|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» ապրիլի 2009թ.
Պետական գրանցման համարը 1050968 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«30» ապրիլի 2009թ. |
N 68/Մ-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ, 15-րդ հոդվածի 6-րդ, 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 37-րդ հոդվածի 10-րդ մասերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 407 որոշմամբ հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 4-րդ գլուխը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը սահմանելու մասին» թիվ 442 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 9-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ընդհանուր բաժնին՝ սահմանված կարգով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը» ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2008 թվականի ապրիլի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը» հաստատելու մասին թիվ 58/Մ Պ.2 հրամանը:
|
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության
և գիտության նախարարի
«23» ապրիլի 2009թ. N 68/Մ-Ն հրաման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակվել է «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի N 407 որոշմամբ հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 4-րդ գլխի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 24-ի N 442 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ՝ նախարարություն/ կանոնադրության 9-րդ կետի «ժէ» և «ժթ» ենթակետերին համապատասխան:
2. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտներին մեդալով պարգևատրելու գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ II
ՍՈՎՈՐՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ
3. 1-ին դասարանում բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է մնալ նույն դասարանում` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ համաձայնությամբ:
4. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
5. 4-րդ դասարանի /տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
6. 9-րդ դասարանի /հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան/ բոլոր ուսումնական առարկաներից տարեկան, ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական:
7. 11-րդ դասարանի /միջնակարգ ուսումնական հաստատության ավարտական դասարան/ ուսումնական բոլոր առարկաներից տարեկան, պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով` կրթության բաժինների կողմից հաստատված քննական հանձնաժողովին: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկաների դեպքում` տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:
8. 2-8-րդ և 10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:
Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-8-րդ և 10-րդ դասարանների սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ նույն դասարանում մնալու ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
9. 9-րդ դասարանի տարեկան կամ քննական մեկ կամ երկու առարկայից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է.
1) «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» առարկաներից հուլիսի 4-14-ը ընկած ժամանակահատվածում` Ստեփանակերտի N 7 միջնակարգ դպրոցում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով,
2) «Բնագիտություն», «Օտար լեզու», «Ֆիզկուլտուրա» և այլ առարկաներից օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում հանրակրթական հաստատություններում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:
10. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան կամ քննական անբավարար գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննություններ են հանձնում.
1) «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` հուլիսի 4-14-ը` Ստեփանակերտի N 7 միջնակարգ դպրոցում,
2) «Ֆիզկուլտուրա» և այլ առարկաներից` վերջին քննությունից հետո` եռօրյա ժամկետում:
11. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք տարեկան անբավարար գնահատական ունեն քննական առարկաներից, չեն թույլատրվում այդ քննություններին և այն հանձնում են հուլիսի 4-14-ը: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատական նշանակելու համար:
12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
1) 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում:
2) 4-րդ դասարանի այդ սովորողները մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
3) 16 տարին չլրացած 9-րդ դասարանի այն սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, մնում են նույն դասարանում` դասընթացը կրկնելու:
4) 16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի /որդեգրողների կամ հոգաբարձուի/ համաձայնությամբ կարող են դուրս մնալ հանրակրթական ուսումնական հաստատությունից:
5) 18 տարին լրացած այն սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
13. 11-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը /տարեկան և քննական միասին/ դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
1) Ինչպես տարեկան, այնպես էլ քննական առարկաներից անբավարար գնահատական ունենալու պատճառով հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած 9-րդ և 11-րդ դասարանի սովորողներին իրավունք է վերապահվում միայն հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից:
2) Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում:
3) Քննաշրջանի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սովորողներին իրավունք է վերապահվում զորացրվելուց անմիջապես հետո քննություններ հանձնել նույն ուսումնական հաստատությունում մինչև քննաշրջանի ավարտը:
Հետագայում նրանց իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալ հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական վկայական:
14. 1-8-րդ և 10-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները պարգևատրվում են նախարարության գովասանագրով: 9-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: «Գերազանց» գնահատականներ են համարվում` 10 միավորային գնահատման համակարգում` «9» և «10» միավորները, իսկ 20 միավորային համակարգում` «19» և «20» միավորները:
1) 11-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ, ըստ սույն կարգի 33 և 34 կետերի պահանջների:
15. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի քառորդային կամ կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:
16. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև 15-ը մայիսի, հիմնական դպրոցում 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից բացակայած սովորողները ուսումնական պլանով նախատեսված առնվազն 5 առարկաներից հանձնում են քննություններ:
1) Ավագ դպրոցում մինչև 15-ը մայիսի 40 օրից կամ 240 ժամից ավելի դասերից անհարգելի բացակայած սովորողները դուրս են մնում ուսումնական հաստատությունից, մնացած դեպքերում նույն քանակով բացակայածները քննություններ են հանձնում նույն կարգով, ինչ կարգով հիմնական դպրոցի սովորողները:
2) Քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է ուսումնական հաստատության/ մանկավարժական խորհրդի նիստում:
3) Քննություններն անց են կացվում մայիսի 17-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր:
4) Քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները` հաստատում է տնօրենը: Քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:
5) Քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ: Տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն սովորողները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:
ԳԼՈՒԽ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
17. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից /գրավոր/, ուսումնական հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 2-6-ը ժամանակահատվածում:
1) 4-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները /գնահատումը 10 բալանոց համակարգով/ կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ նախարարության կողմից հաստատված նմուշների:
18. 9-րդ դասարանում քննություններն անց են կացվում հետևյալ առարկաներից` «Հայոց լեզու, գրականություն» /գրավոր/, «Մաթեմատիկա» /գրավոր/, «Հայոց պատմություն» /գրավոր/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն սովորողի ընտրությամբ` բանավոր/, «Բնագիտություն» /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն սովորողի ընտրությամբ` բանավոր/, «ֆիզկուլտուրա»: Բանավոր քննությունները անցկացվում են նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով:
1) 9-րդ դասարանի «Մաթեմատիկա», «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներից ավարտական քննությունները կազմակերպվում է նախարարության կողմից հաստատված քննական կենտրոններում` նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի /այսուհետ`ԳԹԿ/ կազմած թեստերով: Քննական աշխատանքը ստուգվում է ԳԹԿ տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ին ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ԳԹԿ տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50%-ը տվյալ առարկայի մասնագետներ են:
2) Մնացած առարկաների քննություններն ընդունվում են ուսումնական հաստատություններում տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:
19. 11-րդ դասարանում սահմանված են 6 պետական ավարտական քննություններ`
1) «Հայոց լեզու, գրականություն» - գրավոր,
2) «Մաթեմատիկա» - գրավոր,
3) «Հայոց պատմություն» - գրավոր,
4) «Օտար լեզու» - գրավոր /ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ/,
5) «Բնագիտություն»-գրավոր /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն` սովորողի ընտրությամբ/
6) «Ֆիզկուլտուրա»:
20. Բոլոր պետական ավարտական քննություններն անցկացվում են նախարարության սահմանած միասնական օրերին:
21. «ֆիզկուլտուրա» առարկայի պետական ավարտական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ /անդամներից առնվազն մեկը տվյալ առարկայի մասնագետ/:
«Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաների պետական ավարտական քննությունները կազմակերպվում և անցկացվում են նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում և քննությունների ընթացքը կազմակերպում են ԳԹԿ տնօրենի կողմից նշանակված կազմակերպիչները, ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
22. 11-րդ դասարանի համար քննական առարկաների առաջադրանքները /գնահատումը 20 բալանի համակարգով /բացառությամբ ֆիզկուլտուրայի/ կազմվում են ԳԹԿ-ի կողմից:
Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում է բացել քննության օրը` քննասենյակում:
23. Սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:
24. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
25. 11-րդ դասարանում քննական աշխատանքները ստուգվում են ԳԹԿ տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ԳԹԿ տնօրենն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
26. Սովորողի գրավոր աշխատանքը կամ բանավոր պատասխանը գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
1) Հավասար ձայների դեպքում` 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 9-րդ և 11-րդ դասարաններում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը:
2) Նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը/ները/ արձանագրության մեջ կարող է /են/ կատարել հատուկ նշում:
27. «Բնագիտություն», «Օտար լեզու» և «ֆիզկուլտուրա» առարկաների քննությունների ընթացքում հիվանդացած /համապատասխան փաստաթղթերի առկայություն/ և այդ ընթացքում ապաքինված, ինչպես նաև այլ հարգելի պատճառներով քննություններին չներկայացած 9-րդ դասարանի սովորողներին թույլատրվում է հանձնել դեռևս չհանձնած և բաց թողնված առարկաների քննությունները քննաշրջանի ընթացքում կամ վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում:
1) Մինչև նշված ժամկետը չապաքինված սովորողները քննություններ են հանձնում օգոստոսի 20-30-ը:
2) Քննությունների առաջադրանքները կազմում են ուսումնական հաստատության առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը: Քննությունների անցկացման օրերը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը:
28. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» կամ «Երկրաչափություն» առարկաներից, կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատական, չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական քննությանը:
Նրանք վերաքննություն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից հուլիսի 4-14-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր» /հանրահաշիվ/ առարկաների տարեկան և «Մաթեմատիկա»-ից քննական գնահատական նշանակելու համար/: Տարեկան գնահատականները նշանակվում է 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով:
29. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Հայ գրականություն» առարկաներից կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատականներ չեն մասնակցում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական քննությանը: Նրանք վերաքննություն են հանձնում «Հայոց լեզու, գրականություն» առարկայից հուլիսի 4-14-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական գնահատական նշանակելու համար: Տարեկան գնահատականները նշանակվում են` 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով/:
30. Եթե 11-րդ դասարանի շրջանավարտը «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» ուսումնասիրել է միայն 10-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտը` միայն 8-րդ և 9-րդ դասարաններում, ապա ատեստատում (վկայականում) այդ առարկաների համապատասխան տողում գրվում է. «չի ուսումնասիրել»: Նա իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու, գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից և ատեստատի համապատասխան տողում գրվում է «ազատված է»: 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննությունից ազատված լինելը հիմք չի հանդիսանում հետագայում` 11-րդ դասարանում այդ քննությունից ազատված լինելուն:
31. Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:
32. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները առաջնորդվում են սույն կարգով` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը:
ԳԼՈՒԽ IV
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
33. Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ, /ստացել են գերազանցության վկայական/, բոլոր առարկաներից գնահատվել են` 10-րդ դասարանում `«5», իսկ 11-րդ դասարանում գնահատվել են «9» կամ «10»:
34. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու և օտար լեզու չուսումնասիրելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:
35. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև ապրիլի 29-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են շրջանի վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժին:
1) Մինչև մայիսի 5-ը համապատասխան բաժինները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն: Մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը:
2) Նախարարությունը` մինչև մայիսի 25-ը կրթության բաժիններ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները:
36. Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննություններն անց են կացվում համապատասխան քննական կենտրոններում, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունը իրենց ուսումնական հաստատությունում, նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները:
37. Մեդալի հավակնորդ շրջանավարտների պետական ավարտական քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության լիազոր ներկայացուցչի կողմից:
38. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:
39. Մինչև հունիսի 25-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները կրթության բաժիններ են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք` մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են կրթության բաժնում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում է նախարարության կրթության և գիտության վարչություն:
ԳԼՈՒԽ V
ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
40. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր /20 միավորային համակարգում/ կամ «9» կամ «10» միավոր /10 միավորային համակարգում/` պարգևատրվում են մեդալով: Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում: