ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
26 հունիսի 2020թ. |
N 126-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի
N 118-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի ՆՀ-3-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 6-ի «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 118-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հունիսի 26-ի N 126-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ
ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարության անվանումն է`
հայերեն` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն,
ռուսերեն` Министерство образования, науки и культуры Республики Арцах
անգլերեն` The Ministry of Education, Science and Culture of the Republic of Artsakh։
6. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) բնակչության հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումն ու զարգացումը, կրթության, գիտության և մշակույթի զարգացման միասնական պետական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
2) կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի` մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.
3) կրթության, գիտության և մշակույթի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
4) կրթության, գիտության և մշակույթի բնագավառների մասնագետների պատրաստումը և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը.
5) կրթության, գիտության և մշակույթի զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակումն ու դրանց իրագործման ապահովումը.
6) մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր, ինչպես նաև մասնագիտական ու մտավոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.
7) կրթագիտական, մշակութային, հոգևոր և ազգային փոքրամասնությունների ոլորտների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակմանն ու նշված ուղղություններով Արցախի Հանրապետության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.
8) կրթագիտական ու մշակութային համակարգերի տեղեկատվական ապահովումը, ուսումնական և մեթոդական միջոցների, նորմատիվ փաստաթղթերի ստեղծումը.
9) հասարակության համաչափ զարգացման պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը, նախարարության հաստատությունների դասախոսական, մանկավարժական կադրերով ապահովումը.
10) ինքնագործ և պրոֆեսիոնալ հայկական ազգային արվեստի հիմնական ուղղությունների սահմանումը, կատարելագործելով մշակութային գործունեության բովանդակությունը, ձևերն ու եղանակները բնակչության հանգիստը ժամանակի պահանջներին համապատասխան կազմակերպելու, նրան ինքնագործ գեղարվեստական ստեղծագործությանը հաղորդակցելու նպատակով.
11) փոխշահավետ պայմաններով մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այլ երկրների և տարբեր միջազգային մշակութային կազմակերպությունների հետ.
12) կրթության, գիտության, մշակույթի համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» օրենքի պահանջների կատարման ապահովումը.
13) մշակութային նոր արժեքների ստեղծմանը նպաստելը.
14) մշակութային արժեքներին հաղորդակցվելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը.
15) Արցախի Հանրապետությունից դուրս գտնվող արցախյան մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը միջազգային նորմերի շրջանակներում.
16) հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդման, մշակութային արժեքների ու հուշարձանների պահպանության և արվեստի ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
17) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.
18) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
19) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.
20) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.
21) հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) կրթության, գիտության, մշակույթի բնագավառների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու այդ բնագավառներում Արցախի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.
2) կրթության և մշակույթի զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.
3) կրթության և մշակույթի բնագավառներում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.
4) կրթության, գիտության, մշակույթի բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.
5) դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգի սահմանում.
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.
7) իր իրավասության սահմաններում լիցենզավորման գործընթացների կազմակերպում և լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ուսումնասիրությունների և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.
8) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի հիման վրա հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու նպատակով տեղում ուսումնասիրությունների իրականացում.
9) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.
10) կրթության և մշակույթի զարգացման պետական ծրագրի, պետական կրթական և մշակութային չափորոշիչների մշակում ու դրանց իրականացման աշխատանքների համակարգում.
11) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության և մշակութային ոլորտի ծրագրերի իրականացման կազմակերպում և մոնիթորինգ.
12) կրթության, գիտության, մշակույթի բնագավառների մասնագետների հաշվառում և նրանց նկատմամբ հանրապետության պահանջարկի ուսումնասիրում, համակարգի մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովում.
13) հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ապահովում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ դասագրքերով ապահովում.
14) ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման և ատեստավորման կարգերի մշակում և հաստատում.
15) տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգի սահմանում.
16) պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշների մշակում և հաստատում.
17) «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն ուսանող», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն զինղեկ», «Տարվա լավագույն աշակերտ», «Տարվա լավագույն խմբակավար» ամենամյա մրցույթի անցկացման կարգերի մշակում և հաստատում.
18) Արցախի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգի մշակում և հաստատում.
19) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների համակարգում.
20) նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.
21) նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով մեդալի սահմանում, այդ մեդալով պարգևատրման կարգի մշակում և հաստատում.
22) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
23) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում.
24) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի և դրանք վարելու կարգի հաստատում.
25) լրացուցիչ կրթության զարգացման ապահովում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.
26) բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի հաստատում.
27) մշակում ու իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումներ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
28) ապահովում է պետական թանգարանների, գրադարանների և պատկերասրահների հավաքածուների պետական հաշվառումը, անձնագրավորումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, համալրումը, ներկայացումը, օգտագործումը և հանրահռչակումը, դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև թանգարանների, գրադարանների և պատկերասրահների հավաքածուներից ֆիզիկապես մաշված գրականության ու թանգարանային առարկաների դուրսգրումը.
29) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, իրացնում՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից մշակութային ժառանգության առանձին առարկաների պետության անունից գնման առաջնահերթության նախապատվության իրավունքը.
30) ներդնում է մշակութային արժեքների անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր՝ պետական թանգարաններում, գրադարաններում, պատկերասրահներում ու պետական այլ պահոցներում.
31) սահմանում է պետական թանգարաններում և պատկերասրահներում թանգարանային առարկաներին ու թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).
32) իրականացնում է գրադարանային աշխատանքների համակարգումը, ստեղծում գրադարանային տեղեկատվական ցանցեր.
33) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.
34) կազմակերպում է ոչ նյութական մշակութային ժառանգութան օբյեկտների և ժողովրդական արհեստների հավաքագրման, ուսումնասիրման, տարածման ու հնարահռչակման աշխատանքներ, կատարում ոչ նութական մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բնագավառի մասնագետների հաշվառում ու նրանց մասին տվյալների բազայի ստեղծում.
35) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը.
36) պետական աջակցություն է ցուցաբերում մշակույթի ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը.
37) նպաստում է Արցախի Հանրապետության տարածքում, հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
38) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.
39) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի բնագավառում.
40) միջազգային (ներառյալ համահայկական) մշակութային համագործակցության նպատակով այլ պետություններ է գործուղում ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, մասնագետների և աջակցում մշակութային համագործակցության զարգացմանը.
41) համագործակցում և մասնակցում է հայկական և միջազգային մշակութային կազմակերպությունների աշխատանքներին.
42) սահմանում է մշակույթի բնագավառում բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.
43) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
44) սահմանում է մշակույթի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում համապատասխան ոլորտների կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.
45) ապահովում է ոլորտի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մշակույթի պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը.
46) ապահովում է փառատոների, ցուցահանդեսների, ցուցահանդես վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` համահայկական և միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպում.
47) կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.
48) Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական, քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.
49) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
50) ապահովում է մշակութային քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.
51) իրականացնում է մշակույթի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը, մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.
52) հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Արցախի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ, ինչպես նաև՝ կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ.
53) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային տարածքային քաղաքականության իրականացումը.
54) նախքան կրոնական կազմակերպության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը` կրոնական կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն.
55) ապահովում է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգումն ու վերահսկողությունը.
56) տալիս է առաջարկություններ ոլորտի զարգացման ու համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
57) իրականացնում է պատմամշակութային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.
58) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը և իրականացնում այդ աշխատանքները.
59) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
60) արձակում է կարգադրագրեր` ուղղված պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, վերակառուցման, հուշարձանների պահպանական գոտիներում իրականացվող աշխատանքների ընթացքում օրենքի պահանջների խախտման կապակցությամբ աշխատանքների դադարեցմանը կամ արգելմանը, ինչպես նաև օրենքի այլ պահանջների կատարման ապահովմանը կամ դրանց խախտումների կանխարգելմանը.
61) իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.
62) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.
63) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.
64) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում գրացուցակներ (կատալոգներ), ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
65) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).
66) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը և դրա պահպանման վերաբերյալ վերահսկողություն իրականացնում.
67) մշակում, ընդունում և հաշվառում է հուշարձանների պահպանության, օգտագործման, ուսումնասիրման, գիտանախագծային և գիտավերականգնման ու դրանց ուղեկցող աշխատանքների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը.
68) առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն` հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու և պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.
69) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում հուշարձանների անվթարության և միջավայրի պահպանության ապահովումը.
70) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.
71) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
72) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.
73) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է հսկողություն և ընդհանուր կառավարում.
74) ընդունում է իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների որակավորման ստուգման, ատեստավորման կարգերը, իրականացնում որակավորման ստուգումը և ատեստավորումը.
75) սահմանում է իր ենթակայության կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ծառայությունների ցանկերը և սակագները.
76) Արցախի Հանրապետության օրենքներով և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը գլխավորում և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը կառավարում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
11. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
13. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
14. Նախարարը՝
1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում և հրապարակում է ենթաօրենսդրական իրավական ակտեր.
2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` նախարարը գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) աշխատակազմի ղեկավարի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.
7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին և ռեֆերենտներին.
8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
9) կատարում աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
11) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
12) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ, ինչպես նաև նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.
13) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
14) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.
15) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) տրամադրում է արձակուրդ նախարարի տեղակալներին և նախարարության աշխատակազմի ղեկավարին Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.
18) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:
15. Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):
16. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
19. Նախարարության աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
20. Նախարարության աշխատակազմը իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
21. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք`օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Թումանյան փողոց 48:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան` օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, իրականացնող նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:
36. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Աշխատակազմի ղեկավարը ունի տեղակալ որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
39. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ նախարարի հրամանով:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրմանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
45. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը`
1) իր լիազորության սահմաններում համակարգում է աշխատակազմի գործունեությունը` աշխատակազմի իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
2) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ և իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
4) պարբերաբար աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.
5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում աշխատակազմի ղեկավարին.
6) նախարարի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
46. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
47. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
48. Նախարարության աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
49. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
50. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի հունիսի 26-ի N 126-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
1) Կրթության և գիտության վարչություն
2) Մշակույթի վարչություն
2. Բաժիններ
1) Ֆինանսատնտեսական բաժին
2) Ընդհանուր բաժին
3) Լիցենզավորման և իրավաբանական բաժին
2. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Տեսչություններ
1) Կրթության պետական տեսչություն
2) Լեզվի տեսչություն
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |