածում կլինիկական առողջացումից հետո, երբեմն և ցմահ: Մանրէակիրները մշտապես կամ պարբերաբար արտազատում են հարուցիչներ արտաքին միջավայր՝ արտաթորանքների կամ մեզի միջոցով: Խրոնիկ մանրէակիրների առողջացման հուսալի մեթոդներ չեն մշակված: Հայտնաբերված մանրէակիրների նկատմամբ միջոցառումները գլխավորապես նպատակաուղղվում են նրանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրմանը այն կազմակերպություններում, արտադրություններում և այլն, որտեղ նրանք կարող են սպառնալ բնակչության առանձին խմբերի առողջությանը, ինչպես նաև նրանց բնակավայրում սանիտարալուսավորական և այլ կանխարգելիչ աշխատանքների կատարմանը:

 

28. Մանրէակիրները պայմանականորեն բաժանվում են հետևյալ խմբերի.

 

1) Սուր մանրէակիրներ՝ այս խմբին են դասվում այն անձինք, ովքեր հիվանդությունից հետո մինչև 3 ամիս տևողությամբ արտազատում են մանրէներ: Սուր մանրէակիրներ դառնում են հիվանդների մոտավորապես 20 %-ը և ավելին:

2) Խրոնիկական մանրէակիրներ՝ այս խմբին են դասվում այն անձինք, ովքեր հիվանդությունից հետո արտազատում են մանրէներ 3 ամսից ավելի տևողությամբ և հաճախ նույնիսկ մինչև կյանքի վերջը: Նրանք կազմում են հիվանդացածների ոչ պակաս, քան 3-5%-ը: Պարատիֆ Բ-ի դեպքում մանրէակրությունը ձևավորվում է առավել հաճախ, քան որովայնային տիֆի դեպքում:

3) Տարանցիկ մանրէակրություն՝ մանրէակրության այս տեսակը կարող է առաջանալ որովայնային տիֆի հանդեպ անընկալ (նախկինում հիվանդացած կամ պատվաստված անձինք) մարդու աղիներ մանրէների ներթափանցման կամ մանրէների փոքր քանակության դեպքում: Այս դեպքում մանրէները չեն թափանցում արյան մեջ և ներքին օրգաններ և արտազատվում են աղիներից մի քանի օրվա ընթացքում: Սովորաբար տարանցիկ մանրէակիրների մոտ մանրէակրությունը հաջողվում է հայտնաբերել միայն մեկ անգամ: Լեղու և մեզի մեջ մանրէների առկայությունը բացառում է մանրէակրության տարանցիկ բնույթը:

Ի տարբերություն խրոնիկական մանրէակիրների, տարանցիկ մանրէակիրների համաճարակաբանական դերը մեծ չէ:

Խրոնիկական մանրէակրության բնույթի որոշումը և տարբերակումը տարանցիկ մանրէակրությունից հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում:

 

29. Մանրէակրության նկատմամբ հետազոտության ենթակա քանակակազմ.

 

Որովայնային տիֆի և պարատիֆերի մանրէակրության հայտնաբերման նպատակով հետազոտությունները կատարվում են կանխարգելիչ նպատակով և համաճարակային ցուցումներով:

1) Կանխարգելիչ նպատակով հետազոտության ենթարկվում են.

ա. Ստացիոնարից դուրս գրված որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդացած բոլոր ռեկոնվալեսցենտները (առողջացածներ).

բ. Սննդամթերքների պատրաստմամբ, փոխադրմամբ, պահպանմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպություններում աշխատանքի ընդունվող, ուղևորների, առողջացուցիչ, բուժական և մանկական կազմակերպություններում հիվանդների, հանգստացողների, երեխաների անմիջական սպասարկման և սնման աշխատանքներով զբաղվող, խմելու ջրի սպասարկումն իրականացնող, ԲՈՒՀ-երի նախադպրոցական ֆակուլտետներում սովորող, ինչպես նաև սննդամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող անհատ ձեռներեցները՝ սահմանված կարգով (այսուհետ այդ խմբին պատկանողները կնշվեն ինչպես «սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք»):

2) Համաճարակային ցուցումներով հետազոտության ենթակա են.

ա. Որովայնային տիֆի և պարատիֆերի օջախներում հիվանդի հետ շփված անձինք՝ վարակի աղբյուրը պարզելու համար.

բ. Սննդի և դրան հավասարեցված կազմակերպության աշխատակիցները՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության որոշմամբ:

 

30. Մանրէակիրների հայտնաբերման եղանակներ.

 

1) Մանրէաբանական եղանակ

Մանրէակրության հայտնաբերման միակ հավաստի եղանակը մարդու օրգանիզմից վերցված նմուշներում համապատասխան մանրէների կուլտուրայի անջատումն է մանրէաբանական հետազոտությունների միջոցով:

Մանրէաբանական հետազոտությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լաբորատորիաներում (կամ հիվանդանոցներում` ստացիոնար պայմաններում հետազոտության անհրաժեշտության դեպքում):

Մանրէակրության հայտնաբերման նպատակով մանրէաբանական հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերն են` արտաթորանքներ, մեզ և լեղի (12-մատնյա աղու պարունակություն):

Մանրէաբանական հետազոտության համար արտաթորանքների և մեզի նմուշառում կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լաբորատորիաներում, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների ինֆեկցիոն կաբինետներում, բուժկետերում կամ հետազոտվողի աշխատավայրում, ինչպես նաև հիվանդանոցներում (ստացիոնար հետազոտություն) կամ տիֆ-պարատիֆային հիվանդների օջախներում: Ուղիղ աղուց խողովակով նմուշառում կատարել չի կարելի:

Լեղու նմուշառում կատարվում է ստացիոնար պայմաններում կամ պոլիկլինիկաների միջամտությունների սենյակներում՝ բժիշկ-թերապևտի նախնական խորհրդատվությունից հետո:

2) Իմունաբանական (օժանդակ) եղանակներ

Արյան շիճուկի շճաբանական հետազոտությունը պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիայով՝ ցիստեինակայուն հակամարմինների հայտնաբերմամբ, ազդանշանային մեթոդ է: Շճաբանական ռեակցիայի համար արյունը վերցվում է մատից կամ երակից:

 

31. Մանրէակիրների հայտնաբերման աշխատանքների կազմակերպում

 

1) Մանրէակիրների հայտնաբերումը սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձանց շրջանում.

Նշված կազմակերպություններ աշխատանքի ընդունվող անձանց հետազոտությունն սկսվում է պասիվ հեմագլյուտինացիայի շճաբանական ռեակցիայի կատարմամբ՝ ցիստեինով: Միաժամանակ կատարվում է կղանքի (անհրաժեշտության դեպքում` մեզի) միանվագ մանրէաբանական հետազոտություն: Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք թույլատրվում են աշխատանքի: Միանվագ մանրէաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում պարզվում է մանրէակրության բնույթը: Շճաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի հնգակի, բացասական արդյունքի դեպքում՝ լեղու միանվագ հետազոտություն: Հետազոտության արդյունքները գրանցվում են անձնական սանիտարական գրքույկում և ամբուլատոր քարտում: Մանրէաբանական հետազոտության բացասական արդյունքի դեպքում վերոհիշյալ անձինք թույլատրվում են աշխատանքի:

Շճաբանական և մանրէաբանական հետազոտությունների դրական արդյունք ստանալու դեպքում, այդ անձինք դիտվում են որպես խրոնիկական մանրէակրներ, վերցվում են հաշվառման և չեն թույլատրվում աշխատանքի այնպիսի կազմակերպություններում և արտադրություններում, որտեղ կարող են համաճարակային վտանգ ներկայացնել:

2) Մանրէակիրների հայտնաբերումը որովայնային տիֆի և պարատիֆերի օջախներում հիվանդի հետ շփված անձանց շրջանում վարակի աղբյուրի հայտնաբերման նպատակով.

Որովայնային տիֆի և պարատիֆերի օջախներում հիվանդի հետ շփված բոլոր անձինք ենթակա են կղանքի միանվագ մանրէաբանական և արյան շիճուկի պասիվ հեմագլյուտինացիայով հետազոտման՝ ցիստեինով: Կղանքից հարուցչի միանվագ անջատման դեպքում, անհրաժեշտ է կատարաել լեղու, մեզի և կղանքի կրկնակի հետազոտություն՝ մանրէակրության բնույթը որոշելու համար:

Կղանքի, մեզի և լեղու միանվագ մանրէաբանական հետազոտություն անհրաժեշտ է կատարել նաև շճաբանական ռեակցիայի դրական արդյունքի դեպքում:

 

32. Միջոցառումներ հայտնաբերված մանրէակիրների նկատմամբ

 

1) Որովայնային տիֆի և պարատիֆերի բոլոր հայտնաբերված խրոնիկական մանրէակիրներն՝ անկախ մասնագիտությունից, վերցվում են մշտական հաշվառման Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում:

2) Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններ ընդունվող անձանց շրջանում հայտնաբերված մանրէակիրները չեն թույլատրվում նշված աշխատանքի:

3) Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատող առողջացածները վերցվում են հաշվառման Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում, չեն թույլատրվում հիմնական աշխատանքի մեկ ամիս տևողությամբ և տեղափոխվում են այնպիսի աշխատանքի, որտեղ համաճարակային վտանգ չեն ներկայացնում: Նշված ժամանակամիջոցը լրանալուց հետո վերջիններս ենթարկվում են կղանքի և մեզի հնգակի հետազոտության.

ա. Եթե առողջացումից մեկ ամիս անց նրանք շարունակում են արտազատել որովայնային տիֆի կամ պարատիֆերի մանրէներ, ապա նրանց տեղափոխում են այնպիսի աշխատանքի, որը կապված չէ սննդամթերքի, խմելու ջրի և բնակչության անմիջական սպասարկման հետ: Առողջացումից 3 ամիս անց նշված անձինք ենթարկվում են մանրամասը մանրէաբանական հետազոտության (կղանքի և մեզի հնգակի հետազոտություն 1-2 օր ընդմիջումներով և լեղու միանվագ հետազոտություն): Բացասական արդյունքի դեպքում, այդ անձինք թույլատրվում են աշխատանքի, սակայն 2 տարվա ընթացքում, եռամսյակը մեկ անգամ, պետք է հետազոտվեն մանրէաբանորեն (կղանք և մեզ՝ միանվագ): Երկրորդ տարվա վերջում նրանց մոտ դրվում է պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա՝ ցիստեինով: Դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի հնգակի հետազոտություն, իսկ վերջիններիս բացասական արդյունքի դեպքում՝ լեղու միանվագ հետազոտություն: Շճաբանական և մանրէաբանական հետազոտությունների բացասական արդյունքի դեպքում, այդ անձինք չեն հանվում հաշվառումից և աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ենթակա են կղանքի և մեզի ամենամյա կրկնակի հետազոտության:

բ. Բացասական արդյունքի դեպքում, նշված անձինք թույլատրվում են աշխատանքի, բայց առաջիկա 2 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս հետազոտվում են (կղանք և մեզ): Երրորդ ամսվա վերջում միանվագ հետազոտվում է լեղին: Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք 2 տարվա ընթացքում ենթարկվում են հետազոտության եռամսյակը 1 անգամ (կղանք և մեզ՝ միանվագ), իսկ այնուհետև՝ վերոհիշյալ կարգին համապատասխան:

Եթե առողջացումից 3 ամիս հետո ցանկացած հետազոտության ժամանակ թեկուզ 1 անգամ հայտնաբերվում են հարուցիչներ, նշված անձինք համարվում են խրոնիկական մանրէակիրներ և չեն թույլատրվում աշխատանքի:

4) Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում արդեն աշխատող կամ աշխատանքի ընդունվող հատուկ բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ ավարտած անձանց շրջանում հայտնաբերված մանրէակիրները չեն թույլատրվում աշխատանքի և հետազոտվում են մանրէաբանորեն՝ մանրէակրության բնույթը որոշելու համար (կղանքը և մեզը՝ հնգակի, լեղին՝ միանվագ, արյան շիճուկի պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա ցիստեինազգայուն հակամարմինների որոշմամբ, միանվագ՝ ցիստեինի նկատմամբ կայուն հակամարմինների որոշմամբ): Մանրէաբանական հետազոտությունների բացասական արդյունքի և շճաբանական ռեակցիայի դրական արդյունքի դեպքում կղանքի, մեզի և լեղու մանրէաբանական հետազոտությունների ցիկլը կրկնվում է: Եթե ստացիոնարում հաստատվել է տարանցիկ մանրէակրություն (կրկնակի աճի բացակայություն), սննդի և դրան հավասարեցված կազմակերպությունների աշխատակիցները թույլատրվում են աշխատանքի: Հետագա 2 տարվա ընթացքում վերջիններս ենթակա են հետազոտության եռամսյակը 1 անգամ նույն կարգով, ինչպես սուր վարակակրության դեպքում: Կղանքից կրկնակի անգամ, կամ լեղուց և մեզից թեկուզ միանվագ որովայնային տիֆի կամ պարատիֆերի հարուցիչների հայտնաբերման դեպքում, նշված անձինք համարվում են խրոնիկական մանրէակիրներ:

Սննդի և դրան հավասարեցված կազմակերպություններում աշխատողների մոտ խրոնիկական մանրէակրության հաստատման, ինչպես նաև նրանց ստացիոնար հետազոտությունից հրաժարվելու դեպքում, վերջիններս աշխատանքի չեն թույլատրվում: Խրոնիկական մանրէակիրները նույնպես աշխատանքի չեն թույլատրվում:

5) Հանրակրթական դպրոցներ և հատուկ հանրակրթական դպրոցներ (օժանդակ և գիշերօթիկ դպրոցներ) հաճախող երեխաների շրջանում մանրէակրություն հայտնաբերելիս այդ երեխաներին թույլատրվում է հաճախել դպրոց, սակայն նրանց չի թույլատրվում մասնակցել սննդամթերքի պատրաստման, փոխադրման և բաշխման, ինչպես նաև խմելու ջրի հետ կապված աշխատանքներին:

Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ մանրէակիրներ հայտնաբերելու դեպքում այդ երեխաներին չի թույլատրվում հաճախել մսուր-մանկապարտեզներ և, քանի որ կրտսեր տարիքի երեխաների մոտ մանրէակրությունը մեծամասամբ լինում է կարճատև, նրանք ուղարկվում են ստացիոնար` հետազոտության և բուժման համար: Եթե մանրէակրությունը շարունակվում է, ապա այդ երեխայի մանկական կազմակերպություն հաճախման հարցը որոշվում է համաճարակաբանի կողմից՝ կախված կոնկրետ պայմաններից:

6) Եթե խրոնիկական մանրէակրությունը հայտնաբերվում է սննդի և դրան հավասարեցված կազմակերպությունում աշխատողի ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ, ապա նշված կազմակերպության աշխատակիցը չի ազատվում աշխատանքից և ենթակա չէ հատուկ հետազոտության: Նշված անձանց նկատմամբ բոլոր միջոցառումներն իրականացվում են ընդհանուր հիմունքներով (սույն կանոնների 31-րդ կետում նշված կարգով):

7) Եթե մանրէակիրը փոխում է իր բնակության վայրը, ապա նրա մասին տվյալները հաղորդվում են նոր բնակավայրի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (ուղարկվում է հսկողության քարտի պատճենը):

Յուրաքանչյուր խրոնիկական մանրէակրի մոտ որոշվում է արտազատվող մանրէների ֆագոտիպը և այն նշվում է հաշվառման քարտում՝ տիֆ-պարատիֆային հիվանդությունների բռնկումների ժամանակ համաճարակաբանական հսկողությունը հեշտացնելու համար, երբ նշված անձը կարող է դիտվել որպես վարակի կասկածելի աղբյուր:

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՄԱՆՐԷԱԿԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

33. Քարոզչական աշխատանքներ բնակչության շրջանում՝ որովայնային տիֆով և պարատիֆերով յուրաքանչյուր հիվանդին տրվում է հատուկ հուշաթերթ: Հիվանդին և նրա հետ շփված անձանց բացատրվում է վարակման վտանգավորությունը, անձնական հիգիենայի կանոնների կատարման անհրաժեշտությունը և ընթացիկ ախտահանման կարգը:

34. Ընթացիկ ախտահանում՝ ընթացիկ ախտահանումը կատարվում է խրոնիկական մանրէակրի բնակության վայրում մանրէակրի կամ նրա ընտանիքի անդամների կողմից:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցները մանրէակրին հրահանգավորում են ախտահանիչ լուծույթների պատրաստման և ախտահանման կարգի վերաբերյալ:

35. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցները այցելում են մանրէակրին իր տանը առնվազն տարին 1 անգամ՝ հակահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը հսկելու համար:

36. Բնակարանային օջախներում, բուժկանխարգելիչ, նախադպրոցական մանկական, հատուկ ուսումնական կրթական հաստատություններում, դպրոցներում և այլ կազմակերպություններում որովայնային տիֆով ու պարատիֆով հիվանդների արձանագրման դեպքում կազմակերպվում և իրականացվում են եզրափակիչ և ընթացիկ ախտահանման միջոցառումներ:

1) Ընթացիկ ախտահանում կատարվում է՝

ա. սկսած հիվանդի հայտնաբերման պահից մինչև նրա հոսպիտալացումը,

բ. առողջացածների (ռեկոնվալեսցենտներ) օջախներում՝ սկսած նրանց հիվանդանոցից դուրս գրման պահից, 3 ամիս տևողությամբ, նկատի ունենալով հիվանդության և մանրէակրության կրկնման հնարավորությունը, ինչպես նաև խրոնիկ մանրէակիրների օջախներում:

Ընթացիկ ախտահանում կատարում է հիվանդին, առողջացածին կամ մանրէակրին խնամող անձը, կամ ինքը՝ առողջացածը կամ մանրէակիրը:

2) Հիվանդի, մանրէակրի կամ առողջացածի տնային օջախներում ընթացիկ ախտահանում կազմակերպում է բուժկանխարգելիչ կազմակերպության բուժաշխատողը (բժշիկ, միջին բուժաշխատող):

3) Եզրափակիչ ախտահանումը կատարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ գյուղական վայրերում նաև՝ բուժկանխարգելիչ կազմակերպությունների բուժաշխատողները:

4) Եզրափակիչ ախտահանումը քաղաքներում կատարվում է բժշիկ-ախտահանողի կամ բժիշկ-համաճարակաբանի, իսկ գյուղական բնակավայրերում՝ բժշկի, բուժակի կամ համաճարակաբանի օգնականի ղեկավարությամբ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն ընտրողական կարգով իրականացնում են օջախում եզրափակիչ ախտահանաման որակի հսկողություն:

5) Եզրափակիչ ախտահանումը կատարվում է քաղաքներում 6 ժամից, իսկ գյուղական վայրերում՝ 12 ժամից ոչ ուշ՝ հիվանդի հոսպիտալացման պահից հաշված:

6) Եզրափակիչ ախտահանման իրականացման կարգը և ծավալը սահմանում է սույն կետի 4-րդ ենթակետում նշված որևէ բուժաշխատող:

7) Ամբուլատոր-պոլիկլինիկական, սոմատիկ հիվանդությունների բուժկանխարգելիչ կազմակերպություններում պացիենտների շրջանում որովայնային տիֆով (կամ կասկածելի) հիվանդ հայտնաբերելու դեպքում եզրափակիչ ախտահանումը կատարվում է տվյալ հաստատությունների բուժանձնակազմի ուժերով: