ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ ստեղծելու մասին
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերում ստեղծել ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողով)` պատերազմական գործողությունների և բռնատեղահանման հետևանքով ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում քաղաքացիների ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանելու համար:
2. Սահմանել, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), կենսաթոշակային ապահովագրության, սոցիալական ապահովության, պետական արխիվի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, համապատասխան համայնքների ղեկավարներ, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ կամ համապատասխան այլ պաշտոնատար անձինք:
3. Հաստատել ապահովագրական (աշխատանքային) ստաժ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթօրյա ժամկետում, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, ապահովել նրա անխափան աշխատանքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը սույն որոշման մասին տեղեկացնելու համար:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 86 որոշման |
Կ Ա Ր Գ
Ապահովագրական (աշխատանքային) ստաժ սահմանելու
1. Ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ապահովագրական (աշխատանքային) ստաժը (այսուհետ՝ ստաժ) սահմանում է արխիվային տվյալների բացակայության մասին տեղեկանքի և առնվազն երկու վկայի ցուցմունքների հիման վրա, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն հիմնարկում համատեղ աշխատանքից և ունեն այդ ժամանակաշրջանի ստաժի մասին փաստաթղթեր, որոնք հիմք են դիմողի ապահովագրական ստաժը հաստատելու համար:
2. Ստաժը սահմանվում է այն բնակավայրերի քաղաքացիների համար, որոնց ցանկը և նրանցում տեղաբաշխված հիմնարկների (ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների) վերացման ստույգ ժամկետները հաստատվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Հադրութի շրջաններում լիազոր մարմինների կողմից՝ ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի 1994 թվականի հունվարի 20‑ի թիվ 365 որոշման համաձայն:
Ստաժը սահմանվում է մինչև սույն կետի առաջին մասում նշված՝ լիազոր մարմինների կողմից հաստատված ժամկետը քաղաքացու աշխատած ժամանակաշրջանի համար:
3. Վկաների ցուցմունքով կարող է հաստատվել «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պահանջվող (25 տարի) ստաժի պակասող մասը՝ առանց հաշվարկելու սույն կարգի 2-րդ կետով նշված ժամկետից հետո ձեռք բերած ստաժը:
4. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների, այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակների, նշանակման և օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |