Համարը 
ՀՕ-267
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.04.01/10(19)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.02.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 41-Ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

փետրվարի 15-ին

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության զբաղվածության իրավական հիմքերը, բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աշխատանքի և զբաղվածության ազատ ընտրության և գործազուրկների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքները:

 

Հոդված 2.

Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Բնակչության զբաղվածությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների զբաղվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված, եկամտի ստացման նպատակ հետապնդող գործունեություն է, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(3-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 4.

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

 

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) (կետն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

3) անհատ ձեռնարկատիրական գործունեությունը.

4) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

5) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

(4-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 5.

Զբաղված և չզբաղված անձինք

 

1. Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:

2. Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:

(5-րդ հոդվածը լրաց. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 6.

Աշխատանք փնտրող անձինք

 

Աշխատանք փնտրող են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմին (այսուհետ` տարածքային մարմին):

(6-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 7.

Գործազուրկները

 

Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են տարածքային մարմնում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(7-րդ հոդվածը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 8.

Աշխատանք փնտրող անձանց հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը

 

1. Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով տարածքային մարմին դիմող անձանց հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Տարածքային մարմնի կողմից կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկված անձանց գործազուրկի կարգավիճակը` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տևողության ողջ ժամանակահատվածում:

3. Տարածքային մարմինը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:

4. Տարածքային մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա`

1) դարձել է զբաղված, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկման դեպքերի.

2) դարձել է կենսաթոշակառու.

3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ տարածքային մարմնի հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.

6) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

7) մահացել է:

5. Գործազուրկի կարգավիճակը կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է տարածքային մարմնի որոշմամբ:

(8-րդ հոդվածը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 9.

Հարմար աշխատանքը

 

1. Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը` հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող գործազուրկ անձանց համար, որոնց տարածքային մարմնի կողմից հնարավոր չի եղել ապահովել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:

3. Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է տարածքային մարմնի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվող նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում:

4. Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար, որոնք հրաժարվել են սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 10.

Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

 

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) և իրականացնում տարածքային մարմինների միջոցով:

(10-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 11.

Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

 

Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը և զբաղմունքի ազատ ընտրությունը.

2) անձանց զբաղվածության ապահովումը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

3) պետության պարտավորությունն անձանց զբաղվածության իրավունքի իրացման համար պայմանների ստեղծման հարցում.

4) մասնագիտական ուսուցման համակարգի կողմնորոշումը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան.

5) աշխատուժի ազատ տեղաշարժի (ներքին և արտաքին) ապահովումը.

6) սոցիալական գործընկերությունը.

7) գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

Հոդված 12.

Բնակչության զբաղվածության պետական կարգավորումը

 

1. Բնակչության զբաղվածության պետական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հաշվեկշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում ֆինանսավարկային, ներդրումային, հարկային և ժողովրդագրական քաղաքականության միջոցով` հաշվի առնելով աշխատաշուկայի իրավիճակը և սպասվող կառուցվածքային փոփոխությունները:

2. Բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը` բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

3. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը ներառում է աշխատաշուկայի վերլուծությունը, կանխատեսումը, ծրագրով նախատեսված միջոցառումները, իրականացման ժամանակացույցը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրները և ակնկալվող արդյունքները:

4. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը մշակում է լիազորված մարմինը:

5. Լիազորված մարմինը բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը սահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում ներառելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:

6. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են օրենքով:

(12-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 13.

Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը

 

Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`

1) գործազրկության նպաստի վճարումը.

2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.

3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.

5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.

7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.

10) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.

11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.

12) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.

13) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.

14) թաղման նպաստի վճարումը:

(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.02.2009 ՀՕ-11-Ն, փոփ. 24.06.2009 ՀՕ-45-Ն, խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 14.

Աշխատուժի տեղաշարժը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ապահովում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականության իրականացումը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, համաճարակային իրավիճակի, տարերային աղետի և այլ անբարենպաստ պայմանների դեպքում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(14-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 15.

Տարածքային մարմնի հիմնական լիազորությունները

                     (վերնագիրը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

1. Տարածքային մարմինն իրավունք ունի՝

1) գործատուներից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից ստանալու տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ.

2) աշխատանք փնտրող անձանց ուղեգրելու գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

3) օգտագործելու զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի համար հատկացված միջոցները.

4) անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից ստանալու տեղեկություններ նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու և պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարած լինելու մասին:

2. Տարածքային մարմինը պարտավոր է՝

1) ստացված տեղեկատվության հիման վրա կանխատեսել աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու նպատակով լիազորված մարմին ներկայացնել աշխատուժի շուկայի վիճակի մասին տեղեկություններ.

2) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման արդյունքների վերլուծության հիման վրա լիազորված մարմին ներկայացնել նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ առաջարկություններ.

3) իրականացնել աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, օժանդակել աշխատանք փնտրող անձանց` ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող մասնագետներով.

4) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն` թափուր աշխատատեղերի մասին.

5) իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

6) տալ գործազուրկի կարգավիճակ և նշանակել գործազրկության նպաստ՝ սույն օրենքով սահմանված կարգով.

7) կասեցնել կամ դադարեցնել գործազուրկի կարգավիճակը, հանել նրան հաշվառումից՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

8) կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

9) վերականգնել անձի կասեցված գործազուրկի կարգավիճակը, վերականգնել և վերահաշվարկել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

10) ներկայացնել առաջարկություններ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ և ապահովել դրանց իրականացումը.

11) իրականացնել աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը.

12) մասնակցել գործազուրկների մասնագիտական ուսուցումը կազմակերպելու աշխատանքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

13) մասնակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումը կազմակերպելու աշխատանքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հապետության կառավարության սահմանած կարգով.

14) մասնակցել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

15) իրականացնել սույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխավարձի փոխհատուցման ծրագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառաարության սահմանած կարգով.

16) ապահովել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

17) տրամադրել ֆինանսական աջակցություն գործազուրկներին և աշատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին՝ ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

18) մասնակցել արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը կազմակերպելու աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

19) կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

20) կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

21) աջակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

22) աջակցել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

23) տալ առաջարկություն իրավասու մարմնին՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրման մասին, որի կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

24) վճարել թաղման նպաստ առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Տարածքային մարմնի կողմից բնակչությանը և գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

4. Տարածքային մարմնի ուղեգրերն աշխատանք փնտրող անձի և գործատուի միջև կրում են միջնորդային բնույթ: Տարածքային մարմինն իր իրավասության շրջանակներում տրամադրում է տեղեկություն և իրականացնում խորհրդատվություն՝ օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց, ինչպես նաև իրականացնում միջնորդություն նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև:

(15-րդ հոդվածը փոփ. 18.02.2009 ՀՕ-11-Ն, փոփ. 24.06.2009 ՀՕ-45-Ն, փոփ., խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 16.

Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

 

1. Գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով կարող են տեղեկություններ տալ տարածքային մարմին` իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերի, սպասվող կառուցվածքային փոփոխությունների և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին:

2. Գործատուներն իրավունք ունեն՝

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) տարածքային մարմնից ստանալու անվճար տեղեկատվություն աշխատուժի շուկայի վիճակի մասին.

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս աշխատավարձի փոխհատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(16-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 17.

Հասարակական աշխատանքների կազմակերպումը

 

1. Հասարակական աշխատանքներ են համարվում մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող համընդհանուր մատչելի ժամանակավոր աշխատանքները:

2. Փոխհատուցվող հասարակական աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է դրամային կամ բնաիրային ձևով:

3. Դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքը վարձատրվող հասարակական աշխատանք է:

4. Աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար տարածքային մարմինը տրամադրում է անհրաժեշտ աշխատուժ:

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների հաշվին:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 18.

Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները

 

1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն՝

1) տարածքային մարմնից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվություն.

2) տարածքային մարմնում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.

2.1) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.

3) տարածքային մարմնի պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության՝ վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման, իսկ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք` մասնագիտական ուսուցման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 18.02.2009 ՀՕ-11-Ն)

4. Գործազուրկները, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքներից բացի, սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն նաև`

1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

2) (կետն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

3) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.02.2009 ՀՕ-11-Ն, փոփ., լրաց. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 19.

Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները

 

1. Սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեն աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.

1) հաշմանդամները.

2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, տարածքային մարմին դիմած անձինք.

3) աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, տարածքային մարմնում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.

6) առնվազն երեք տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.

7) փախստականները:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար տարածքային մարմինն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծրագիրն իրականացվում է սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով և պայմաններով:

(19-րդ հոդվածը խմբ.15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 20.

Գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը

 

Գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:

(20-րդ հոդվածը փոփ.15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 21.

Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը

                      (վերնագիրը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

1. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը իրավունքների, պարտավորությունների և երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկության դեպքում իրավական և սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Այն անձինք, որոնց անվամբ կատարվել են առնվազն մեկ տարվա պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կամ 1995 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-9-րդ, 11-րդ և 14-րդ կետերում նշված ծրագրերում:

3. Այն անձինք, ովքեր մինչև 1995 թվականի հունվարի 1-ը չունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ 1995 թվականի հունվարի 1-ից հետո նրանց անվամբ չեն կատարվել կամ մեկ տարուց պակաս են կատարվել սոցիալական վճարներ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 6-9-րդ և 11-րդ կետերում նշված ծրագրերում:

(21-րդ հոդվածը խմբ.15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 22.

Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության սկզբունքները

                      (22-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 23.

Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձինք 

                      (23-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 24.

Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ոչ ենթակա անձինք 

                      (24-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 25.

Գործազրկության դեպքում սոցիալական աջակցությունը 

                      (25-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 26.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 27.

Գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության երաշխիքները 

 

1. Գործազուրկ անձանց երաշխավորվում է՝

1) առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած լինելու կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը և գործազրկության նպաստի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

2) կրթաթոշակի վճարում՝ մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում:

2. Հաշմանդամներին երաշխավորվում է կրթաթոշակի վճարում մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման դասընթացներում սովորելու ընթացքում:

3. Սույն օրենքի 28-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկները, ովքեր ունեն առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ, և որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի, ունեն լրացուցիչ սոցիալական երաշխիքների իրավունք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. (մասն ուժը կորցրել է 24.06.2009 ՀՕ-45-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 24.06.2009 ՀՕ-45-Ն)

(27-րդ հոդվածը փոփ. 24.06.2009 ՀՕ-45-Ն, խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 28.

Գործազրկության նպաստի նշանակման պայմանները 

 

1. (մասն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

2. Տարածքային մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում նշված անձանց գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից:

3. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:

4. Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

5. Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս:

6. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում տարածքային մարմնի կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է տարածքային մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան` սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով սահմանված կարգով:

(28-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 29.

Գործազրկության նպաստի չափը 

                     (29-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 30.

Կրթաթոշակի չափը

 

Սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկված գործազուրկ անձանց և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց, մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրերում ընդգրկված հաշմանդամներին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ, որի չափը և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(30-րդ հոդվածը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 31.

Գործազրկության նպաստի վճարումը լիազորագրով 

 

Գործազրկության նպաստը լիազորագրով կարող է վճարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 32.

Անցած ժամանակահատվածի համար գործազրկության նպաստի վճարումը 

 

1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 4.1-րդ մասով վերականգնված գործազրկության նպաստի գումարը սահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:

2. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման: Նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:

(32-րդ հոդվածը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 33.

Կալանավորված անձի չստացած գործազրկության նպաստի վճարումը

 

Կալանավորված անձի, մինչև կալանավորման կամ դատապարտման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ, սույն օրենքի 31-րդ հոդվածում նշված լիազորագրի հիման վրա:

(33-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 34.

Բնակության վայրը փոխելու դեպքում գործազրկության նպաստի վճարումը

 

Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաստառու գործազուրկի գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, և նոր բնակավայրում շարունակվում է նպաստի վճարումը կասեցման օրվանից:

 

Հոդված 35.

Թաղման նպաստի վճարումը

                      (վերնագիրը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանած չափով և կարգով, անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային մարմին ներկայացնելու դեպքում:

(35-րդ հոդվածը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 36.

Նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացած գործազրկության նպաստի վճարումը

 

1. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին:

2. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից որևէ մեկի կողմից դիմելու դեպքում:

(36-րդ հոդվածը խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 37.

Գործազրկության նպաստի վճարման կասեցումը, վերականգնումը, վերահաշվարկումը և դադարեցումը

                      (վերնագիրը լրաց. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

1. Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ տարածքային մարմնի ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին` վարձատրվող հասարակական կամ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությանը համապատասխան ժամկետով:

2. Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա տարածքային մարմինը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:

3. Տարածքային մարմնի կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում՝ դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:

3.1. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում տարածքային մարմնի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4.  Տարածքային մարմինը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝

1) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

2) գործազուրկը երկու անգամ անընդմեջ տարածքային մարմնի հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.

3) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

4) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով.

5) (կետն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-41-Ն)

6) օրինական ուժի մեջ է մտել գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման.

7) գործազուրկը մահացել է:

Ազատազրկման կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրից վերադառնալուց հետո գործազրկության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

4.1. Սույն հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման վեց ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ լինելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել նաև սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:

5. Եթե անձը գործազրկության նպաստ ստանալու, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն ստանալու պահին սույն օրենքով սահմանված կարգով եղել է զբաղված, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներով փաստաթղթեր, ապա նրա կողմից ստացած գործազրկության նպաստը կամ կրթաթոշակը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ստացած ֆինանսական միջոցներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման՝ օրենքով սահմանված կարգով:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 37.1. 

Զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

 

1. Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակում անձի ստացած ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով եղել է զբաղված, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:

Ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

(37.1-րդ հոդվածը լրաց. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 38.

Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը

 

Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(38-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-112, խմբ. 18.02.2009 ՀՕ-11-Ն, փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

Հոդված 39.

Զբաղվածության ոլորտի տեղեկատվական բազան

 

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի հասցեականության ապահովման, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունավետ իրականացման նպատակով լիազորված մարմինը ստեղծում է տեղեկատվական բազա:

2. Տեղեկատվական բազան ներառում է տեղեկատվություն՝ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական և ոչ պետական ծրագրերի վերաբերյալ:

3. Զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ընթացքում տարածքային մարմինը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(39-րդ հոդվածը փոփ. 15.09.2011 ՀՕ-41-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 40.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 41.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի օգոստոսի 3-ի «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

3. Մինչև օրենքը գործողության մեջ դնելը ծագած հարաբերությունները շարունակվում են և դրանց նկատմամբ կիրառվում են «Բնակչության զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները:

4. Մինչև զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

21 մարտի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-267