Համարը 
թիվ 58/Մ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.08/18(90)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.05.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈԻՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«05» մայիսի 2008թ.

Պետական գրանցման թիվ 883 

 

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«26» ապրիլի 2008թ.

§2                                                       թիվ 58/Մ

 

 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ, 15-րդ հոդվածի 6-րդ, 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 37-րդ հոդվածի 10-րդ կետերը, ԼՂՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 407 որոշմամբ հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 4-րդ գլուխը և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 9-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Ընդհանուր բաժնին՝ սահմանված կարգով «ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը» ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս.Ասրյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

 Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ կրթության և գիտության

նախարարի 2008թ. ապրիլի 26-ի

թիվ 58/Մ §2 հրամանի

 

Կ Ա Ր Գ

ԼՂՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի N 407 որոշմամբ հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 4-րդ գլխի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 24-ի N 442 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ՝ նախարարություն/ կանոնադրության 2-րդ գլխի 9-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերին համապատասխան:

2. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտներին մեդալով պարգևատրելու գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

2. Սովորողի փոխադրումը դասարանից դասարան և ուսումնական հաստատությունն ավարտելը

 

3. Առաջին դասարանում բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է մնալ նույն դասարանում` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:

4. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

5. 4-րդ դասարանի /տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:

6. 9-րդ դասարանի /հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական:

7. 11-րդ դասարանի /միջնակարգ ուսումնական հաստատության ավարտական դասարան/ ուսումնական բոլոր առարկաներից տարեկան, պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ավարտական վկայական:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով՝ շրջվարչակազմերի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժինների կողմից հաստատված քննական հանձնաժողովին: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում գնահատական նշանակելու համար:

8. 2-8-րդ և 10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ քննական, ինչպես նաև գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:

Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-8-րդ և 10-րդ դասարանների սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ նույն դասարանում մնալու՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

9. 9-րդ դասարանի տարեկան կամ քննական երկու առարկայից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում՝ նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:

10. 9-րդ դասարանում մեկ առարկայից տարեկան կամ քննական անբավարար գնահատական ունեցող սովորողը վերաքննություն կարող է հանձնել վերջին քննությունից հետո՝ եռօրյա ժամկետում:

11-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան կամ քննական անբավարար գնահատականների թիվը չի գերազանցում երկուսից, վերաքննություններ են հանձնում.

ա/ «Հայոց լեզու և Հայ գրականություն», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» քննական առարկաներից՝ հուլիսի 4-10-ը՝ Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցի քննական կենտրոնում:

բ/ Մնացած դեպքերում՝ հունիսի 25-30-ը՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում:

«Հայոց լեզուն» և «Հայ գրականությունը», «Հանրահաշիվը» և «Երկրաչափությունը», «Հայոց պատմությունը» և «Համաշխարհային պատմությունը», «Հայաստանի աշխարհագրությունը» և «Աշխարհագրությունը» համարվում են առանձին առարկաներ:

11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:

4-րդ դասարանի այդ սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

12. 9-րդ դասարանի 16 տարին չլրացած այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:

16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ համաձայնությամբ կարող են դուրս մնալ հանրակրթական ուսումնական հաստատությունից:

18 տարին լրացած այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

13. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին, կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:

9-րդ և 11-րդ դասարաններում հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած սովորողներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն հաստատությունում կրկին քննություններ հանձնել այն առարկաներից, որոնցից ունեն տարեկան կամ քննական անբավարար գնահատական:

Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում` նախարարության գիտությամբ:

Քննաշրջանի ընթացքում կամ ավելի վաղ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սովորողներին իրավունք է վերապահվում զորացրվելուց անմիջապես հետո քննություններ հանձնել նույն ուսումնական հաստատությունում՝ մինչև քննաշրջանի ավարտը:

Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալու հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական վկայականներ:

14. 1-8-րդ և 10-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները պարգևատրվում են նախարարության գովասանագրով:

9-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական:

11-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ՝ ըստ սույն կարգի 36 և 37 կետերի պահանջների:

15. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները՝ ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի քառորդային /կիսամյակային/ գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:

16. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 1-ը, հիմնական ուսումնական հաստատությունում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից բացակայած աշակերտները ուսումնական պլանով նախատեսված առնվազն 5 առարկաներից հանձնում են քննություններ: Ուսումնական հաստատությունում ուսումնական տարվա ընթացքում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից անհարգելի բացակայած սովորողները դուրս են մնում ուսումնական հաստատությունից, մնացած դեպքերում նույն չափաքանակով բացակայածները քննություններ են հանձնում նույն կարգով, ինչ կարգով հիմնական ուսումնական հաստատության սովորողները: Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստում: Քննություններն անց են կացվում մայիսի 15-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր: Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը: Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն սովորողները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:

 

3. Քննությունները և դրանց անցկացման կարգը

 

17. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/, ուսումնական հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 2-6-ը ժամանակահատվածում:

4-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները /գնահատումը 5 միավորանոց համակարգով/ կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները՝ ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:

Ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում /դասարաններում/ քննություններ անց են կացվում նաև «Ռուսաց լեզվից» /թելադրություն/: Քննությունները ընդունում են տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

18. 9-րդ դասարանում քննություններն անց են կացվում «Հայոց լեզու, գրականություն» /գրավոր/, «Մաթեմատիկա» /գրավոր/, «Հայոց պատմություն« /բանավոր/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ սովորողի ընտրությամբ/՝ /բանավոր/, «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն՝ սովորողի ընտրությամբ/՝ /բանավոր/, «Ֆիզիկական կուլտուրա» առարկաներից:

Ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում /դասարաններում/ «Հայոց լեզու, գրականություն» /գրավոր/, «Մաթեմատիկա» /գրավոր/, «Օտար լեզու» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ սովորողի ընտրությամբ/՝ /բանավոր/, «Ռուսաց լեզու» /փոխադրություն/, «Հայոց պատմություն» /բանավոր/, «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն՝ սովորողի ընտրությամբ/՝ /բանավոր/, «Ֆիզիկական կուլտուրա» առարկաներից:

9-րդ դասարանում գրավոր աշխատանքները կատարելու համար քննվողներին տրվում է ուսումնական հաստատության դրոշմակնիքով կնքված տետր /բացառությամբ «Մաթեմատիկա» առարկայից:

Քննություններն անց են կացվում նախարարության սահմանած միասնական օրերին՝ հունիսի 2-20-ը ժամանակահատվածում:

9-րդ դասարանի «Մաթեմատիկայի» ավարտական քննությունը կազմակերպվում է ուսումնական հաստատություններում՝ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի /այսուհետ՝ ԳԹԿ/ կազմած թեստերով: Քննական աշխատանքը ստուգվում է քննական կենտրոնի ղեկավարի /տնօրենի/ հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը՝ ժամը 10-ին՝ ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է: Հանձնաժողովի անդամները պետք է լինեն տվյալ առարկայի մասնագետներ:

Մնացած առարկաների քննություններն ընդունվում են ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:

19. 11-րդ դասարանում սահմանված են վեց ավարտական /պետական/ քննություններ.

ա/ «Հայոց լեզու և Հայ գրականություն»-գրավոր,

բ/ «Մաթեմատիկա»-գրավոր,

գ/ «Հայոց պատմություն»-բանավոր,

դ/ «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ աշակերտի ընտրությամբ/ - գրավոր,

ե/ «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն` սովորողի ընտրությամբ/ - գրավոր,

զ/ «Ֆիզիկական կուլտուրա»:

Ռուսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատություններում /դասարաններում/ սահմանվում է ևս մեկ ավարտական քննություն՝ «Ռուս գրականություն» առարկայից-բանավոր:

Բոլոր պետական ավարտական քննություններն անց են կացվում նախարարության սահմանած միասնական օրերին:

«Հայոց պատմություն», «Բնագիտություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների պետական ավարտական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:

«Հայոց լեզու և Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» պետական ավարտական քննությունների ընթացքը կազմակերպում են ԳԹԿ տնօրենի կողմից նշանակված կազմակերպիչները, ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

20. 11-րդ դասարանի համար «Հայոց լեզու և Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաների քննական առաջադրանքները /գնահատումը 20 միավորանոց համակարգով/ կազմվում են ԳԹԿ-ի կողմից: Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում է բացել քննության օրը՝ քննասենյակում:

11-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայի բանավոր քննությունը /գնահատումը 5 միավորանոց համակարգով/ և «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների գրավոր քննությունները /գնահատումը 20 միավորանոց համակարգով/ անցկացվում են նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով:

Ռուսերենով ուսուցմամբ 4-րդ և 9-րդ դասարանների «Ռուսաց լեզվի» և 11-րդ դասարանի «Ռուս գրականության» քննական առաջադրանքները /գնահատումը 5 միավորանոց համակարգով/ կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավարումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:

21. Սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

22. 11-րդ դասարանում, բնագիտական առարկաների գրավոր աշխատանքները կատարելու և բանավոր պատասխաններին պատրաստվելու համար, քննվողներին տրվում է ուսումնական հաստատության դրոշմակնիքով կնքված տետր /թուղթ/:

23. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած աշակերտներն այն հանձնում են անավարտ վիճակում:

24. 11-րդ դասարանում բնագիտական առարկաների և «Հայոց պատմություն» առարկայի ստուգումը ավարտվում է քննության օրը:

«Հայոց լեզու և Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաների քննական աշխատանքները ստուգվում է ԳԹԿ տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը՝ ժամը 10-ին՝ ՀՀ ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ԳԹԿ տնօրենն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:

Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են ստուգող հանձնաժողովի նախագահի մոտ:

25. Սովորողի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում, հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 9-րդ և 11-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը: Նշանակված գնահատականի հետ չհամաձայնած հանձնաժողովի անդամը/ները/ արձանագրությունում կարող է /են/ կատարել հատուկ նշում:

26. Քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած 9-րդ դասարանի սովորողներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները՝ քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո՝ եռօրյա ժամկետում:

Մինչև նշված ժամկետը չապաքինված սովորողները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը: Քննությունների նոր առաջադրանքները կազմում են ուսումնական հաստատությունների առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:

27. Քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած 11-րդ դասարանի սովորողներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված.

ա/ «Հայոց պատմություն», «Բնագիտություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո՝ եռօրյա ժամկետում:

բ/ «Հայոց լեզու և Հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաների քննությունները՝ նախարարության կողմից սահմանված լրացուցիչ օրերին /հուլիսի 4-10-ը/:

28. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ կամ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են «Մաթեմատիկայի» ավարտական քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում սովորողը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:

29. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր և´ «Հանրահաշիվ», և´ «Երկրաչափություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն թույլատրվում մասնակցել «Մաթեմատիկայի» քննությանը: Նրանք ամառային առաջադրանք են հանձնում «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ և «Երկրաչափություն» առարկաներից, ինչպես նաև՝ քննություն մաթեմատիկայից:

30. 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկաներից ունեն տարեկան անբավարար գնահատական, մասնակցում են 11-րդ դասարանում «Հայոց լեզու և Հայ գրականություն» առարկայի ավարտական քննությանը: Քննությունից դրական գնահատական ստանալու դեպքում, սովորողը ամառային առաջադրանք է հանձնում միայն այն առարկայից, որից տարեկանում ունեցել է անբավարար գնահատական:

31. «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներից տարեկան անբավարար գնահատական ունեցող 11-րդ դասարանի սովորողներին չի թույլատրվում մասնակցելու «Հայոց լեզու և Հայ գրականություն» պետական ավարտական քննությանը: Նրանք ամառային առաջադրանք են հանձնում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներից, ինչպես նաև՝ քննություն «Հայոց լեզու և Հայ գրականություն» առարկայից:

32. Գնահատման 20 միավորանոց համակարգում` մինչև 7 միավորը ներառյալ և 5 միավորանոց համակարգում` մինչև 2 միավորը ներառյալ, համարվում են անբավարար գնահատականներ:

Տվյալ առարկայի տարեկան և քննական գնահատականները ավարտական վկայականում գրանցվում են առանձին-առանձին, համապատասխան տողերում:

33. Եթե 11-րդ դասարանի շրջանավարտը հայոց լեզու ուսումնասիրել է միայն 9-րդ և 10-րդ դասարաններում, իսկ 8-րդ դասարանի շրջանավարտը՝ միայն 7-րդ և 8-րդ դասարաններում, ապա ավարտական վկայականում այդ առարկայի համապատասխան տողում գրվում է՝ «չի ուսումնասիրել»: Նա իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու և Հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից, և ավարտական վկայականի համապատասխան տողում գրվում է՝ «ազատված է»: 8-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննությունից ազատված լինելը հիմք չի հանդիսանում հետագայում 10-րդ դասարանում այդ քննությունից ազատված լինելուն:

34. Ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:

35. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները առաջնորդվում են սույն կարգով՝ պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:

 

4. Մեդալի հավակնորդների ներկայացումը

 

36. Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ /ստացել են գերազանցության վկայական/, 10-րդ և 11-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:

37. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու և օտար լեզու չուսումնասիրելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:

38. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև ապրիլի 15-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժիններ:

Մինչև մայիսի 1-ը համապատասխան բաժինները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն:

Մայիս ամսվա ընթացքում` ըստ անհրաժեշտության, նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը, միաժամանակ հայոց լեզվից կամ մաթեմատիկայից տալիս է ստուգողական գրավոր աշխատանք: Որևէ առարկայից «3» և «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտը չի կարող առաջադրվել որպես մեդալի հավակնորդ:

Նախարարությունը մինչև մայիսի 25-ը բաժիններին է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները:

39. Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված պետական ավարտական քննությունները անցկացվում են Ստեփանակերտ քաղաքում:

 

5. Մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպումը

 

40. Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից/, «Հայոց լեզու և Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից, կենտրոնացված կարգով հանձնում են պետական քննություններ՝ Ստեփանակերտ քաղաքում: Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաները բուհ ընդունվելիս համարվում են մրցութային, քննություն են հանձնում միասնական համակարգով, իսկ ոչ մրցութային համարվելու դեպքում՝ կենտրոնացված համակարգով /քննական միավորները հաշվարկվում են «Ա» մակարդակի առաջադրանքների հիման վրա/:

Քննություններն անց են կացվում՝

«Հայոց լեզու և Հայ գրականություն» առարկայից-հունիսի 2-ին,

«Մաթեմատիկա» առարկայից-հունիսի 11-ին:

Քննությունների նախապատրաստման և անցկացման համար նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են ԼՂՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները:

41. «Հայոց լեզու և Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը՝ ժամը 10-ին՝ ՀՀ ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ:

Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են ստուգող հանձնաժողովի նախագահի մոտ:

42. «Հայոց պատմություն», «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն` մեդալի հավակնորդի ընտրությամբ/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ մեդալի հավակնորդի ընտրությամբ/, ֆիզիկական կուլտուրա առարկաներից ավարտական պետական քննությունները մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները: Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության կողմից:

43. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:

44. Մինչև հունիսի 23-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները շրջվարչակազմերի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժիններ են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում մյուս չորս առարկաներից մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են վարչակազմերի /Ստեփանակերտի քաղաքապետարանի/ կրթության բաժիններում և մինչև հունիսի 25-ը ներկայացվում է նախարարության կրթության և գիտության վարչություն:

 

6. Մեդալով պարգևատրումը

 

45. ա/ Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ 5 միավոր /5 միավորային համակարգում/` պարգևատրվում են մեդալով:

բ/ Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում: