Համարը 
N 118-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.11.20/21(335)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.11.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.06.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2017թ.

N 118-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ, 73-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

1) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 24-ի N 442 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 24-ի N 443 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 461-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված N 1

 

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի նոյեմբերի 6-ի N 118-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և սպորտի բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարության անվանումն է`

հայերեն` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն,

ռուսերեն` Министерство образования, науки и спорта Республики Арцах,

անգլերեն` Ministry of Education, Science and Sport of the Artsakh Republic:

6. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) բնակչության հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումն, ազգային և համամարդկային արժեքների պահպանումն ու զարգացումը, կրթության, գիտության, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման միասնական պետական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.

2) կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի` մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.

3) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.

4) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների պատրաստումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

5) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործում.

6) բնակչության մտավոր և ֆիզիկական դաստիարակության, ինչպես նաև մասնագիտական զարգացման համար բարենպաստ ու հավասար պայմանների և հնարավորությունների ապահովումը, հաշմանդամների համար կրթությամբ, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմանների ստեղծումը.

7) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը.

8) ֆիզկուլտուրային և մարզական հանրապետական միջոցառումների անցկացումը.

9) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների պատրաստմանն աջակցումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.

10) ուսումնական հաստատությունների, մարզական կառույցների ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը.

11) հանրապետությունում տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն ըստ ամենայնի աջակցելը.

12) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Արցախի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.

13) ուսումնական, գիտական հաստատություններում և մարզական կառույցներում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը, պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու այդ բնագավառներում Արցախի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.

2) կրթության և սպորտի զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.

3) կրթության և սպորտի բնագավառներում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.

4) կրթության, գիտության, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

5) դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգի սահմանում.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.

7) իր իրավասության սահմաններում լիցենզավորման գործընթացների կազմակերպում և լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ուսումնասիրությունների և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.

8) ըստ կրթական ծրագրերի և կրթության ձևերի, մարզաձևերի` լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճների, համակարգչային դասարանի (լսարանի) նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակների, ուսումնադիդակտիկ հագեցվածության, գեղարվեստական, տեղեկատվական և այլ գրականության չափաքանակների մշակում և հաստատում.

9) ուսումնական հաստատությունների, մարզական կառույցների ղեկավար, մանկավարժական, մարզչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջների սահմանում.

10) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի հիման վրա հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու նպատակով տեղում ուսումնասիրությունների իրականացում.

11) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ֆիզկուլտուրային և սպորտային տարածքային քաղաքականության իրականացման ապահովում.

12) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.

13) Արցախի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական, զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական և մարզական բնույթի միջոցառումների, հանրապետական առաջնությունների, չեմպիոնատների և հավաքների անցկացում, կրթության, գիտության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

14) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.

15) կրթության և սպորտի զարգացման պետական ծրագրի, պետական կրթական և մարզական չափորոշիչների մշակում ու դրանց իրականացման աշխատանքների համակարգում.

16) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության և սպորտի ոլորտի ծրագրերի իրականացման կազմակերպում և մոնիթորինգ.

17) կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների մասնագետների հաշվառում և նրանց նկատմամբ հանրապետության պահանջարկի ուսումնասիրում, համակարգի մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովում.

18) հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ապահովում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովում.

19) ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման և ատեստավորման կարգերի մշակում և հաստատում.

20) տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգի սահմանում.

21) պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշների մշակում և հաստատում.

22) «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն ուսանող», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն զինղեկ», «Տարվա լավագույն աշակերտ», «Տարվա լավագույն խմբակավար» ամենամյա մրցույթի անցկացման կարգերի մշակում և հաստատում.

23) Արցախի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգի մշակում և հաստատում.

24) Արցախի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին ու կազմակերպություններին մարզահագուստով, մարզագույքով և սարքավորումներով ապահովելու աշխատանքներին մասնակցություն.

25) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների համակարգում.

26) կրթության, գիտության և սպորտի բնագավառներում պետական պարգևների ներկայացման և գերատեսչական պարգևների շնորհման աշխատանքների համակարգում.

27) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

28) նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.

29) Արցախի Հանրապետության կրթության, գիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգ, այդ բնագավառներում Արցախի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.

30) նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով գերատեսչական մեդալի սահմանում, այդ մեդալով պարգևատրման կարգի մշակում և հաստատում.

31) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

32) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում.

33) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի և դրանք վարելու կարգի հաստատում.

34) լրացուցիչ կրթության զարգացման ապահովում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

35) բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի հաստատում.

36) Արցախի Հանրապետության օրենքներով և Արցախի կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը գլխավորում և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը կառավարում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

13. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում և հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` նախարարը գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) աշխատակազմի ղեկավարի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

9) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կանոնադրությունները և ցուցումները.

11) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

12) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ, ինչպես նաև նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

13) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

14) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.

15) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

17) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):

15. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18.Նախարարության աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Արցախի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Թումանյան փողոց 48:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան` օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները` (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

38. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրմանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը`

1) իր լիազորության սահմաններում համակարգում է աշխատակազմի գործունեությունը` աշխատակազմի իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

2) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ և իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

4) պարբերաբար աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում աշխատակազմի ղեկավարին.

6) նախարարի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի նոյեմբերի 6-ի N 118-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

Կրթության և գիտության վարչություն

Սպորտի վարչություն

 

2. Բաժիններ

Ֆինանսատնտեսական բաժին

Ընդհանուր բաժին

Լիցենզավորման և իրավաբանական բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Տեսչություններ

Կրթության պետական տեսչություն

Լեզվի տեսչություն

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ