Համարը 
N 137-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.11.06/15(37)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.10.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.10.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«04» նոյեմբերի 2010թ.

Պետական գրանցման համարը 10510101

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «29» հոկտեմբերի 2010թ.

 N 137-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

 ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին և իրավաբան Ա. Ապրեսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

 

 

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2010 թվականի հոկտեմբերի «29»-ի N 137-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հավաստագրման հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և իրավական նորմատիվ այլ ակտերով:

3. Հավաստագրման հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար սահմանված կարգով վերապատրաստում անցած անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննությունների կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:

4. Հավաստագրման հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

5. Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` Նախարար)` յուրաքանչյուր տարին երկու անգամ` հիմք ընդունելով հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկից համակարգչային ընտրության արդյունքները:

6. Հավակնորդների քանակից ելնելով` յուրաքանչյուր խմբի (20-25 անդամ) համար, Նախարարի հրամանով ձևավորվում են միաժամանակ գործող հանձնաժողովներ:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն), պետական կառավարման տարածքային մարմինների (այսուհետ` Վարչակազմեր), Ստեփանակերտ քաղաքում ( Ստեփանակերտի քաղաքապետարանի) կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչներից, գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ուսումնական հաստատությունների առնվազն 5 տարվա մանկավարժական (ուսուցչական) աշխատանքի փորձ ունեցող մասնագետներից: Հավաստագրման հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:

8. Հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկում ընդգրկվում են թեկնածուների վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը,

2) վերջին 5 տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի վայրը,

3) բնակության վայրը, հասցեն,

4) հեռախոսահամարները,

5) էլեկտրոնային փոստի հասցեն,

6) այլ տվյալներ:

9. Հավաստագրման հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 7 թեկնածուներից, քննությունն անցկացնելուց 24 ժամ առաջ, հետևյալ համամասնությամբ.

1) Նախարարության ներկայացուցիչներ` 3 անդամ,

2) համապատասխան վարչակազմի, կամ Ստեփանակերտ քաղաքում Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` 2 անդամ,

3) գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` 2 անդամ:

10. Սույն կարգով հաստատված Հավաստագրման հանձնաժողովի կազմից Նախարարը նշանակում է նախագահ և քարտուղար:

11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման հանձնաժողովի կազմավորումից հետո, 12 ժամվա ընթացքում տեղեկացնում է ընտրված թեկնածուներին նիստը անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

12. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:

13. Քննությունների ընթացքում Հավաստագրման հանձնաժողովի կազմի համալրում կամ փոփոխություն չի կատարվում:

14. Հավաստագրման հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում լիազորությունները սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հավաստագրման հանձնաժողովի խնդիրն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստված անձի համար սահմանված քննության անցկացման կազմակերպումն է:

16. Հավաստագրման հանձնաժողովի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.

1) 17-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթի կրկնակի ուսումնասիրմանը (անհրաժեշտության դեպքում ),

2) քննությունների անցկացմանը,

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացնելը,

4) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայման իրականացումը:

17. Հավաստագրման հանձնաժողովը`

1) Նախարարության աշխատակազմից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդ անձանց ցանկը և Նախարարության 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N140-Ն հրամանով հաստատված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը.

2) փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացնում հավակնորդին քննությանը մասնակցելու կամ ներկայացրած փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված կամ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին չհամապատասխանելու դեպքում, մերժելու մասին.

3) անցկացնում է քննություն` հավակնորդի անմիջական մասնակցությամբ.

4) ստուգում և գնահատում է հավակնորդների կողմից կատարված թեստային առաջադրանքները.

5) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները, հարցազրույցի փուլ անցած անձանց ցանկը.

6) հավակնորդի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով անցկացնում է հարցազրույց.

7) քննության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

8) հաստատում է Հավաստագրման քննությունները հանձնած հավակնորդների ամփոփիչ արձանագրությունը.

9) տալիս է Նախարարի կողմից ստորագրված Հավաստագիր.

10) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Հավաստագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

19. Հավաստագրման հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հավաստագրման հանձնաժողովի անդամների առնվազն 5-ի մասնակցության դեպքում:

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 ձայներով:

21. Հանձնաժողովի անդամի կողմից սույն կարգի 25-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման և անցկացման» N140-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները խախտելու, անհարգելի բացակայության դեպքում, Հավաստագրման հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դիմում է Նախարարին` միջնորդելով կասեցնել խախտումներ կատարած հանձնաժողովի անդամի լիազորությունները:

22. Նախարարը միջնորդությունը բավարարելու դեպքում իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է տվյալ անդամին ներկայացնող կազմակերպությանը կամ մարմնին` միաժամանակ տեղեկացնելով տվյալ անդամին Հավաստագրման հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկից հանելու մասին:

 

V. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

23. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հավաստագրման հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է քննությունների և հավաստագրման գործընթացների հսկողությունը.

4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հավաստագրման հանձնաժողովի անդամների հետ.

5) ստորագրում և կնքում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդի հավաստագրման թերթը և հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.

6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

24. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը (կամ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նրան փոխարինող անձը).

1) արձանագրում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

25. Հավաստագրման հանձնաժողովի անդամը.

1) Հանձնաժողովի որոշմամբ, Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, վարում է նիստերը.

2) մասնակցում է քննությանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.

3) մասնակցում է հավակնորդների հարցազրույցի անցկացմանը.

4) մասնակցում է քննության արդյունքում Հավաստագրման հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը, իսկ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

26. Հավաստագրման հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Նախարարի հրամանի հիման վրա:

27. Հավաստագրման հանձնաժողովը կնիքը, քննության և հավաստագրման արդյունքների արձանագրությունները, ինչպես նաև հավաստագրված անձանց ցուցակը հանձնում է նախարարության աշխատակազմին:

28. Հավաստագրման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: