| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2012թ. մարտի 26-ին
պետական գրանցման համարը 3031238 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
05 մարտի 2012 թվականի |
N 24 Ն |
ք. Ստեփանակերտ
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ,
ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի ապրիլի 10-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 17 Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 5-ի N 24Ն որոշմամբ |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ
ԴԻՐՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով մրցակից չունեցող է համարվում այն տնտեսավարող սուբյեկտը, որը որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը (ամբողջ ծավալը): Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով տնտեսավարող սուբյեկտը մենաշնորհ դիրք ունեցող կարող է համարվել նաև այդ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի հիման վրա` առանց սույն կարգում նշված ուսումնասիրության իրականացման կամ տեղեկատվության վերլուծության:
3. Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ դիրքը կամ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» կամ «դ» կետերով նախատեսված հիմքերով գերիշխող դիրքը որոշվում է ապրանքային շուկայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի բաժնի հաշվարկման միջոցով` տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների և (կամ) պետական մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:
4. Ապրանքային շուկայի ծավալը, որպես կանոն, որոշվում է բնեղեն արտահայտությամբ, եթե շուկայի ապրանքատեսակային սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման (ձեռքբերման) ընդհանուր ծավալը հնարավոր է հաշվարկել չափման միևնույն միավորի (օրինակ` կիլոգրամ, հատ, մետր և այլն) միջոցով: Այլ դեպքերում կամ ելնելով տվյալ ապրանքային շուկայի առանձնահատկություններից, ապրանքային շուկայի ծավալը կարող է որոշվել արժեքային (դրամական) արտահայտությամբ:
5. Ապրանքային շուկայի ծավալի և դրանում տնտեսավարող սուբյեկտի բաժնի հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից տվյալ շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի (այսուհետ` ուսումնասիրվող ժամանակահատված) տվյալների հիման վրա:
6. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսավարող սուբյեկտի բաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով:
7. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» կամ «դ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
8. Եթե տնտեսավարող սուբյեկտը Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» կամ «դ» կետերով նախատեսված հիմքերով չի համարվում գերիշխող դիրք ունեցող կամ այդ հիմքերով հնարավոր չէ դիտարկել գերիշխող դիրքի առկայությունը, ապա Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտին համարել գերիշխող դիրք ունեցող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված հիմքով:
9. Էական մրցակցության չհանդիպելու և (կամ) շուկայական իշխանություն ունենալու փաստը հատկորոշելիս Հանձնաժողովի կողմից հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.
1) տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կարողությունը (արտադրական, գույքային, դրամական կամ այլ ռեսուրսների առկայությունը).
2) դիտարկվող ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանի և այդ ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի բաժնի հարաբերակցությունը.
3) դիտարկվող ապրանքային շուկայի մուտքի խոչընդոտների առկայությունը (օրենքով, այլ իրավական ակտերով, գործարար շրջանառության սովորույթներով կամ այլ ձևով սահմանված պահանջները կամ այլ հանգամանքները, որոնց առկայության պարագայում տնտեսավարող սուբյեկտը հնարավորություն չի ունենում մուտք գործել դիտարկվող ապրանքային շուկա կամ այդ ապրանքային շուկա մուտք գործելը կարող է պահանջել չարդարացված ներդրումների իրականացում կամ կարող է տեղի ունենալ չարդարացված ժամանակահատվածի ընթացքում).
4) դիտարկվող ապրանքային շուկայի կայունությունը (առնվազն մեկ տարի ժամանակահատվածում տվյալ շուկայի մասնակից տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի և դրանց բաժինների, ինչպես նաև շուկայի ծավալի անփոփոխ լինելը կամ աննշան փոփոխությունը).
5) տնտեսավարող սուբյեկտի ազդեցությունը դիտարկվող ապրանքային շուկային փոխկապակցված այլ ապրանքային շուկաների և դրանցում գործող տնտեսավարող սուբյեկտների վրա (տնտեսավարող սուբյեկտը հանդիսանում է փոխկապակցված ապրանքային շուկայի մասնակից կամ այլ ձևով հնարավորություն ունի ազդելու այդ ապրանքային շուկայի մասնակից տնտեսավարող սուբյեկտ(ներ)ի գործողությունների կամ վարքագծի վրա):
10. Եթե Հանձնաժողովն արձանագրում է, որ տնտեսավարող սուբյեկտը ապրանքային շուկայում սույն կարգի 9-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկի ուժով հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսավարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, ապա տնտեսավարող սուբյեկտին համարում է գերիշխող դիրք ունեցող:
11. Առևտրային ցանցը Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով համարվում է գերիշխող դիրք ունեցող` տնտեսավարող սուբյեկտների և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) դիտանցումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:
12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները, պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
13. Սույն կարգում նշված տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:
|
Աշխատակազմի ղեկավար` |
Ա. Գասպարյան |