Համարը 
N 48-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.10.17/19(333)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.10.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.10.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.06.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017թ.

 N 48-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ, 73-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագիրը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

1) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 440 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 48-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում է նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնը»:

7. Նախարարության հիմնական նպատակները և խնդիրներն են՝

1) Մշակույթի բնագավառում՝

ա. մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, ուսումնասիրությունը, հանրահռչակումը,

բ. մշակույթի` որպես զարգացման միջոցի հասարակական գիտակցմանը նպաստելը,

գ. հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը,

դ. մշակութային նոր արժեքների ստեղծմանը նպաստելը,

ե. մշակութային արժեքներին հաղորդակցվելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը,

զ. համահայկական և միջազգային համագործակցության զարգացումը,

է. Արցախի Հանրապետությունից դուրս գտնվող արցախյան մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը միջազգային նորմերի շրջանակներում,

ը. հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, մշակութային արժեքների ու հուշարձանների պահպանության և արվեստի ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

2) Երիտասարդության բնագավառում՝

ա. երիտասարդության ինքնիրացման, սոցիալական և տնտեսական կայացման երաշխիքների ու զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը,

բ. երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը, առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումը,

գ. հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ակտիվության խթանումը.

3) Ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգման և վերահսկողության ապահովումը.

4) Զբոսաշրջության բնագավառ՝

ա. զբոսաշրջության զարգացմանը, այն տնտեսության գերակա ճյուղերից մեկը դառնալուն աջակցումը,

բ. զբոսաշրջային գործունեությանը աջակցումը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմանների ստեղծումը,

գ. զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանումը,

դ. Արցախի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորման իրականացումը,

ե. զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար պայմանների ստեղծումը,

զ. զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովման իրականացումը,

է. զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական միավորումներին աջակցումը,

ը. զբոսաշրջային գործունեության ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորումը.

5) Հուշարձանների պահպանության բնագավառ՝

ա. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը,

բ. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը,

գ. հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը,

դ. հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը,

ե. հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:

8. Նախարարության անվանումն է` հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Министерство культуры, по делам молодежи и туризма Республики Арцах,

անգլերեն լրիվ անվանումը` The Ministry օf Culture, Youth Affairs and Tourism of the Republic of Artsakh:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի, ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների հարաբերությունների համակարգման և վերահսկողության, հուշարձանների պահպանության և ուսումնասիրության, զբոսաշրջային գործունեության աջակցման բնագավառներում Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր.

3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4) մշակում ու իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումներ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

5) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.

6) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, իրացնում՝ պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

7) ներդնում է մշակութային արժեքների անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր` պետական թանգարաններում, գրադարաններում և պետական այլ պահոցներում.

8) սահմանում է պետական թանգարաններում թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).

9) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում գրադարանային տեղեկատվական ցանցեր.

10) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.

11) ապահովում է ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հավաքագրման, ուսումնասիրման, տարածման և հանրահռչակման կազմակերպումն ու իրականացումը.

12) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը.

13) պետական աջակցություն է ցուցաբերում մշակույթի ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը.

14) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում, հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական, գիտական և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.

15) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

16) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի բնագավառում.

17) միջազգային (ներառյալ համահայկական) մշակութային և երիտասարդական համագործակցության նպատակով այլ պետություններ է գործուղում ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, մասնագետների, աջակցում մշակութային և երիտասարդական համագործակցության զարգացմանը.

18) համագործակցում և մասնակցում է հայկական և միջազգային մշակութային ու երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

19) սահմանում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.

20) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

21) սահմանում է մշակույթի և երիտասարդության բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում համապատասխան ոլորտների կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

22) ապահովում է ոլորտի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մշակույթի պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը.

23) ապահովում է փառատոների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` համահայկական և միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.

24) մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.

25) Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

26) կրթության ոլորտի Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ` մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

27) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային և երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

28) ապահովում է մշակութային և երիտասարդության քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

29) կազմակերպում է մշակույթի և երիտասարդության բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը, մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.

30) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.

31) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.

32) երիտասարդության հիմնախնդիրների վերհանման, ոլորտի քաղաքականության իրացման նպատակով ապահովում է ոլորտի ուսումնասիրությունների իրականացումը.

33) աջակցում է երիտասարդների հասարակական ու նորարարական ակտիվության խթանմանը.

34) նպաստում է երիտասարդական կազմակերպությունների համագործակցության զարգացմանը և պետական աջակցություն ցուցաբերում նրանց գործունեությանը.

35) երիտասարդության շրջանում իրականացնում է հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, աջակցում է ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը.

36) իրականացնում է ազգային փոքրամասնությունների հարցերին և կրոնի ու խղճի ազատությանն առնչվող` Արցախի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության Նախագահի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն և վերլուծություն.

37) նախքան կրոնական կազմակերպության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը` կրոնական կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն.

38) ապահովում է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգումն ու վերահսկողությունը.

39) տալիս է առաջարկություններ ոլորտի զարգացման ու համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

40) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ` Արցախի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.

41) իրականացնում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպումը.

42) Արցախի Հանրապետության զբոսաշրջային ներուժի գովազդը ավելի հասանելի դարձնելու նպատակով` տպագրում է Արցախի Հանրապետության մասին նյութեր և անվճար տարածում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում, տոնավաճառներում և Արցախի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկներին.

43) Արցախի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Արցախի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ, իրականացնում է դրանց կառավարումը.

44) իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.

45) որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին.

46) արձակում է կարգադրագրեր` զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով.

47) տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ.

48) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.

49) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում իրենց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.

50) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.

51) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում Արցախի Հանրապետությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը.

52) ապահովում է միջազգային և օտարերկրյա զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցությունը, ցուցահանդեսների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը.

53) ապահովում է զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծումը, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների, այդ թվում` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը.

54) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում դրանց իրականացումը և վերահսկում իրականացման գործընթացը.

55) իրականացնում է պատմամշակութային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.

56) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը և իրականացնում այդ աշխատանքները.

57) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

58) արձակում է կարգադրագրեր` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը.

59) իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.

60) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.

61) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.

62) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում գրացուցակներ (կատալոգներ), ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.

63) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).

64) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը և դրա պահպանման վերաբերյալ վերահսկողություն իրականացնում.

65) մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը.

66) առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն` հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.

67) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում հուշարձանների անվթարության և միջավայրի պահպանության ապահովումը.

68) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.

69) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.

70) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.

71) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է հսկողություն և ընդհանուր կառավարում.

72) ընդունում է իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը.

73) սահմանում է իր ենթակայության կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծառայությունների ցանկերը և սակագները.

74) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը (այսուհետ` նախարար) գլխավորում է նախարարությունը և կառավարում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

Նախարարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

13. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության, նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) կատարում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում է և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

17) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան:

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

15. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության տարբեր բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները նախարարության տարբեր բնագավառներում.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Նախարարության աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Արցախի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Շուշի, Հախումյան փողոց, 28:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:

36. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

39. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Նախարարության աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

46. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 48-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն

2. Բաժիններ

Ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժին

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին

Միջոցառումների կազմակերպման և արտաքին կապերի բաժին

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին

Երիտասարդության հարցերի բաժին

Ֆինանսատնտեսագիտական բաժին

Քարտուղարություն:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ