Համարը 
N 942-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.12.29/29(219)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2012թ.

N 942-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 7-րդ և 11-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 52 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 942-Ն որոշման 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից, տեղակալներից և նախարարության աշխատակազմից:

Նախարարության համակարգը ներառում է`

1) նախարարության աշխատակազմը.

2) օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները։

Նախարարության համակարգը կարող է ընդգրկել իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`

1) հետևողական աշխատանք տանել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը.

2) մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակման գործընթացին.

3) ներկայացնել համապատասխան առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.

4) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականությունը.

5) միջազգային հարաբերություններում պատշաճ կերպով և հետևողականորեն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն ու իրավունքները.

6) պաշտպանել օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

7) դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերություններ իրականացնել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

8) համակարգել սփյուռքահայության հետ հարաբերությունները.

9) իր լիազորությունների սահմաններում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արարողակարգը.

10) ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելու համար:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

2) իրագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարությունը.

3) համակարգում է միջազգային հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի ոլորտում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.

4) իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները, մասնավորապես.

ա. կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթները և համակարգում է այդ բնագավառում գործադիր իշխանության այլ մարմինների գործունեությունը.

բ. վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը.

գ. գրանցման է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը.

դ. հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը.

ե. կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները.

զ. իրականացնում է ընդհանուր հսկողություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

5) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործունեությունը և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում, համաժողովներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում.

6) աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների տարածմանը օտարերկրյա պետություններում.

7) լուսաբանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ առնչվող հիմնահարցերը.

8) առաջարկություններ է պատրաստում միջազգային հարաբերությունների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ.

9) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ընդհանուր վերահսկողություն.

10) իրականացնում է պաշտոնական կապը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող դիվանագիտական առաքելությունների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ և աջակցում է նրանց գործունեությանը.

11) իրականացնում է հյուպատոսական գործունեություն՝ համաձայն «Հյուպատոսական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի.

12) իրականացնում է դիվանագիտական և հյուպատոսական փոստի առաքումը և ստացումը.

13) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահմանյան ուղևորությունները և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պատվիրակությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարվող այցելությունները.

14) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումը.

15) կազմակերպում է արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ սեմինարներ և հանդիպումներ ու մասնակցում է միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների և այլ հավաքների աշխատանքներին.

16) կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման աշխատանքները, նախարարության համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը, անցկացնում է ատեստավորում, կազմակերպում է աշխատողների և կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքները.

17) համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների հետ և անհրաժեշտության դեպքում, նրանց հետ համատեղ կազմակերպում է հանդիպումներ, կազմում է աշխատանքային խմբեր և հանձնաժողովներ, արձակում համատեղ հրամաններ.

18) ապահովում է նախարարության գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի գործնական կիրառումը, մշակում է արտաքին քաղաքականության ոլորտի հետ առնչվող իրավական ակտերի նախագծեր և սահմանված կարգով դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.

19) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկում, տալիս դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու համար.

20) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իրավասու է ներդնել համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարել վարչական վիճակագրական ռեգիստրներ.

21) իրականացնում է այլ գործառույթներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Նախարարն ունի տեղակալ (ներ), որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Իր գործունեության ընթացքում նախարարը առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, առկա իրավիճակի և հեռանկարային զարգացումների ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացման, ինչպես նաև նախարարության գործառույթների կատարման համար.

3) օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր.

5) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը, սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

6) hաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները և պաշտոնների նկարագրերը, օտարերկրյա պետություններում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կառուցվածքը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի, նախարարության համակարգի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարականները, կարգադրությունները և ցուցումները.

8) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է գործունեության ստուգման արդյունքները, հաստատում է նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

9) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

12) հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության վերաբերյալ հաշվետվություններով և հաղորդումներով.

13) վարում է բանակցություններ և ստորագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

14) ղեկավարում է օտարերկրյա պետություններում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքները.

15) իր ստորագրությամբ ամրագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավատարմագրերը, հետկանչագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը.

16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում նշանակում և ազատում է գործերի հավատարմատարներին.

17) նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.

18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայողին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է.

19) հաստատում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.

20) առաջարկություններ է ներկայացնում միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերությունների հետ առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.

21) սահմանված կարգով խրախուսում է կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

22) ստեղծում է աշխատանքային խմբեր և խորհրդակցական մարմիններ (այդ թվում կոլեգիա).

23) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում, վերահսկում և իրականացնում է արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ.

2) մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը.

3) նախարարի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում վերահսկում և համակարգում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքները.

4) նախապատրաստում է նախարարի մոտ քննարկման ենթակա հարցերը և մասնակցում է այդ քննարկումներին.

5) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

6) պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում նախարարին իր կողմից համակարգվող ոլորտում տիրող իրավիճակի մասին.

7) ապահովում է իր կողմից համակարգվող ոլորտում նախարարի հրամանների և ցուցումների կատարման վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, օգնական, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրն է ապահովել նախարարության կանոնադրությամբ և իրավական ակտերով իրեն վերապահված նպատակների և խնդիրների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։

18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանն հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն լեզվով իր անվանումը պարունակող կլոր կնիք: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ իր անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մանսակցության ապահովմանը:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց 28:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի վարչության կարգավիճակ, եթե այն ընդգրկում է առնվազն յոթ հաստիքային միավոր: Վարչությունը ղեկավարում է վարչության պետը:

33. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումը ունի բաժնի կարգավիճակ, եթե այն ընդգրկում է առնվազն երեք հաստիքային միավոր: Բաժինը ղեկավարում է բաժնի վարիչը:

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային տորաբաժանումների դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

35. Նախարարության կողմից հիմնադրած և իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

36. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում: Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը:

37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության կանոնադրությունը.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

38. Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է:

39. Գլխավոր քարտուղարը պաշտոնի է նշանակվում նախարարի հրամանով և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը:

40. Գլխավոր քարտուղարը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:

41. Գլխավոր քարտուղարը`

1) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, հանձնարարականները և կարգադրությունները.

2) կազմակերպում է նախարարի հրամանների, հանձնարարականների առաքումը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ և դիվանագիտական ծառայության մարմիններ.

3) կազմակերպում է նախարարությունում ստեղծված խորհրդակցական մարմինների (այդ թվում` կոլեգիայի) նիստերը, նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերի խորհրդակցությունները, դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.

4) մասնակցում է նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին.

5) ապահովում է աշխատակազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, համակարգում է դիվանագիտական ծառայության պաշտոնի համար անցկացվող մրցույթների, դիվանագետների ատեստավորման, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատանքները, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողների, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

7) կազմակերպում է նախարարության աշխատակազմի և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների մասով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներն ու ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

8) իր լիազորության սահմաններում ապահովում է կապը պետական կառավարման այլ մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հետ.

9) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի կնքում է գործարքներ.

10) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան ֆինանսական ու վարչական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը), նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

11) իր լիազորության սահմաններում նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի վարչական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

12) կազմակերպում է նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

13) կազմակերպում է նախարարությունում գործավարության աշխատանքները.

14) կազմակերպում է նախարարության գործունեության տեխնիկական սպասարկման աշխատանքները` գործերի կառավարչության միջոցով.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

42. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության գլխավոր քարտուղարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

43. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ և հայտարարագրեր:

45. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

46. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 942-Ն որոշման 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

 ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Միջազգային կառույցների և հումանիտար համագործակցության վարչություն

 

2. Երկկողմ քաղաքական հարաբերությունների վարչություն

 

3. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

4. Քարտուղարություն

 

5. Սփյուռքի բաժին

 

6. Հյուպատոսական ծառայության բաժին

 

7. Պետական արարողակարգի ծառայության բաժին

 

8. Ֆինանսական բաժին

 

9. Վարչատեխնիկական սպասարկման բաժին

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ