Համարը 
N 161-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.11.20/21(335)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2017թ.

N 161-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 71-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագիրը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 19 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 և N 2 հավելվածների.

3) որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի նոյեմբերի 16-ի N 161-Ն որոշման

 

 

«Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2005թ. հունվարի 26-ի թիվ 19 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Նախարարությունն ունի կանոնադրություն, Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության լրիվ անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Министерство градостроительства Республики Арцах,

անգլերեն լրիվ անվանումը` Ministry of urban development the Artsakh Republic:

Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցք, N 1 շենք:

8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի շրջանակներում քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, տարածքների ինժեներական պաշտպանության, բնակարանային-կոմունալ տնտեսության, տարածքային հատակագծման և տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների պլանավորման ու զարգացման, դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային ու այլ ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.

2) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.

3) Արցախի Հանրապետության կապիտալ շինարարության բնագավառում պատվիրատուի պարտականությունների իրականացում և կապալային եղանակով Արցախի Հանրապետության տարածքում կապիտալ շինարարության կազմակերպումը.

4) սահմանված կարգով կապիտալ շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը.

5) քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը (ընդունումը, բացի ազգային ստանդարտներից).

6) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական նպատակային ծրագրերի քաղաքաշինական հիմնավորումների մշակման ու իրականացման ապահովումը.

7) բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով հողային պաշարների պետական կառավարման իրականացումը.

8) իր իրավասության սահմաններում բնակավայրի կայուն զարգացման քաղաքականության մշակումը.

9) բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետության տարածքում.

10) քաղաքաշինության բնագավառում գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

11) Արցախի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներահետազննական, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների (այդ թվում` ինժեներական) տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման (անձնագրավորման) ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման ու համակարգման ապահովումը.

12) բնակարանային քաղաքականության (բնակարանային շինարարության), բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

13) իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

14) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Արցախի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

15) միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում բնագավառին ցուցաբերվող օժանդակության և աջակցության ծրագրերի նախապատրաստումն ու դրանց իրականացումը.

16) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը.

17) Արցախի Հանրապետությունում ոլորտի ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում` փոքր և միջին) զարգացմանը նպաստելը.

18) Արցախի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի` սահմանված կարգով հաստատումից հետո դրանցով ամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

19) քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության (քանդման) ու շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.

20) քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.

21) Արցախի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, ամփոփումն ու քաղաքաշինական տեղեկատվական բանկի կազմավորումը.

22) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը.

23) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր իրավասության սահմաններում ոլորտի ներդրումների ներգրավմանն ու դրանց պաշտպանությանը նպաստելը.

2) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետությունում ոլորտի ներդրումային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցելը.

3) առանձին ներդրումային ծրագրերի մշակումը, դրանք սահմանված դեպքերում համապատասխան մարմիններ ներկայացնելը և դրանց իրականացմանը ցուցաբերվող օժանդակության ապահովումը.

4) օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում և կարգով` քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցումը.

5) պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետական-քաղաքաշինական ծառայությունների մեթոդական օժանդակումը.

6) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցելը.

7) շինարարական արտադրության, բնակարանային և իր իրավասության սահմաններում` հողի շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը.

8) բնագավառին (այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը) վերաբերվող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

9) օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կազմակերպումը.

10) իր իրավասության սահմաններում բնագավառին վերաբերվող հարցերի գծով օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման ու իրականացման, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցելը.

11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.

12) իր իրավասության սահմաններում բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տիրապետումը.

13) կապալառու կազմակերպության ֆինանսավորման աշխատանքների կազմակերպումը.

14) շինարարության կատարողականի, այլ առաջնային փաստաթղթերի և հաշվետվությունների կազմումը, շինությունների շահագործման և հանձնման աշխատանքների իրականացումը.

15) կապալառուի մասնակցությամբ՝ կատարված շինարարական աշխատանքների ստուգումը և ընդունումը.

16) կատարված շինարարական աշխատանքների մասին կանոնավոր հաշվետվությունների կազմումը և ներկայացումը Արցախի Հանրապետության կառավարություն.

17) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցությունը և ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը և վերահսկումը.

18) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական ամենամյա ծրագրերի մշակման մասնակցությունը.

19) սոցիալ-տնտեսական ամենամյա ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում գույք ձեռք բերելը և օտարելը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ` նախարար) գլխավորում է նախարարությունը և կառավարում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը: Նախարարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

Նախարարն ունի տեղակալ (ներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար, օգնական և ռեֆերենտ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

Նախարարն Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան ունի արձակուրդի իրավունք: Նախարարին արձակուրդ տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

11. Նախարարն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

13. Նախարարը`

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.

3) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

4) իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը` օրենքով և նախարարության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներակայացնում նախարարության մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին ու ռեֆերենտներին.

12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

13) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

14) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային աստիճաններ, դասային հատուկ կոչումներ.

16) իր լիազորության սահմաններում հիմնում է գերատեսչական պարգևներ.

17) նախարարության աշխատակազմի ղեկավարին տրամադրում է արձակուրդ՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

18) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում նախարարի հրամանով նրա պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

15. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության համակարգի պետական մարմինների և նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերվող հարցերի վերաբերյալ.

11) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով նախատեսված, նախարարի հանձնարարությամբ այլ լիազորություններ:

16. Նախարարի տեղակալը Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և դրանով սահմանված կարգին համապատասխան ունի արձակուրդի իրավունք: Նախարարի տեղակալին արձակուրդ տրամադրվում է նախարարի կողմից:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիզորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Արցախի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմն, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ` հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց 3-րդ նրբանցք, N 1 շենք:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ՝ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները:

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես են գալիս Արցախի Հանրապետության անունից:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն իրավունք ունեն Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն ունեն Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իրենց անվանմամբ` հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

39. Արցախի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, նախարարի հրամանների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը` նախարարի հրամանով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

46. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IX. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

49. Նախարարության գործավարությունը տարվում է նախարարի հրամանով հաստատված` գործավարության կարգին համապատասխան:

 

X. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

50. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման, լուծարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2017 թվականի նոյեմբերի 16-ի N 161-Ն որոշման

 

 

«Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2005թ. հունվարի 26-ի թիվ 19 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Կապիտալ շինարարության վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին

Քաղաքաշինության քաղաքականության և ճարտարապետության բաժին

Շինարարության քաղաքականության և ծրագրերի բաժին

Բնակարանային, կոմունալ քաղաքականության և լիցենզավորման բաժին

Գնագոյացման և տեղեկատվական բաժին

Ճանապարհաշինության քաղաքականության բաժին

Անձնակազմի կառավարման և վարչատնտեսական բաժին

Իրավաբանական բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

 

Քաղաքաշինական պետական տեսչություն»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ