| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» մարտի 2011թ.
պետական գրանցման համարը 1051116 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«25» փետրվարի 2011թ. |
N 27/Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 60/Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ և 17-րդ կետերը, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության 2007 թվականի օգոստոսի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 60/Ա հրամանը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ` Ս. Ասրյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
«25» փետրվարի 2011 թվականի
N 27/Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ,
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` դպրոց) և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման հետ կապված փոխհարաբերությունները:
II. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
1. Սովորողի ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի և հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
3. Հատուկ դպրոցի 1-ին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները:
4. Մինչև 16 տարի լրանալը, հիմնական կրթություն չստացած երեխային (սովորողին) դպրոց ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ` օրենքով սահմանված կարգով:
5. Սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է.
1) մինչև երկու տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,
2) երկու տարուց ավելի ուշ (մինչև 13 տարի լրանալը) երեխան ընդունվում է դպրոցի` իր տարիքային խմբին համապատասխան դասարան:
6. 5-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներին համապատասխան դպրոց ընդունված սովորողի համար կազմակերպվում Է պարապմունքներ չուսումնասիրված հանրակրթական հիմնական ծրագրային թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:
7. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխաները, մանկավարժական խորհրդի որոշմամբ, ընդունվում են իրենց տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ավելի ցածր: Նրանց հետ կազմակերպվում են պարապմունքներ` չուսումնասիրված հանրակրթական հիմնական ծրագրային թեմաներից` ըստ անհատական ուսուցման ծրագրի:
8. 16 տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները հանրակրթական ծրագրերը կարող են յուրացնել ինքնակրթությամբ և էքստեռն կարգով ստանալ հիմնական կրթության վկայական (կամ միջնակարգ կրթության ատեստատ):
9. Պետական դպրոցի տնօրենը տվյալ վարչական տարածքում բնակվող երեխաներին (սովորողներին), ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից դիմում ներկայացնելու դեպքում, ընդունում է դպրոց` ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:
10. Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի գիտելիքների ստուգում չի թույլատրվում, բացառությամբ 16-րդ կետի և 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի:
11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի (սովորողի) ընդունելությունը դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով, իսկ հատուկ դպրոց` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:
12. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):
13. Օտարերկրյա քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացի անձանց, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի, երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները) անկախ ազգային պատկանելությունից:
14. Երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է ներկայացնում.
1) դիմում,
2) 2 լուսանկար,
3) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
4) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
5) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման (ընդունելության) թերթիկը, (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),
6) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),
7) վկայագիր` «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունենալու վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար,
8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:
15. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ընդունելությունը հատուկ դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում:
16. Երեխաների (սովորողների) ընդունելությունը մասնագիտացված դպրոց կատարվում է ծնողի (նրանց օրինական ներկայացուցչի) և մասնագիտացված դպրոցի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
17. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու նույն կամ ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
18. Ավագ դպրոց ընդունվելիս սովորողի ծնողը ներկայացնում է հիմնական կրթության վկայականի բնօրինակը և սույն կարգի 14-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, բացառությամբ «Անձնական գործ» գրքույկի:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միևնույն շրջանի (համայնքի) ներսում կամ մի շրջանի դպրոցից այլ շրջանի դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:
20. Սովորողների (այդ թվում` ոչ պետական դպրոցների) ընդունելությունը դպրոց ըստ ենթակայության հաշվառվում է.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերի կրթության բաժիններում,
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության և ոչ պետական դպրոցների սովորողներինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությունում:
21. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի ընդունելությունը կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն: Դասարանի համապատասխանությունը որոշվում է ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:
22. Այլ երկրներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձած սովորողի ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է.
1) կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում` միջնակարգ կրթության 1-ին և 2-րդ աստիճանում, ինչպես նաև հիմնական կրթության վկայականի առկայության դեպքում` 3-րդ աստիճանում դասարանը որոշվում է տնօրենի հրամանով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից` գիտելիքների համարժեքության արդյունքների որոշման հիման վրա:
2) Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տասնմեկամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը ուսումը շարունակում է մեկ դասարան բարձր, իսկ տասներկուամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը` նույն դասարանում: Ուսումնական տարվա ընթացքում վերադարձած սովորողը ներկայացնում է նաև տեղեկանք ընթացիկ գնահատականների մասին:
3) Ուսումնական տարվա ընթացքում վերադարձած սովորողը, որը չի ներկայացրել տվյալ ուսումնական տարվա ընթացիկ գնահատականների մասին տեղեկանք, ընդունվում է համապատասխան դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացուցիչ պարապմունքների միջոցով լրացնելու պայմանով:
23. 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների երեխաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:
24. Ուսումնառության ընթացքում առնվազն 3 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների երեխաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում:
25. Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների երեխաները ուսումնական տարվա առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում` մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
26. Հանրակրթական դպրոցից հատուկ դպրոց ընդունելությունը կատարվում է համաձայն սույն կարգի 14-րդ կետի` պահպանելով դասարանի համապատասխանությունը ըստ ուսումնական ծրագրի:
III. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ
27. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.
1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
28. Ոչ պետական, մասնագիտացված դպրոցների կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից չպահպանելու դեպքում: