ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» օգոստոսի 2010թ. |
N 522-Ն |
ք.Ստեփանակերտ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32‑րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):
(1-ին կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
2. Սահմանել, որ`
1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարն է.
2) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհեստակցական միությունների ֆեդերացիայի (համաձայնությամբ), ինչպես նաև հասարակական կազմակերպության (համաձայնությամբ) ներկայացուցիչներ:
(2-րդ կետը փոփ., լրաց. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն)
3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
(4-րդ կետը փոփ. 06.05.2013 N 252-Ն)
5. Ուժը կորցրած ճանաչել.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և ստաժը սահմանելու կարգը հաստատելու մասին» թիվ 102 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ 86 որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Քաղաքացիների ապահովագրական ստաժի սահմանման աշխատանքները կանոնակարգելու և ԼՂՀ կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 86 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 91 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» օգոստոսի 2010թ. թիվ 522-Ն որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:
(1-ին կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով:
(3-րդ կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված այն անձանց (փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած անձինք կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականներ) աշխատանքային ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է՝ այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
(4-րդ կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
5. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.
2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.
3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:
III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
6. Անձն իր գրավոր դիմում-հայտարարությունը հանձնում (կամ փոստով առաքում) է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բռնագաղթվելու փաստը հավաստող փաստաթղթի և ստաժը հաստատելու համար նշանակություն ունեցող անուղղակի փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճենները:
(6-րդ կետը փոփ. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն)
7. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:
(7-րդ կետը լրաց. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն)
8. Անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժը սահմանվում է մինչև Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվելն աշխատած ժամանակաշրջանի համար:
9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել 2004 թվականի հունվարի 1-ից հետո:
(10-րդ կետը փոփ. 14.03.2012 N 114-Ն)
11. Ստաժը սահմանելուց հետո հանձնաժողովն անձին տալիս է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում նախարարության կլոր կնիքով:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:
14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն 3 օր առաջ:
(14-րդ կետը փոփ. 06.05.2013 N 252-Ն)
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու օրվա, ժամի և տեղի մասին.
2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.
4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.
5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին:
19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից:
21. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաևւ հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:
22. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց օրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:
23. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:
24. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:
(հավելվածը փոփ.14.03.2012 N 114-Ն, փոփ., լրաց. 06.05.2013 N 252-Ն, փոփ. 17.11.2017 N 171-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |