Համարը 
ՆՀ-142-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.12.13/24(388)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
30.11.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

 

1. Հաստատել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-36-Ն հրամանագիրը:

 

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                 

2019թ. նոյեմբերի 30

Ստեփանակերտ

ՆՀ-142-Ն

      

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության Նախագահի

2019 թվականի նոյեմբերի 30-ի

ՆՀ- 142-Ն հրամանագրի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ

ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ներման մասին» օրենքով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

3. Հանձնաժողովի գործառույթը «Ներման մասին» օրենքով սահմանված կարգով ներկայացված ներման խնդրագրի քննարկելը և դրա վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելն է:

4. Հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի գործունեությանը մասնակցում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) հաստատում է հանձնաժողովի նիստի օրակարգը.

4) զեկուցում է հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը կամ դրանց զեկուցումը հանձնարարում է հանձնաժողովի քարտուղարին.

5) իրականացնում է հանձնաժողովի գործառույթից և սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

6. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) ներկայացնում է առաջարկություններ՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) իրականացնում է հանձնաժողովի գործառույթից և սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնփակ են:

8. Հանձնաժողովը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկ և հանդիպել ներման խնդրագիր ներկայացրած դատապարտյալի հետ:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

10. Սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի նիստի օրակարգը ներկայացվում է հանձնաժողովի անդամներին՝ հրավիրվող նիստից ոչ ուշ, քան երկու օր առաջ:

11. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցով զեկուցողի անունը, ազգանունը:

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ՝ նրա անդամներից որևէ մեկը:

13. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովում անցկացվում է քվեարկություն: Հանձնաժողովի անդամը առաջարկությանը քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկությունները հրապարակման ենթակա չեն:

14. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն հրապարակման:

15. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի նիստի արձանագրումն իրականացվում է համակարգչային եղանակով համառոտագրման կամ պարզ թղթային արձանագրման ձևով: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

16. Առաջարկությունն ընդունվելուց հետո ներկայացվում է Արցախի Հանրապետության Նախագահին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգային որոշումներ և առաջարկություններ:

18. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ լուծվում են հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը:

19. Հանձնաժողովի աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

20. Հանձնաժողովի առաջարկության հետ չհամաձայնվելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որի վերաբերյալ նշում է կատարվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։ Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստից հետո՝ երկօրյա ժամկետում, և կցվում հանձնաժողովի առաջարկությանը։

21. Հանձնաժողովի առաջարկություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:

22. Հանձնաժողովի առաջարկությունը (ամփոփ առաջարկությունները) ստորագրում է հանձնաժողովի նիստը նախագահողը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչությունը (այսուհետ՝ պետաիրավական վարչություն):

24. Պետաիրավական վարչությունը՝

1) ապահովում է հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

3) կատարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

 

 

Արցախի Հանրապետության Նախագահի

աշխատակազմի ղեկավար`

Մ. ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ