Համարը 
N 36-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.02/02(342)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի
N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2018թ.

N 36-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի

 N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 153-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`

1) Հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) N 2 ձևի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

 

06

տրակտորներ և ինքնագնաց մեքենաներ

 

 

»: 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի 25-ի N 36-Ն որոշման

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2011 թվականի մարտի 22-ի N 153-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգչի հիման վրա.

2) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալներն ինֆորմացիոն կենտրոնի քարտադարան մուտքագրելու համար.

3) հաշվառում` հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունման, դրանում նշված տեղեկությունների մշակման, համակարգման ու պահպանման գործողություններ.

4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը:

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քրեական գործով վարույթի ընթացքում տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը:

4. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:

5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), քրեական հետապնդման մարմնի անվանումը, հետախուզվող տրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալները` մակնիշը, մոդելը (ընդունված միջազգային անվանումներով), թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի տեսակը, համարանիշը, համարանիշի հիմնագույնը, սեփականության ձևը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, առուվաճառքի պայմանագիր և այլն) տվյալները, համարակիր ագրեգատների (շարժիչի, հենասարքի, թափքի (կցորդի) համարները, նույնացման համարը` (VIN), բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը, տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը, հաշվառման վկայագրի համարը, ինչպես նաև առանձնահատկությունները (վնասվածքները, վերանորոգման հետքերը, պիտակները, տեղակայված լրացուցիչ սարքերը և այլն), տրանսպորտային միջոցի հետախուզման համար հիմք հանդիսացած դեպքի կատարման ամսաթիվը և վայրը, տրանսպորտային միջոցի պատկանելությունը, այսինքն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումները, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, քաղաքացիությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը, դեպքի կատարման նկարագրությունը:

6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված քարտերն ստուգվում են` անհրաժեշտ տեղեկատվության (պարտադիր դաշտերի` մակնիշի և համարակիր ագրեգատների) առկայությունն ապահովելու համար:

7. Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քարտը հետ է ուղարկում քրեական հետապնդման մարմին, որը քարտում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն:

8. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:

9. Ինֆորմացիոն կենտրոնը հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տվյալները, հաշվառման վերցնելու օրվանից տասն օրվա ընթացքում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից չի հանվում, ուղարկում է Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն կենտրոն:

10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթի կարճումից հետո դրա արխիվային պահպանման ժամկետը լրանալը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի վաղեմության ժամկետի լրանալուց հետո տասը տարի անցնելը, բայց ոչ շուտ, քան քրեական գործի արխիվային պահպանման ժամկետը լրանալը:

11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված հիմքի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:

12. Ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է քրեական հետապնդման մարմնի գրության հիման վրա, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքում` ինքնուրույն:

13. Ինֆորմացիոն կենտրոնը հաշվառումից հանված` հետախուզվող տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հանում է նաև Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումից:

14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեն` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը, Արցախի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Արցախի Հանրապետության դատախազությունը, Արցախի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա տեղեկատվություն՝ նաև Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումները ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

16. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

17. Հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-17-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ