| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«25» ապրիլի 2008թ.
Պետական գրանցման թիվ 874 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը և «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«16» ապրիլի 2008թ.
N 48 հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հիմնական խնդիրները և գործառույթները, կազմավորման սկզբունքները և աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:
II. Հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 199 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգի (այսուհետ՝ որակավորման կարգ) պահանջներին համապատասխան դիմողների որակավորման քննությունների (այսուհետ՝ քննություն) կազմակերպումը և անցկացումը:
2) Հանձնաժողովի գործունեության և քննության կազմակերպման, որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:
4. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ`
1) դիմողի քննությանը մասնակցելու դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ,
2) դիմողին չներկայացած համարելու վերաբերյալ,
3) մասնակցին քննասենյակից դուրս հրավիրելու վերաբերյալ,
4) մասնակցին որակավորված կամ չորակավորված համարելու վերաբերյալ,
5) որակավորված աշխատակցի վկայականը (այսուհետ` վկայական) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ,
6) իր իրավասության սահմաններում որակավորման քննությունների կազմակերպմանը և անցկացմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
III. Հանձնաժողովի կազմավորման սկզբունքները և աշխատակարգը
5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:
6. Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը:
7. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են պարբերաբար՝ հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված անդամի որոշմամբ սահմանված ժամկետներում, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում:
8. Հանձնաժողովի որոշումները ենթակա են արձանագրման:
Արձանագրությունում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,
2) հանձնաժողովի նիստին ներկա անդամների կազմը,
3) քննարկվող հարցի բովանդակությունը,
4) հանձնաժողովի որոշման բովանդակությունը,
5) էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
9. Որակավորման կարգին համապատասխան հանձնաժողովի որոշումները դիմողի կողմից բողոքարկվելու դեպքում ենթակա են արձանագրման նաև բողոքը ներկայացրած անձի բացատրությունները, ապացույցները և դրանց քննարկման արդյունքում հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը:
10. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում որոշումը կայացվում է ի օգուտ դիմորդի:
11. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որոշումը կայացվում է առանձին սենյակում (դռնփակ):
12. Որակավորման կարգով նախատեսված որոշումների ընդունումն ապահովելու և հանձնաժողովի գործունեությունը կազմակերպելու համար հանձնաժողովի նախագահը`
1) սահմանում է քննությունների անցկացման ժամկետները,
2) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և վկայականները,
4) իր լիազորությունների սահմաններում ընդունում է այլ որոշումներ:
13. Հանձնաժողովի քարտուղարը, կամ նրա բացակայության ժամանակ հանձնաժողովի նախագահի որոշմամբ քարտուղարի պարտականությունները կատարող հանձնաժողովի այլ անդամը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, դրանց քաղվածքները և ստորագրում դրանք,
3) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, որակավորման կարգին և հանձնաժողովի որոշումներին համապատասխան, իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ աշխատանքներ:
14. Հանձնաժողովի մյուս անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, իրականացնում են հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ աշխատանքներ` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` որակավորման կարգին և հանձնաժողովի որոշումներին համապատասխան,
2) հանձնաժողովի նիստերին մասնակցելու հնարավորություն չունենալու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
15. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է հանձնաժողովի այլ անդամ` ԼՂՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից:
16. Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի բացակայության դեպքում այլ անձինք չեն կարող նրան փոխարինել:
17. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:
18. Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, ինչպես նաև դիմողի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով, համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանման հետ, որը կազմակերպում է դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, ուսումնասիրումը, պահպանումը, ինչպես նաև ապահովում է դրանց ամփոփ տեսքով ներկայացումը հանձնաժողովին: