ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
25 հունիսի 2020թ. |
N 124-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ,
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 23-ի N 440 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հունիսի 25-ի N 124-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ,
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը (այսուհետ նաև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, մամուլի քարտուղարից, նախարարության աշխատակազմից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության հիմնական նպատակները և խնդիրներն են՝
1) ռազմահայրենասիրական գաղափարախոսության ձևավորման, պահպանման, հայրենիքին անմնացորդ նվիրվածության և հավատարմության, քաղաքացիական պարտքի պատրաստակամության սերմանումը, հայրենիքի շահերի պաշտպանությունը, ազգային արժեքների պահպանումը.
2) երիտասարդության ինքնիրացման, սոցիալական և տնտեսական կայացման երաշխիքների ու զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը.
3) երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը, առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումը.
4) Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ակտիվության խթանումը.
5) երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրության դաստիարակության և համամարդկային արժեքների պահպանման պայմանների ապահովումը.
6) սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման միասնական պետական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
7) սպորտի և ֆիզիկական կուլտուրայի դերի բարձրացումը անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործում.
8) սպորտի բնագավառում մասնագիտական զարգացման համար բարենպաստ ու հավասար պայմանների և հնարավորությունների ապահովումը, հաշմանդամների համար սպորտով զբաղվելու նպաստավոր պայմանների ստեղծումը.
9) ֆիզկուլտուրային և մարզական հանրապետական միջոցառումների անցկացումը.
10) սպորտի և ֆիզիկական կուլտուրայի մասնագետների պատրաստմանն աջակցումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.
11) Արցախի Հանրապետությունում տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն աջակցելը.
12) մարզական կառույցներում սպորտի բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը, պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը.
13) զբոսաշրջության զարգացմանը, այն տնտեսության գերակա ճյուղերից մեկը դառնալուն աջակցելը.
14) զբոսաշրջային գործունեությանն աջակցելը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական պայմանների ստեղծումը.
15) զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանումը.
16) Արցախի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորման իրականացումը.
17) զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար պայմանների ստեղծումը.
18) զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը.
19) զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական կազմակերպություններին աջակցումը.
20) զբոսաշրջային գործունեության ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորումը:
8. Նախարարության լրիվ անվանումն է`
1) հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.
2) ռուսերեն լրիվ անվանումը` Министерство военно-патриотического воспитания, молодежи,спорта и туризма Республики Арцах.
3) անգլերեն լրիվ անվանումը` The Ministry of Military-Patriotic Upbringing, Youth, Sports and Tourism of the Republic of Artsakh:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մշակում է օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության վերաբերյալ.
2) մշակում է հայեցակարգեր, մշակում և իրականացնում է պետական նպատակային ծրագրեր.
3) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և ապահովում հասարակայնության հետ կապերը.
4) իր իրավասության սահմաններում իրականացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների, հանրակրթական լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության բնագավառի, դպրոցական և ուսանողական սպորտի պետական ծրագրերի, պետական կրթական չափորոշիչների մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.
5) մշակում է սպորտի բնագավառում միջպետական համագործակցության ծրագրեր, պայմանագրեր (համաձայնագրեր), ապահովում է մասնակցություն դրանց քննարկմանը և սահմանված կարգով իրականացմանը.
6) մշակում է սպորտի զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ պետական ծրագրեր, իրականացնում դրանց մոնիթորինգ և գնահատում.
7) սահմանված կարգով մասնակցում է ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
8) ըստ մարզաձևերի մշակում և հաստատում է մարզադահլիճների նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակները, մասնակցում նախնական զինվորական պատրաստության դասասենյակների նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակների մշակմանը.
9) սահմանում է մարզական կառույցների ղեկավար և մարզչական անձնակազմերին ներկայացվող պահանջները.
10) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է ֆիզկուլտուրայի և սպորտի տարածքային քաղաքականության իրականացում.
11) անց է կացնում Արցախի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ֆիզկուլտուրայի և մարզական բնույթի միջոցառումներ, հանրապետական առաջնություններ, չեմպիոնատներ և հավաքներ, կազմակերպում ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով համաժողովներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ.
12) համակարգում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքները.
13) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում իրականացնում է սպորտի ոլորտի ծրագրերի կազմակերպում և մոնիթորինգ.
14) իրականացնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների հաշվառում և նրանց նկատմամբ Արցախի Հանրապետության պահանջարկի ուսումնասիրում, համակարգի մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովում.
15) մասնակցում է Արցախի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին ու կազմակերպություններին մարզահագուստով, մարզագույքով և սարքավորումներով ապահովելու աշխատանքին.
16) համակարգում է սպորտի բնագավառում պետական պարգևների ներկայացման և շնորհման աշխատանքները.
17) ապահովում է նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը.
18) այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կազմակերպում է սովորողների ֆիզիկական կուլտուրա, նախնական զինվորական պատրաստության առարկաների, դպրոցական և ուսանողական սպորտի, դաստիարակչական բնույթի մասսայական միջոցառումներ, հանգստի ու ազատ ժամանցի անցկացումը.
19) երիտասարդության շրջանում իրականացնում է ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, աջակցում է ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը.
20) ապահովում է զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծումը, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների, այդ թվում՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը.
21) իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.
22) ընդունում է համապատասխան իրավական ակտ՝ օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին.
23) արձակում է կարգադրագրեր՝ զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով.
24) տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգը ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ.
25) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
26) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում իրենց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.
27) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.
28) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Արցախի Հանրապետությունը, մասնակցում զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը.
29) ապահովում է միջազգային և օտարերկրյա զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցությունը, ցուցահանդեսների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը.
30) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը, կապերի և շփումների ստեղծմանն ու զարգացմանը, համագործակցում և մասնակցում է երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.
31) սահմանում է երիտասարդության հարցերի բնագավառներում բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.
32) նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով սահմանում է գերատեսչական մեդալ, մշակում և հաստատում է այդ մեդալով պարգևատրման կարգը.
33) իրականացնում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում՝ տրամադրում համաձայնության դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
34) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական և արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
35) ընդունում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը.
36) սահմանում է իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծառայությունների ցանկերը և սակագները.
37) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը (այսուհետ` նախարար) գլխավորում է նախարարությունը և կառավարում նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը: Նախարարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:
11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
12. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
13. Նախարարը՝
1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր.
2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության, նախարարության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, օգնականներին ու մամուլի քարտուղարին.
7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
8) կատարում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
10) լսում է և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
12) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
16) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
17) տրամադրում է արձակուրդ իր տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան:
14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
15. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության տարբեր բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության բնագավառների՝ նախարարությանը վերապահված հանձնարարականների և առաջադրանքների կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները նախարարության տարբեր բնագավառներում.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության՝ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Արցախի Հանրապետության ռազմահայրենսասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Շուշի, Հախումյան փողոց 28:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռքբերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
32. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
33. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
34. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարի տեղակալներին.
6) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
35. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
36. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
37. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
38. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ նախարարի հրամանով:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Նախարարության աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
41. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
42. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:
43. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
44. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը սահմանվում են օրենքով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հունիսի 25-ի N 124-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ,
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
1) Ռազմահայրենասիրության վարչություն
2) Երիտասարդության վարչություն
3) Սպորտի վարչություն
4) Զբոսաշրջության վարչություն
2. Բաժիններ
1) Ֆինանսատնտեսագիտական բաժին
2) Քարտուղարություն
3) Իրավաբանական բաժին
4) Տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |