| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2018 թվականի սեպտեմբերի 17-ին
Պետական գրանցման համարը 3031859 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» օգոստոսի 2018 թվականի |
N 41-Ն |
ք. Ստեփանակերտ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ
ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 71Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «է» կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 71Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2018 թվականի օգոստոսի 31-ի N 41-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ
ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ
ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված էլեկտրական էներգիայի (հզորության)‚ ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով) գրանցման ընթացակարգը:
2. Սույն կարգը չի կանոնակարգում պետական գաղտնիք պարունակող կամ լիցենզավորված անձի կողմից որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն» նշված պայմանագրերի գրանցման ընթացակարգը:
3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից:
4. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը՝
1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող.
2) որն ուղղակիորեն չի առնչվում մատակարարման գործընթացին:
5. Հանձնաժողովը պայմանագիրը գրանցում կամ մերժում է այն մուտքագրվելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: Փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված այլ անձանց միջև կնքված պայմանագրերը գրանցվում կամ մերժվում են հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ
6. Լիցենզավորված անձը պայմանագրի գրանցման մասին գրությունը և կնքված պայմանագիրը` առնվազն երեք օրինակից, իսկ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիրը` առնվազն երկու օրինակից, ներկայացնում է հանձնաժողով։
7. Պայմանագիրը փորձաքննություն է անցնում հանձնաժողովի՝ պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում և այլ շահագրգիռ ստորաբաժանումներում, և կազմվում է արձանագրություն։
8. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը՝
1) հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրի օրինակելի ձևին կամ պարտադիր պայմաններին.
2) «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, լիցենզավորված անձի գործունեության լիցենզիայի պայմաններին և հանձնաժողովի կողմից ընդունված այլ իրավական ակտերին:
9. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել‚ եթե այն չի համապատասխանում սույն կարգի 8-րդ կետում նշված իրավական ակտերի պայմաններին։
10. Մերժման դեպքում պայմանագրի մեկ օրինակը պահվում է հանձնաժողովում: Պայմանագրի մնացած օրինակները գրությամբ վերադարձվում են պայմանագիրը ներկայացրած լիցենզավորված անձին: Գրության մեջ նշվում են մերժման պատճառները:
11. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովի գրանցմանը։
12. Պայմանագիրը գրանցվում է պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում՝ այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են՝
1) գրանցման հերթական համարը.
2) պայմանագրային կողմերի անվանումները.
3) պայմանագրի համարը.
4) պայմանագիրը ստորագրած անձանց անունները‚ ազգանունները.
5) պայմանագրի գրանցման համարը.
6) պայմանագրի գրանցման ամսաթիվը.
7) պայմանագրի գործողության ժամկետը.
8) գրանցում կատարող պատասխանատու անձի անունը‚ ազգանունը և ստորագրությունը։
13. Պայմանագրի բոլոր օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի նշումը` համաձայն հավելվածի (ձևի), իսկ մյուս էջերը ստորագրում և կնքում է պատասխանատու անձը:
14. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը հանձնաժողովի այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով պահվում է պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում։
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2018 թվականի օգոստոսի 31-ի
N 41-Ն որոշմամբ սահմանված կարգի |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Գրանցված է «_____» ___________ 20__ թվական
Գրանցման N __________
Պատասխանատու ____________________ _____________________
(ստորագրությունը) (անունը‚ ազգանունը)
Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԹՈՐՈՍՅԱՆ |