Համարը 
N 942-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2012թ.

N 942-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.10.2017 N 73-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 7-րդ և 11-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 24.10.2017 N 73-Ն)

2. Հաստատել`

1) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

2) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 24.10.2017 N 73-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 52 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«27» դեկտեմբերի 2012թ. N 942-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն Արցախի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով։

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին, «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով վերապահված լիազորությունների շրջանակներում։

5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններից, ինչպես նաև իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:

7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`

1) հետևողական աշխատանք տանել՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը.

2) մասնակցել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակման գործընթացին.

3) ներկայացնել համապատասխան առաջարկություններ Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարությանը.

4) իրականացնել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը.

5) միջազգային հարաբերություններում պատշաճ կերպով և հետևողականորեն ներկայացնել Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները.

6) պաշտպանել օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

7) դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերություններ իրականացնել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

8) համակարգել սփյուռքահայության հետ հարաբերությունները.

9) իր լիազորությունների սահմաններում ապահովել Արցախի Հանրապետության պետական արարողակարգը.

10) ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում Արցախի Հանրապետության պետական մարմիններին` արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելու համար։

8. Նախարարության լրիվ անվանումն է՝

հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

ռուսերեն լրիվ անվանումը՝ Министерство иностранных дел Республики Арцах,

անգլերեն լրիվ անվանումը՝ Ministry of Foreign Affairs of the Republic of Artsakh:

9. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց 28:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ներկայացնում է Արցախի Հանրապետությունը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

2) իրագործում է Արցախի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարությունը.

3) համակարգում է միջազգային հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի ոլորտում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.

4) իրականացնում է «Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Արցախի Հանրապետության օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները, մասնավորապես.

ա. կազմակերպում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթները և համակարգում է այդ բնագավառում գործադիր իշխանության այլ մարմինների գործունեությունը,

բ. վարում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը,

գ. գրանցման է ներկայացնում Արցախի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը,

դ. հրապարակում է Արցախի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը,

ե. կատարում է Արցախի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները,

զ. իրականացնում է ընդհանուր հսկողություն Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին, Արցախի Հանրապետության կառավարությանը.

5) ապահովում է Արցախի Հանրապետության գործունեությունը և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում, համաժողովներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում.

6) աջակցում է Արցախի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների տարածմանը օտարերկրյա պետություններում.

7) լուսաբանում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ առնչվող հիմնահարցերը.

8) առաջարկություններ է պատրաստում միջազգային հարաբերությունների բնագավառում Արցախի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Արցախի Հանրապետության օրենսդրությունը Արցախի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ.

9) իրականացնում է Արցախի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ընդհանուր վերահսկողություն.

10) իրականացնում է պաշտոնական կապը Արցախի Հանրապետությունում գործող դիվանագիտական առաքելությունների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ և աջակցում է նրանց գործունեությանը.

11) իրականացնում է հյուպատոսական գործունեություն՝ համաձայն «Հյուպատոսական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի.

12) իրականացնում է դիվանագիտական և հյուպատոսական փոստի առաքումը և ստացումը.

13) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահմանյան ուղևորությունները և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պատվիրակությունների՝ Արցախի Հանրապետություն կատարվող այցելությունները.

14) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումը.

15) կազմակերպում է արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ սեմինարներ և հանդիպումներ ու մասնակցում է միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների և այլ հավաքների աշխատանքներին.

16) կազմակերպում է Արցախի Հանրապետության դիվանագիտական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման աշխատանքները, նախարարության համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը, անցկացնում է ատեստավորում, կազմակերպում է աշխատողների և կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքները.

17) համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների հետ և անհրաժեշտության դեպքում, նրանց հետ համատեղ կազմակերպում է հանդիպումներ, կազմում է աշխատանքային խմբեր և հանձնաժողովներ, արձակում համատեղ հրամաններ.

18) ապահովում է նախարարության գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի գործնական կիրառումը, մշակում է արտաքին քաղաքականության ոլորտի հետ առնչվող իրավական ակտերի նախագծեր և սահմանված կարգով դրանք ներկայացնում է Արցախի Հանրապետության կառավարությանը.

19) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու համար.

20) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իրավասու է ներդնել համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարել վարչական վիճակագրական ռեգիստրներ.

21) իրականացնում է այլ գործառույթներ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Նախարարությունը գլխավորում և նախարարության համակարգի մեջ մտող պետական մարմինների գործունեությունը կազմակերպում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ՝ Նախարար), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Արցախի Հանրապետության Նախագահը։ Նախարարն ունի տեղակալ (ներ), որոնց պաշտոնի է նշանակում և ազատում Արցախի Հանրապետության Նախագահը։

Իր գործունեության ընթացքում Նախարարն առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, առկա իրավիճակի և հեռանկարային զարգացումների ապահովման համար:

13. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին։

14. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացման, ինչպես նաև նախարարության գործառույթների կատարման համար.

3) օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի կառավարությանը.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր.

5) կատարում է Նախարարի տեղակալների միջև աշխատանքի բաշխումը, սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

6) հաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները և պաշտոնների նկարագրերը, օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կառուցվածքը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի, նախարարության համակարգի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարականները, կարգադրությունները և ցուցումները.

8) լսում և կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է գործունեության ստուգման արդյունքները, հաստատում է նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

9) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ, ինչպես նաև նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ․

10) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

11) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

12) հանդես է գալիս Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության վերաբերյալ հաշվետվություններով և հաղորդումներով.

13) բանակցություններ է վարում և ստորագրում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

14) ղեկավարում է օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքները.

15) իր ստորագրությամբ ամրագրում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավատարմագրերը, հետկանչագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը.

16) Արցախի Հանրապետության օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում նշանակում և ազատում է գործերի հավատարմատարներին.

17) Նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.

18) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայողին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից.

19) հաստատում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.

20) առաջարկություններ է ներկայացնում միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերությունների հետ առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.

21) սահմանված կարգով խրախուսում է կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

22) ստեղծում է աշխատանքային խմբեր և խորհրդակցական մարմիններ (այդ թվում՝ կոլեգիա).

23) տրամադրում է արձակուրդ նախարարության գլխավոր քարտուղարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

24) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

15. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ Նախարարի պարտականությունները կատարում է Նախարարի տեղակալներից մեկը:

16. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում, վերահսկում և իրականացնում է արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ.

2) մասնակցում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը.

3) Նախարարի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում վերահսկում և համակարգում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքները.

4) նախապատրաստում է Նախարարի մոտ քննարկման ենթակա հարցերը և մասնակցում է այդ քննարկումներին.

5) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

6) պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Նախարարին իր կողմից համակարգվող ոլորտում տիրող իրավիճակի մասին.

7) ապահովում է իր կողմից համակարգվող ոլորտում Նախարարի հրամանների և ցուցումների կատարման վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում Նախարարին.

8) կատարում է Նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

17. Նախարարն ունի խորհրդականներ, օգնական, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրն է ապահովել նախարարության կանոնադրությամբ և իրավական ակտերով իրեն վերապահված նպատակների և խնդիրների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

20. Նախարարության աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Արցախի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրության հիման վրա:

21. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

22. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն լեզվով իր անվանումը պարունակող կլոր կնիք: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ իր անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

23. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

24. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովմանը:

25. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

26. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

27. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

28. Նախարարության աշխատակազմի անվանումն է «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Նախարարության աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

30. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

31. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

33. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի վարչության կարգավիճակ, եթե այն ընդգրկում է առնվազն յոթ հաստիքային միավոր: Վարչությունը ղեկավարում է վարչության պետը:

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի բաժնի կարգավիճակ, եթե այն ընդգրկում է առնվազն երեք հաստիքային միավոր: Բաժինը ղեկավարում է բաժնի վարիչը:

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքով:

36. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակիցների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքով:

37. Նախարարության կողմից հիմնադրած և իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունը, Նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում: Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը:

39. Արցախի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության կանոնադրությունը.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է:

41. Գլխավոր քարտուղարը պաշտոնի է նշանակվում Նախարարի հրամանով և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը:

42. Գլխավոր քարտուղարը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:

43. Գլխավոր քարտուղարը`

1) Նախարարի ստորագրությանն է ներկայացնում Նախարարի հրամանները, հանձնարարականները և կարգադրությունները.

2) կազմակերպում է Նախարարի հրամանների, հանձնարարականների առաքումը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ և դիվանագիտական ծառայության մարմիններ.

3) կազմակերպում է նախարարությունում ստեղծված խորհրդակցական մարմինների (այդ թվում` կոլեգիայի) նիստերը, նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերի խորհրդակցությունները, դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.

4) մասնակցում է Նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին.

5) ապահովում է աշխատակազմում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, համակարգում է դիվանագիտական ծառայության պաշտոնի համար անցկացվող մրցույթների, դիվանագետների ատեստավորման, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատանքները, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողների, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով, Արցախի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

7) կազմակերպում է նախարարության աշխատակազմի և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների մասով Արցախի Հանրապետության պետական բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներն ու ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

8) իր լիազորության սահմաններում ապահովում է կապը պետական կառավարման այլ մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հետ.

9) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի կնքում է գործարքներ.

10) Նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան ֆինանսական ու վարչական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը), նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

11) իր լիազորության սահմաններում Նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի վարչական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

12) կազմակերպում է Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

13) կազմակերպում է նախարարությունում գործավարության աշխատանքները.

14) կազմակերպում է նախարարության գործունեության տեխնիկական սպասարկման աշխատանքները` գործերի կառավարչության միջոցով.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության գլխավոր քարտուղարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ և հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

(Հավելված N 1-ը խմբ. 24.10.2017 N 73-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«27» դեկտեմբերի 2012թ. N 942-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Միջազգային կառույցների և հումանիտար համագործակցության վարչություն

2. Երկկողմ քաղաքական հարաբերությունների վարչություն

3. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

4. Քարտուղարություն

5. Սփյուռքի բաժին

6. Հյուպատոսական բաժին

7. Պետական արարողակարգի բաժին

8. Ֆինանսական բաժին

9. Վարչատեխնիկական սպասարկման բաժին

(Հավելված N 2-ը խմբ. 24.10.2017 N 73-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ