ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» օգոստոսի 2010թ. |
N 522-Ն |
ք.Ստեփանակերտ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48‑րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):
2. Սահմանել, որ`
1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարն է.
2) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհեստակցական միությունների ֆեդերացիայի (համաձայնությամբ), ինչպես նաև հասարակական կազմակերպության (համաձայնությամբ) ներկայացուցիչներ:
3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
5. Ուժը կորցրած ճանաչել.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և ստաժը սահմանելու կարգը հաստատելու մասին» թիվ 102 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ 86 որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Քաղաքացիների ապահովագրական ստաժի սահմանման աշխատանքները կանոնակարգելու և ԼՂՀ կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 86 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 91 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» օգոստոսի 2010թ. թիվ 522-Ն որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված այն անձանց (փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած անձինք կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականներ) ապահովագրական ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է՝ այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
5. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.
2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.
3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:
III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
6. Անձն իր գրավոր դիմում-հայտարարությունը հանձնում (կամ փոստով առաքում) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բռնագաղթվելու փաստը հավաստող փաստաթղթի և ստաժը հաստատելու համար նշանակություն ունեցող անուղղակի փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճենները:
7. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:
8. Անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժը սահմանվում է մինչև Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվելն աշխատած ժամանակաշրջանի համար:
9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
11. Ստաժը սահմանելուց հետո հանձնաժողովն անձին տալիս է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում նախարարության կլոր կնիքով:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:
14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն 3 օր առաջ:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու օրվա, ժամի և տեղի մասին.
2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.
4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.
5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին:
19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից:
21. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաևւ հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:
22. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց օրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:
23. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:
24. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |