Համարը 
ՆՀ-36 -Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.04.29/10(120)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
23.04.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.04.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.12.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 18-րդ կետը և դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Հաստատել դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1995 թվականի փետրվարի 1-ի «Ներման խնդրագրերի քննարկման կարգի մասին» ՆՀ-20 հրամանագիրը:

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

23 ապրիլի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՆՀ-36 -Ն

 

 

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի

ՆՀ-36-Ն հրամանագրով

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն քննության է առնում դատապարտյալների ներման խնդրագրերը և ներում շնորհելով՝

1) լրիվ կամ մասնակիորեն ազատում է հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց.

2) պատժի չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժատեսակով.

3) պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատում է պետության օգտին դատավճիռներով գանձվող նյութական վնասի հետագա հատուցումից.

4) վերացնում է դատվածությունը:

2. Ներման խնդրագրերը քննարկվում են միայն դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերը՝ հիմնական պատիժը կրելուց հետո:

3.Ներման խնդրագրերը քննարկելիս հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, պատիժը կրելու վայրում նրա վարքը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

4. Այն անձանց, որոնց նախկինում ներում է շնորհվել կամ որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է համաներում կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, եթե նրանք մինչև դատվածության մարումը կամ վերացումը նորից դիտավորյալ հանցագործություն են կատարել, կարող է ներում շնորհվել միայն բացառիկ դեպքերում:

5. Դատապարտյալների ներման խնդրագրերը պատիժը կրելու վայրի կամ պատժի ի կատար ածումը տնօրինող մարմնի վարչակազմի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը՝ կից ներկայացնելով դատարանների որոշումների ու դատավճիռների պատճենները, դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը, ինչպես նաև ներում շնորհելու հարցի քննարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ:

6. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին:Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին են ներկայացնում եզրակացություններ՝ նշելով հանցագործության կատարման հանգամանքները, դրա առաջացրած հետևանքները, դատապարտյալի անձի մասին տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի վերաբերյալ:

7. Անհրաժեշտության դեպքում դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մեկամսյա ժամկետում եզրակացություն տալու համար:

8. Ներման խնդրագրերը, նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով):

9. Հանձնաժողովը կազմավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:Հանձնաժողովի նիստերն անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ՝ նրա անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրություն, որում գրանցվում են հանձնաժողովի առաջարկությունները քննարկվող խնդրագրերի վերաբերյալ: Հանձնաժողովը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկ և հանդիպել ներման խնդրագիր ներկայացրած դատապարտյալի հետ:

Հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

10. Ներում շնորհելու մասին խնդրագրերն ու միջնորդությունները հանձնաժողովի առաջարկություններով հանդերձ ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը:

11. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր: Դիմողները տեղեկացվում են իրենց խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

12. Ներման խնդրագրերը մերժվելու դեպքում, եթե ուշադրության արժանի նոր հանգամանքներ չկան, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված ներման նոր խնդրագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի անց, իսկ այլ հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից ներկայացված նոր խնդրագրերը՝ վեց ամիս անց:

Նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու կամ դատվածությունը վերացնելու վերաբերյալ խնդրագրերի մերժման դեպքում նոր խնդրագրերը կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո:

Մինչև նշված ժամկետների ավարտն ստացված նոր խնդրագրերը կցվում են եղած նյութերին:

Ներման խնդրագրերը մասնակիորեն բավարարվելուց հետո նույն դատապարտյալներից ստացված նոր խնդրագրերը կարող են քննարկվել միայն ուշադրության արժանի նոր հանգամանքների առկայության դեպքում:

13. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են՝

1) ցմահ ազատազրկման, որոշակի ժամկետով ազատազրկման, կալանքի, գույքի բռնագրավման, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, տուգանքի դատապարտված անձանց և դատվածության վերացման վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն,

2) կալանքի, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարություն,

3) նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարան կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն:

14. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի գիտություն ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազություն:

15. Ներման խնդրագրերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքներն ստանալուն պես: Այդ հրամանագրերի կատարման մասին հաղորդագրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ են ուղարկում այն մարմինները, որոնց վրա դրված է այդ հրամանագրերի կատարումը:

16. Նախկինում ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները կամ որոշումները վճռաբեկության կարգով կամ օրենքի հիման վրա վերանայվելու դեպքում դատարաններն իրենց կայացրած որոշումների մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչությանը:

17. Նախնական քննարկման համար հանձնաժողով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչությունը:

18. Ներման խնդրագրերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարումը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչությունը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Նախագահի աշխատակազմի ղեկավար`                                           Մ. ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ