Համարը 
N 23 Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.04.05/06(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
05.03.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2012թ. մարտի 26-ին

պետական գրանցման համարը 3031237

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 մարտի 2012 թվականի

N 23 Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի ապրիլի 10-ի «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 18 Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 5-ի N 23 Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայի սահմանների որոշման կարգը: Ապրանքային շուկայի բնութագրիչները (ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմանները, շուկայի սուբյեկտների կազմը) սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ:

2. Համապատասխան ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը հիմնված է ձեռքբերողների տեսանկյունից ապրանքների փոխադարձ փոխարինելիության վրա: Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար ընտրվում է ուսումնասիրվող ապրանքը, բացահայտվում են դրա սպառողական հատկությունները (գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները), որոնք հաշվի են առնվում ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկելիս:

3. Սույն կարգի 2-րդ կետում սահմանված հատկությունների հիման վրա ապրանքները համարվում են փոխադարձ փոխարինելի, եթե մեկ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը կարող է ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ դրա փոխարեն գնեն այլ ապրանք:

4. Ապրանքների փոխադարձ փոխարինելիությունը դիտարկվում է այնքան ժամանակ, մինչև Հանձնաժողովը գալիս է եզրակացության, որ դիտարկվող բոլոր ապրանքների գների համատեղ, փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը չի կարող ստիպել, որ զգալի թվով ձեռքբերողներ գնեն այն ապրանքները, որոնք չեն դիտարկվում որպես համապատասխան ապրանքային շուկայի մաս:

5. Ձեռքբերողների հավանական վարքագծի մասին ուսումնասիրություններ իրականացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում ապրանքների գործածության նշանակությունը, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշները:

6. Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանի որոշման համար Հանձնաժողովը կարող է հիմք ընդունել ուսումնասիրվող ապրանքի պատկանելիությունը դասակարգման որևէ խմբի` ԱՏԳԱԱ-ին (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկին), ԱԴԳՏ-ին (արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների) կամ այլ խմբի: Հանձնաժողովը կարող է օգտվել նաև այլ աղբյուրներից, այդ թվում` պետական մարմինների, տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունից, փորձագետների եզրակացություններից, հարցումներից, նախորդ ուսումնասիրության արդյունքներից կամ այլ անհրաժեշտ տվյալներից:

7. Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը որոշվում է` հաշվի առնելով որոշակի աշխարհագրական տարածքում գնորդի համար տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ձեռքբերման տնտեսական հնարավորությունն ու նպատակահարմարությունը: Եթե որևէ ապրանքի գնի փոքր, բայց ոչ ժամանակավոր աճը մի աշխարհագրական տարածքում կարող է ստիպել, որ զգալի թվով գնորդներ գնեն տվյալ ապրանքն այլ աշխարհագրական տարածքում, ապա այդ աշխարհագրական տարածքները Հանձնաժողովը դիտարկում է ապրանքային շուկայի միևնույն աշխարհագրական սահմանում:

8. Ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը բաղկացած է տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնող(ներ)ից (վաճառող(ներ), մատակարար(ներ), օտարող(ներ), մատուցող(ներ), կատարող(ներ)) և ձեռքբերող(ներ)ից (գնորդ(ներ), ստացող(ներ), ընդունող(ներ), սպառող(ներ)):

 

 

Աշխատակազմի ղեկավար`

Ա. Գասպարյան