| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» ապրիլի 2008թ.
գրանցման համարը 864 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 ապրիլի 2008թ. |
Թիվ 17 Ն |
ք. Ստեփանակերտ
Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` ո ր ո շ ու մ է
1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2008թ. ապրիլի 10-ի թիվ 17Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով մրցակից չունեցող է համարվում այն տնտեսվարող սուբյեկտը, որը որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը (ամբողջ ծավալը):
3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հնարավոր չէ նրան տվյալ ապրանքային շուկայում մենաշնորհ դիրք ունեցող համարել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով:
4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտներն ապրանքային շուկայում համարվում են գերիշխող դիրք ունեցող, եթե հնարավոր չէ նրանցից յուրաքանչյուրին տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող համարել Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով:
5. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտներն ապրանքային շուկայում համարվում են գերիշխող դիրք ունեցող, եթե հնարավոր չէ նրանցից յուրաքանչյուրին տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող համարել Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով:
6. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքը որոշվում է ապրանքային շուկայում տվյալ տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկման միջոցով` տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների և (կամ) պետական մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:
7. Ապրանքային շուկայի ծավալը և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում են բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ` ապրանքային շուկայի սահմանների, դրա սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգի համաձայն: Հաշվարկը կատարվում է չափման միևնույն ձևի կիրառմամբ:
8. Ապրանքային շուկայի ծավալի և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից տվյալ շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի (այսուհետ` ուսումնասիրվող ժամանակահատված) տվյալների հիման վրա:
9. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով:
10. Տնտեսվարող սուբյեկտը մենաշնորհ դիրք ունեցող կարող է համարվել նաև այդ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի կամ այլ տվյալների հիման վրա` առանց սույն կարգում նշված ուսումնասիրության իրականացման կամ տեղեկատվության վերլուծության:
11. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը գրանցվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):