Համարը 
N 52
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.03.18/08(17)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.02.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.02.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.12.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "03" փետրվարի 2006թ.

N 52

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2006թ. փետրվարի 3-ի

թիվ 52 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

1.2 Նախարարությունը ստեղծվում, վերակազմավորվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով:

1.3 Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

1.4 Նախարարությունն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, միջազգային իրավունքի նորմերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

1.5 Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու հայերեն և այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և նույնականացման այլ միջոցներ:

1.6 Նախարարության գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, 28:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

2.1 Նախարարության համակարգը ներառում է.

2.1.1 նախարարության կենտրոնական աշխատակազմը (նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները),

2.1.2 օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունները, միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունները, օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները և հատուկ առաքելությունները:

2.1.3 նախարարության համակարգը կարող է ընդգրկել իր կողմից հիմնադրած, ինչպես նաև նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

3.1 Նախարարության նպատակներն ու խնդիրներն են՝

3.1.1 հետևողական աշխատանք տանել` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը.

3.1.2 մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակման գործընթացին.

3.1.3 ներկայացնել համապատասխան առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին և կառավարությանը.

3.1.4 իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականությունը.

3.1.5 միջազգային հարաբերություններում պատշաճ կերպով և հետևողականորեն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն ու իրավունքները.

3.1.6 պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը օտարերկրյա պետություններում.

3.1.7 դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերություններ իրականացնել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

3.1.8 համակարգել սփյուռքահայության հետ հարաբերությունները.

3.1.9 իր լիազորությունների սահմաններում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արարողակարգը.

3.1.10 ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելու համար:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

4.1 Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

4.1.1 ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

4.1.2 իրագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարությունը.

4.1.3 համակարգում է միջազգային հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների գործունեությունը.

4.1.4 իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները, մասնավորապես.

4.1.4.1 կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթները և համակարգում է այդ բնագավառում գործադիր իշխանության այլ մարմինների գործունեությունը.

4.1.4.2 վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը.

4.1.4.3 գրանցման է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը.

4.1.4.4 հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը.

4.1.4.5 կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները.

4.1.4.6 իրականացնում է ընդհանուր հսկողություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

4.1.5 ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործունեությունը և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում, համաժողովներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում.

4.1.6 աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների տարածմանը օտարերկրյա պետություններում.

4.1.7 լուսաբանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության հետ առնչվող հիմնահարցերը.

4.1.8 առաջարկություններ է պատրաստում միջազգային հարաբերությունների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ.

4.1.9 իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ընդհանուր վերահսկողություն.

4.1.10 իրականացնում է պաշտոնական կապը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ և աջակցում նրանց գործունեությանը.

4.1.11 իրականացնում է օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.

4.1.12 իրականացնում է հյուպատոսական գործունեություն՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի.

4.1.13 իրականացնում է դիվանագիտական և հյուպատոսական փոստի առաքումը և ստացումը.

4.1.14 անհրաժեշտության դեպքում կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահմանյան ուղևորությունները և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պատվիրակությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարվող այցելությունները.

4.1.15 իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումը.

4.1.16 կազմակերպում է արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ սեմինարներ և հանդիպումներ ու մասնակցում է միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների և այլ հավաքների աշխատանքներին.

4.1.17 կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման աշխատանքները, նախարարության համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը, անցկացնում է ատեստավորում, կազմակերպում է աշխատողների և ղեկավար մակարդակի կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքները.

4.1.18 համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների հետ և անհրաժեշտության դեպքում, նրանց հետ համատեղ կազմակերպում է հանդիպումներ, կազմում է աշխատանքային խմբեր և հանձնաժողովներ, արձակում համատեղ հրամաններ.

4.1.19 ապահովում է նախարարության գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի գործնական կիրառումը, մշակում է արտաքին քաղաքականության ոլորտի հետ առնչվող իրավական ակտերի նախագծեր և սահմանված կարգով դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.

4.1.20 կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու համար.

4.1.21 օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իրավասու է ներդնել համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարել վարչական վիճակագրական ռեգիստրներ.

4.1.22 իրականացնում է այլ գործառույթներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

5.1 Նախարարությունը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Իր գործունեության ընթացքում նախարարը առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5.2 Նախարարն իրականացնում է Նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, առկա իրավիճակի և հեռանկարային զարգացումների ապահովման համար:

5.3 Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

5.4 Նախարարը՝

5.4.1 իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

5.4.2 ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացման, ինչպես նաև նախարարության գործառույթների կատարման համար.

5.4.3 օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը.

5.4.4 իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր.

5.4.5 սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

5.4.6 հաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները և պաշտոնների նկարագրերը, օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունների կառուցվածքը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

5.4.7 կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրահանգները, հանձնարարականները, կարգադրությունները և ցուցումները.

5.4.8 ընդունում և կառավարության հաստատմանն է ներկայացնում Նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է գործունեության ստուգման արդյունքները, հաստատում է նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

5.4.9 վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

5.4.10 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, նախարարության կառուցվածքը.

5.4.11 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թվաքանակը.

5.4.12 հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության վերաբերյալ հաշվետվություններով և հաղորդումներով.

5.4.13 բանակցություններ է վարում և ստորագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

5.4.14 ղեկավարում է օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքները.

5.4.15 իր ստորագրությամբ ամրագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանների, միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրերը, հետկանչագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը.

5.4.16 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում նշանակում և ազատում է գործերի հավատարմատարներին.

5.4.17 օտարերկրյա պետություններում նշանակում է հյուպատոսներ և պատվավոր հյուպատոսներ, նրանց տալիս է հյուպատոսական արտոնագրեր.

5.4.18 Նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.

5.4.19 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից.

5.4.20 հաստատում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.

5.4.21 առաջարկություններ է ներկայացնում միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերությունների հետ առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.

5.4.22 սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

5.4.23 ստեղծում է խորհրդակցական մարմիններ (այդ թվում՝ կոլեգիա).

5.4.24 իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

5.5 Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

5.6 Նախարարի տեղակալը՝

5.6.1 համակարգում, վերահսկում և իրականացնում է արտաքին քաղաքական գործունեության ուղղությունները.

5.6.2 մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը.

5.6.3 վերահսկում և համակարգում է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքները.

5.6.4 նախապատրաստում է նախարարի մոտ քննարկման ենթակա հարցերը և մասնակցում այդ քննարկումներին.

5.6.5 իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

5.6.6 կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

5.7 Նախարարն ունի խորհրդականներ և օգնական, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախարարը:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

6.1 Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրն է ապահովել նախարարության կանոնադրությամբ և իրավական ակտերով իրեն վերապահված նպատակների և խնդիրների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

6.2 Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

6.3 Նախարարության աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովմանը:

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

7.1 Նախարարության գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

7.2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից նախարարությանը հանձնված գույքը:

7.3 Նախարարությունն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:

 

8. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

8.1 Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

8.2 Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի վարչության կարգավիճակ, եթե այն ընդգրկում է առնվազն յոթ հաստիքային միավոր: Վարչությունը ղեկավարում է վարչության պետը:

8.3 Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի բաժնի կարգավիճակ, եթե այն ընդգրկում է առնվազն երեք հաստիքային միավոր: Բաժինը ղեկավարում է բաժնի պետը:

8.4 Նախարարությունն ունի քարտուղարություն, որը ղեկավարում է գլխավոր քարտուղարը:

8.5 Գլխավոր քարտուղարը նշանակվում է արտաքին գործերի նախարարի կողմից և ապահովում դիվանագիտական ծառայության շարունակականությունը:

8.6 Գլխավոր քարտուղարը՝

8.6.1 Նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, հանձնարարականները և կարգադրությունները.

8.6.2 կազմակերպում է նախարարի հրամանների, հանձնարարականների առաքումը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ և դիվանագիտական ծառայության մարմիններ.

8.6.3 կազմակերպում է նախարարությունում ստեղծված խորհրդակցական մարմինների (այդ թվում՝ կոլեգիայի) նիստերը, նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերի խորհրդակցությունները, դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.

8.6.4 մասնակցում է նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին.

8.6.5 համակարգում է դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակման մրցույթների, դիվանագետների ատեստավորման, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատանքների հետ կապված միջոցառումների կազմակերպման աշխատանքները.

8.6.6 կազմակերպում է նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

8.6.7 կազմակերպում է նախարարությունում գործավարության աշխատանքները.

8.7 Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակիցների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագետ կամ քաղաքացիական ծառայող չհանդիսացող աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համապատասխան:

 

9.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9.1 Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:

9.2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

9.2.1 հաստատում է նախարարության կանոնադրությունը.

9.2.2 որոշում է նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը.

9.2.3 հաստատում է նախարարության կառուցվածքը.

9.2.4 իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

10. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.1 Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ և հայտարարագրեր:

10.2 Նախարարության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան