ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
5 դեկտեմբերի 2017թ. |
N 234-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 52 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 52 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 5-ի N 234-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ
ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) պետական հավատարմագրման կարգը՝ անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից:
2. Պետական հավատարմագրումն (այսուհետ՝ հավատարմագրում) իրականացվում է հետևյալ գործընթացներով՝
1) ինստիտուցիոնալ հավատարմագրում.
2) ըստ մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրում (այսուհետ՝ ծրագրային հավատարմագրում)։
3. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար կրկնվող (շրջափուլային) պարտադիր գործընթաց է Արցախի Հանրապետության տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատությունների համար։
4. Սույն կարգի դրույթներին համապատասխան՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար ուսումնական հաստատությունները պետք է դիմեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը:
5. Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ միայն ինստիտուցիոնալ հավատարմագրման դրական արդյունքի դեպքում՝ բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի:
6. Ուսումնական հաստատության մասնաճյուղերն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում անցնում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր ուսումնական հաստատության կազմում՝ առանձին ժամանակացույցով։ Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը։
7. Ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ՈԱԱԿ)։
II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
8. Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար ուսումնական հաստատությունը պետք է՝
1) ներկայացնի դիմում-հայտ՝ ըստ համապատասխան ձևաթղթի.
2) ունենա կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.
3) լրացնի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային համապատասխան հարցաշարը (web.survey.anqa.am)։
9. Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվում է երեք հաջորդական փուլերով՝
1) առաջին փուլ` ինստիտուցիոնալ կարողությունների ներքին գնահատում ուսումնական հաստատության կողմից՝ ըստ սույն կարգի բաղկացուցիչ մաս հանդիսացող ինքնավերլուծության.
2) երկրորդ փուլ՝ ուսումնական հաստատության ինքնավերլուծության, կրթական և որակի ապահովման գործընթացների իրականացման արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից՝ օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ինստիտուցիոնալ հավատարմագրման չափորոշիչներին համապատասխան (այսուհետ՝ փորձաքննություն).
3) երրորդ փուլ` ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքներով ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ՝ հավատարմագրման հանձնաժողով) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա. շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում,
բ. շնորհել պայմանագրային ինստիտուցիոնալ հավատարմագրում,
գ. մերժել ինստիտուցիոնալ հավատարմագրումը:
10. Դիմում-հայտի և ուսումնական հաստատության ինքնավերլուծության ընդունումը, փորձաքննությունը և որոշման կայացումն իրականացվում են սույն կարգի պահանջների համաձայն։
11. Հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա հավատարմագրված ուսումնական հաստատությանը տրվում է հավատարմագրման վկայական, որը ստորագրում է ՈԱԱԿ-ի տնօրենը:
12. Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ի հավատարմագրման գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
13. Երկու աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը և տնօրենի կողմից ստորագրված հավատարմագրման վկայականը վավերացման համար ուղարկվում է կրթության, գիտության և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
14. Նախարարությունը հավատարմագրման վկայականը պատշաճ կերպով հանձնում է ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում և զանգվածային լրատվամիջոցներով:
15. Ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է չորս կամ վեց տարի ժամկետով։ Ուսումնական հաստատությունը ստանում է հավատարմագրում՝ չորս տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները ոչ էական են՝ ցածր ռիսկայնությամբ, ոչ հրատապ և կարող են վերացվել չորս տարվա ընթացքում: Չորս տարի ժամկետով հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում, ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների՝ հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը: Հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ:
16. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրումը տրվում է երկու տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն էական են՝ բարձր ռիսկայնությամբ, և դրանց վերացումը հրատապ է, սակայն դրանք կարող են վերացվել երկու տարվա ընթացքում: Երկու տարի ժամկետով պայմանական հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների՝ հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը:
17. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը չի կարող դիմել ծրագրային հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար:
18. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ-ին գրավոր զեկույց է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման մասին: ՈԱԱԿ-ը քննարկում է զեկույցը և 15 աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր եզրակացությունը ներկայացնում ուսումնական հաստատությանն ու հավատարմագրման հանձնաժողովին:
19. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրումը կորցնում է իր ուժը: Այդ դեպքում տվյալ ուսումնական հաստատության վրա տարածվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված սահմանափակումները:
20. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ նշված թերությունների վերացման մասով: Փորձագիտական հանձնաժողովի կողմից սույն կարգի 64-70-րդ կետերի համաձայն պատրաստվում և ներկայացվում է զեկույց:
21. Պայմանական ինսիտուցիոնալ հավատարմագրման դեպքում ուսումնական հաստատությունը չի կարող բացել նոր մասնագիտություն: Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում:
22. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում հաջորդ ուսումնական տարվանից մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը դադարեցվում է պետության կողմից ուսումնական հաստատությանը հատկացվող ուսանողական նպաստների ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կրթական բոլոր աստիճանների, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը, իսկ ուսումնական հաստատությունը, սույն կարգի համաձայն, երկրորդ անգամ կարող է անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի հետո:
23. Երկու անգամ անընդմեջ ինստիտուցիոնալ հավատարմագրում չստանալու դեպքում ուսումնական հաստատությանը տրված լիցենզիայի գործողությունը կասեցվում է:
III. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
24. Ծրագրային հավատարմագրում անցնելու համար ուսումնական հաստատությունը պետք է՝
1) ներկայացնի դիմում-հայտ՝ ըստ համապատասխան ձևաթղթի.
2) ունենա կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.
3) լրացնի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային համապատասխան հարցաշարը (web.survey.anqa.am).
4) ներկայացնի պետական հավատարմագրման վկայականը.
25. Ծրագրային հավատարմագրման գործընթացն իրականացվում է երեք հաջորդական փուլերով՝
1) առաջին փուլ` մասնագիտության կրթական ծրագրի, ուսումնական գործունեության ներքին գնահատում ուսումնական հաստատության կողմից՝ ինքնավերլուծություն՝ ըստ համապատասխան ձևաչափի.
2) երկրորդ փուլ՝ ուսումնական հաստատության ինքնավերլուծության, ուսումնական գործունեության արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից՝ մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչների և Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխան.
3) երրորդ փուլ՝ ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքներով ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա. շնորհել ծրագրային հավատարմագրում,
բ. շնորհել պայմանական ծրագրային հավատարմագրում,
գ. մերժել ծրագրային հավատարմագրումը:
26. Դիմում-հայտի և ուսումնական հաստատության ինքնավերլուծության ընդունումը, փորձաքննությունը և որոշման կայացումն իրականացվում են սույն կարգի պահանջների համաձայն։
27. Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրերը գրանցվում են հավատարմագրման գրանցամատյանում:
28. Հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա հավատարմագրված ուսումնական հաստատությանը տրվում է հավատարմագրման վկայական, որը ստորագրում է ՈԱԱԿ-ի տնօրենը:
29. Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ի հավատարմագրման գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
30. Երկու աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը և տնօրենի կողմից ստորագրված հավատարմագրման վկայականը վավերացման համար ուղարկվում է նախարարություն:
31. Նախարարությունը հավատարմագրման վկայականը պատշաճ կերպով հանձնում է ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատության ծրագրային կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ը ծրագրային հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում և զանգվածային լրատվամիջոցներով:
32. Ծրագրային հավատարմագրումը տրվում է հինգ տարի ժամկետով։
33. Ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները հնարավոր է շտկել ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում:
34. Պայմանական ծրագրային հավատարմագրում ձեռք բերելու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունն իրականացված բարելավման միջոցառումների մասին գրավոր զեկույց է ներկայացնում ՈԱԱԿ:
35. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական հավատարմագրման վկայականի ներդիրը կորցնում է իր ուժը:
36. Պայմանական ծրագրային հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ծրագրային հավատարմագրման նոր գործընթացին մասնակցելու համար:
37. Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում:
38. Ծրագրային հավատարմագրումը մերժելու դեպքում հաջորդ ուսումնական տարվանից մինչև ծրագրային հավատարմագրում ստանալը դադարեցվում է ուսումնական հաստատության տվյալ կրթական ծրագրով պետության կողմից հատկացվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կրթական բոլոր աստիճանների տեղերի ֆինանսավորումը: Եթե մերժվել է բակալավրի կրթական ծրագրի հավատարմագրումը, ապա հաջորդ ուսումնական տարվանից մինչև ծրագրային հավատարմագրում ստանալը դադարեցվում է ուսումնական հաստատությանը պետության կողմից հատկացվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի ֆինանսավորումը բոլոր երեք կրթական աստիճաններում: Ուսումնական հաստատությունը սահմանված ընթացակարգով կարող է անցնել ծրագրային հավատարմագրում մեկ տարի հետո:
39. Հավատարմագրման վկայականի և դրա ներդիրի (ներդիրների) տպագրությունը, հաշվառումը և պահպանումն ապահովում է ՈԱԱԿ-ը։ Հավատարմագրման վկայականում նշվում են վկայականի համարը և սերիան, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի գտնվելու վայրը, գործունեության վայրը, հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը, գրանցման համարը, վկայականը տալու ամսաթիվը և գործողության ժամկետը: Հավատարմագրման վկայականի ներդիրում (ներդիրներում) նշվում են պետական հավատարմագրման վկայականի համարը և սերիան, ներդիրի համարը, և սերիան, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի լրիվ անվանումը, հավատարմագրված մասնագիտության դասիչը և անվանումը, որակավորման աստիճանը, հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը, ներդիրը տալու ամսաթիվը և գործողության ժամկետը: Ներդիրը (ներդիրները) վավեր է (են) միայն վկայականի առկայության դեպքում։
40. Ուսումնական հաստատությունը պարտավոր է ուսանողներին տեղեկացնել ծրագրային հավատարմագրման արդյունքների մասին։
41. Ուսումնական հաստատություններն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման մասին որոշումները կարող են երկշաբաթյա ժամկետում բողոքարկել ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդին՝ փորձաքննության անցկացման ձեռնարկով սահմանված կարգով, կամ դատարան՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
42. Չի թույլատրվում պետական հավատարմագրման վկայականը և ներդիրը օտարել, գրավ դնել կամ փոխանցել մեկ այլ անձի։
IV. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ,
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
43. Դիմում-հայտերը կարող են ներկայացվել ՈԱԱԿ ամբողջ տարվա ընթացքում։
44. ՈԱԱԿ-ը դիմում-հայտն ընդունելու կամ մերժելու հարցը քննարկում և դրա մասին դիմողին գրավոր ծանուցում է ոչ ուշ, քան դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ ՈԱԱԿ-ը մերժում է դիմում-հայտը, եթե՝
1) ուսումնական հաստատությունը չունի կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.
2) ներկայացված փաստաթղթերի փաթեթը թերի է.
3) ներկայացված փաստաթղթերի փաթեթը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ.
4) ուսումնական հաստատության գործունեությունը կասեցված է.
5) լրացված չէ ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը:
45. Սույն կարգի 44-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտատուն հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու դեպքում կարող է դիմում- հայտը կրկին ներկայացնել ՈԱԱԿ:
46. ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման գործընթացներն իրականացնում է դիմում-հայտն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:
47. Դիմում-հայտի ընդունումից հետո մեկ շաբաթվա ընթացքում դիմողի և ՈԱԱԿ-ի միջև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիր։ Պայմանագրում հստակ նշվում են գործընթացի մեկնարկի ամսաթիվը և ժամանակացույցը։
48. Գործընթացի մեկնարկից հետո 12 շաբաթվա ընթացքում ոսումնական հաստատությունը պարտավոր է ՈԱԱԿ ներկայացնել ինքնավերլուծություն։
49. Ինքնավերլուծությունը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ հայերենով, անհրաժեշտության դեպքում՝ նաև անգլերենով։
50. Ինքնավերլուծության հայերեն և անգլերեն տեքստերի միջև հակասությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տեքստը։
51. Ինքնավերլուծությանը կից ներկայացվում է ձևաչափով պահանջվող հիմնավորող փաստաթղթերի փաթեթը։
52. Ինքնավերլուծությունը ստանալուց հետո հինգ շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ-ը ընդունում է որոշում ինքնավերլուծությունն ընդունելու կամ վերադարձնելու մասին։
53. ՈԱԱԿ-ը ինքնավերլուծությունը վերադարձնում է, եթե՝
1) այն չի համապատասխանում ՈԱԱԿ-ի մշակած միասնական ձևաչափին.
2) առկա են բովանդակային, տեխնիկական, կառուցվածքային կամ այլ թերություններ.
3) ինքնավերլուծության մեջ արտացոլված տվյալները ոչ հավաստի են։
54. Նշված թերությունները վերացնելու համար ՈԱԱԿ-ը սահմանում է մեկամսյա ժամկետ։
55. Ինքնավերլուծությունում առկա թերությունները սահմանված ժամկետում վերացնելու և այն կրկին ներկայացնելու դեպքում ՈԱԱԿ-ը ընդունում է նոր որոշում ինքնավերլուծությունն ընդունելու մասին։
56. Ինքնավերլուծությունն ընդունելու մասին որոշման ընդունման պահից հինգշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ-ը ուսումնական հաստատություն է գրավոր ներկայացնում փորձագիտական խմբի կազմը։ Փորձագիտական խմբի ձևավորման կարգը հաստատվում է ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից։
57. Երկշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ-ը ուսումնական հաստատության հետ համաձայնեցնում է փորձագիտական խմբի կազմը։
58. Փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով՝ մինչև փորձագիտական խմբի նոր կազմի հաստատումը: Մեկամսյա ժամկետի ավարտից հետո փորձագիտական խմբի նոր կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողությունը դադարեցվում է:
59. Հավատագրման հանձնաժողովի հետ համաձայնեցված փորձագետների խմբի վերջնական կազմը ուսումնական հաստատության հետ համաձայնեցվելուց հետո հաստատվում է ՈԱԱԿ-ի տնօրենի հրամանով։ Փորձագետների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր։
60. ՈԱԱԿ-ի կողմից փորձագիտական խմբի կազմը հաստատվելու օրվանից 12 շաբաթվա ընթացքում փորձագիտական խումբն այցելում է ուսումնական հաստատություն (այսուհետ՝ փորձագիտական այց)։
61. Փորձագիտական այցի ժամանակացույցը, պայմանները, ընթացակարգը և տևողությունը սահմանվում են ուսումնական հաստատության և ՈԱԱԿ-ի փոխադարձ համաձայնությամբ։
62. Փորձագիտական այցը կարող է տևել 3-7 օր։
63. Փորձագիտական այցից հետո, անհրաժեշտության դեպքում, ՈԱԱԿ-ը իրավունք ունի պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր։
64. Փորձագիտական այցի ավարտից հետո վեցշաբաթյա ժամկետում փորձագիտական խումբը պատրաստում և ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը։
65. ՈԱԱԿ-ը փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը ստանալու օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում այն ուղարկում է ուսումնական հաստատություն։
66. Ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր դիտողություններն ու առարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՈԱԱԿ, իսկ առարկություններ ու դիտողություններ չունենալու դեպքում հավաստում է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր համաձայնությունը։ Ուսումնական հաստատության առարկություններն ու դիտողություններն ուսումնասիրությամբ հիմնավորված ճանաչվելու դեպքում փորձագիտական զեկույցի նախնական տարբերակում կատարվում է համապատասխան փոփոխություն։
67. Փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո յոթշաբաթյա ժամկետում փորձագետների խումբը վերջնական փորձագիտական զեկույցը ներկայացնում է ՈԱԱԿ։
68. Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը՝ ՈԱԱԿ-ը կազմում է վերջնական եզրակացության նախագիծ և այն ներկայացնում հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար։
69. Հավատարմագրման եզրակացության օրինակելի ձևը սահմանում է ՈԱԱԿ-ը։
70. Փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո 12 շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ-ը պաշտոնական համացանցային կայք-էջում հրապարակում է ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման արդյունքների մասին եզրակացություններն ու հավատարմագրման խորհրդի որոշումները։
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
71. Ինստիտուցիոնալ հավատարմագրման և ծրագրային հավատարմագրման ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ ուսումնական հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման և ծրագրային հավատարմագրման նոր գործընթացներ սկսելու համար։
72. Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների իրականացման համար նախատեսված փորձաքննության, գործուղման և այլ ծախսերը, անկախ գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը՝ ՈԱԱԿ-ի կողմից հաստատված և հրապարակված սակագների համաձայն։ Ուսումնական հաստատությունները ծախսերի համար նախատեսվող գումարը պետք է փոխանցեն ՈԱԱԿ-ի հաշվարկային հաշվին։
73. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) հավատարմագրի վավերականության ժամկետը լրացել է.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը.
3) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
74. Հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին հավատարմագրման հանձնաժողովի որոշումը հրապարակվում է ՈԱԱԿ-ի կայքում, և հավատարմագրման գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
75. Ուսումնական հաստատությունն ինստիտուցիոնալ հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել ՈԱԱԿ։
76. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարանում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
77. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է ՈԱԱԿ, որը տասնհինգօրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական:
78. Սույն կարգի բաղկացուցիչ մասն են՝
1) ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ինքնավերլուծության ձևաչափերը.
2) փորձաքննության անցկացման ձեռնարկը։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |