|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«23» նոյեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 30309125 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» նոյեմբերի 2009թ. |
թիվ 71-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «է» ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
|
Հավելված
Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2009թ. նոյեմբերի 12-ի թիվ 71Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Սույն կարգով կանոնակարգվում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում (այսուհետև՝ Հանձնաժողով) գրանցման ընթացակարգը, ըստ որի՝
1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելուց հետո:
2. Լիցենզավորված անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը երեք օրինակից ներկայացնում է Հանձնաժողով:
3. Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, Հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի մակագրությամբ, պայմանագրերը փորձաքննություն են անցնում համապատասխան ստորաբաժանումում (ստորաբաժանումներում):
4. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը՝
1) հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին և (կամ) պարտադիր պայմաններին,
2) պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններին,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին:
5. Պայմանագիրը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրանցվում է կամ համապատասխան հիմնավորումներով մերժվում է, որի մասին հայտատուին գրավոր տեղեկացվում է՝ նշելով մերժման պատճառները:
6. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետում նշված պահանջներին:
7. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել Հանձնաժողովի գրանցմանը:
8. Պայմանագրի գրանցումը մերժելու դեպքում համապատասխան ստորաբաժանման կողմից կազմվում է զեկուցագիր և ներկայացվում Հանձնաժողովի նախագահին:
9. Պայմանագիրը գրանցում է Հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան ստորաբաժանումը՝ այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են՝
1) գրանցման հերթական համարը,
2) պայմանագրային կողմերի անվանումները,
3) պայմանագրի համարը,
4) պայմանագիրը ստորագրած պաշտոնատար անձանց անունները, ազգանունները,
5) պայմանագրի գրանցման համարը,
6) պայմանագրի գրանցման ամսաթիվը,
7) պայմանագրի գործողության ժամկետը,
8) գրանցում կատարող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
| Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Գրանցված է "_____" ___________ 200_ թ.
Գրանցման N __________
Պատասխանատու _______________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
|
10. Պայմանագրի բոլոր 3 օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին Հանձնաժողովի վերոնշված հատուկ նշումը:
11. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահվում է այն գրանցող ստորաբաժանումում: