Համարը 
N 127-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.06.26/16(407)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.06.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2020թ. 

N 127-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

12-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 17-ի N 95-Ն որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի հունիսի 26-ի N 127-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 46-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, նախարարության ենթակայությանը հանձնված 20 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության անվանումն է`

հայերեն լրիվ անվանումը`

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն,

ռուսերեն լրիվ անվանումը` Министерство экономики и производственных инфраструктур Республики Арцах,

անգլերեն լրիվ անվանումը` Ministry օf Economy and industrial infrastructures of the Republic of Artsakh:

Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Նախարարության խնդիրներն են `

1) իր իրավասության սահմաններում էկոնոմիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառների գործունեության պետական կառավարումը, կարգավորումը, ինչպես նաև այդ բնագավառների պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) իր իրավասության սահմաններում էկոնոմիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառների նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) իր իրավասության սահմաններում էկոնոմիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառներում մոբիլիզացիոն ծրագրերի մշակումն ու արտակարգ իրավիճակներում գործող տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային հաղորդակցության և ցանկացած այլ ցանցերի և կապի այլ միջոցների գործունեության համակարգումը.

4) էկոնոմիկայի բնագավառում՝

ա. մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը,

բ. գործարարության և ներդրումների համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը,

գ. արդյունաբերության մրցունակության բարձրացումը և արտահանման խթանումը,

դ. առևտրի համար բարենպաստ միջավայրի ապահովումը,

ե. որակի ենթակառուցվածքների զարգացումը,

զ. սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը,

է. մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մշակումը,

ը. տարածքային տնտեսական զարգացումը,

թ.պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը.

5) տրանսպորտի բնագավառում՝

ա. տրանսպորտի համակարգում տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը,

բ. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը,

գ. տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության կազմակերպման ապահովումը,

դ. ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը,

ե. տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացման ապահովումը.

6) էներգետիկայի բնագավառում՝

ա. Արցախի Հանրապետության էներգետիկ անկախությանը նպաստելը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսակումը և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը,

բ. էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

գ. էներգետիկական շուկաների ընդլայնման ապահովումը,

դ. էներգետիկայի բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը, մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացման նպաստումը.

7) կապի բնագավառում՝

ա. տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորման աջակցությունը,

բ. Արցախի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը նպաստելը,

գ. Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության ապահովումը,

դ. Արցախի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի զարգացմանը խթանելը,

ե. ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և ծառայությունների տեսականու ավելացմանը խթանելը և ենթակառուցվածքների բնագավառում ներդրումների տնտեսապես արդյունավետ օգտագործմանը նպաստելը.

8) քաղաքացիական ավիացիայի բնագավառում՝

ա. թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների, միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետությունը ներկայացնելը,

բ. քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և վերահսկողությունը` Արցախի Հանրապետության օրենսդրության և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար և օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների նշանակումն ու դրանց գործունեության վերահսկումը` քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար,

գ. խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը,

դ. քաղաքացիական ավիացիայում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերի հաստատումն ու ներդրումը, ընթացակարգերի կանոնակարգումը, Արցախի Հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանափակումների ու արգելքների սահմանումը` ռազմական ավիացիային առնչվող մասով` դրանք համաձայնեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ,

ե. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանիության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերի վկայականների տալն ու վավերացումը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ,

զ. քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների ու ընկերությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով,

է. Արցախի Հանրապետության տարածքում պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննություն), այլ պետությունում` Արցախի Հանրապետությունում գրանցված կամ Արցախի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը, Արցախի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը,

ը. Արցախի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը,

թ. Արցախի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգումը,

ժ. քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը,

ժա. Արցախի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը,

ժբ. քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը, հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը,

ժգ. առևտրային նպատակներով իրականացվող օդային փոխադրումների թույլտվություններ տալը, թռիչքային անվտանգության ապահովման նպատակով նման փոխադրումների նկատմամբ տեխնիկական, ֆինանսական և այլ պահանջների ու պայմանների սահմանումը, թռիչքների շահագործման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին,

ժդ. տրված թույլտվության` Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) իրականացվող օդային հաղորդակցությունների, պայմանների սահմանումը, ինչպես նաև կիրառվող սակագների ու չվերթների ծրագրերի հաստատումը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով,

ժե. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունը նշված խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ բնագավառների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր իրավասությունների սահմաններում էկոնոմիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառներին վերաբերող իրավական ակտերի մշակումը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էկոնոմիկայի, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և քաղաքացիական ավիացիայի բնագավառների գործունեությունը կարգավորող գերատեսչական ակտերի ընդունումը.

2) բնագավառին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը և վերահսկումը.

3) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորող ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ իր իրավասության սահմաններում համագործակցությունը.

4) իր իրավասությունների սահմաններում՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարումը.

5) իր իրավասության սահմաններում հանրապետության սոցիալ-տնտեսական ամենամյա ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

6) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառում և փոստային կապի ոլորտում օրենքով նախատեսված գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.

7) էկոնոմիկայի բնագավառում՝

ա. իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն, մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրեր.

բ. առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, տարածքային տնտեսական, բյուջետային, սակագնային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ.

գ. մշակում և իրականացնում է ձեռներեցության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը.

դ. մշակում է «պետություն-մասնավոր հատված» համագործակցության քաղաքականությունը, ձևավորում է պետական և մասնավոր հատվածի համագործակցության ոլորտային հարթակներ.

ե. իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր.

զ. մշակում և իրականացնում է արդյունաբերական ներուժի ընդլայնման և մրցունակության բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման քաղաքականությունը.

է. մշակում, իրականացնում և համակարգում է որակի ենթակառուցվածքի` տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման ոլորտների պետական քաղաքականությունը, սպառողների անվտանգության ապահովման մեխանիզմները.

ը. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը, բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծմանը և զարգացմանը նպաստող գործարար միջավայր.

թ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները.

ժ. մշակում է ներդրումների ներգրավման և պաշտպանության քաղաքականությունը և օրենսդրական դաշտը, իրականացնում դիտանցում.

ժա. մշակում և իրականացնում է արտահանման խթանման քաղաքականությունը.

ժբ. մշակում է մտավոր սեփականության պահպանության քաղաքականությունը.

8) տրանսպորտի բնագավառում՝

ա. ապահովում է տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության կազմակերպումը,

բ. օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների սակագների ձևավորումը,

գ. ապահովում է տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը,

դ. ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման, ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

ե. ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը,

զ. Արցախի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահպանման, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը,

է. հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, ինչպես նաև ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառումը,

ը. իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

թ. մասնակցում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացմանը, շինարարությանը, նորոգման ու պահպանման ծրագրերի մշակման աշխատանքներին.

9) էներգետիկայի բնագավառում՝

ա. էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարական ծրագրերի մշակումն ու միջոցառումների կենսագործումը,

բ. էներգետիկայի բնագավառի վերաբերյալ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցությունը,

գ. տեղական էներգետիկական պաշարների (հատկապես` հիդրոէներգետիկական), էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման և կիրառման ապահովումը,

դ. գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումների իրականացումը,

ե. էներգետիկայի բնագավառում էներգետիկական շուկաների, այդ թվում` տարածաշրջանային, ընդլայնման միջոցառումների մշակումն ու իրականացումը,

զ. էներգետիկայի բնագավառի և էներգախնայողության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեխնիկական կանոնակարգեր, ազգային ստանդարտներ և այլն) կազմակերպումը և սահմանված կարգով դրանց հաստատումը,

է. օտարերկրյա պետությունների հետ Արցախի Հանրապետության համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցությունը,

ը. Արցախի Հանրապետության կառավարություն ու միջազգային դոնոր կազմակերպություններին` էներգետիկայի բնագավառի զարգացմանն ու վերակառուցմանն ուղղված միջազգային վարկային ծրագրերի նախագծերի մշակումը և ներկայացումը, հաստատված վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակների աշխատանքի համակարգումը,

թ. էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում էներգատեղակայանքների անվտանգ շահագործման նկատմամբ օրենքով սահմանված կարգով տեխնիկական վերահսկողության իրականացումը,

ժ. սահմանված կարգով այլ պետությունների, օտարերկրյա անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացման միջոցառումների իրականացումը.

10) կապի բնագավառում՝

ա. էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը,

բ. Արցախի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների մշակումը և իրականացումը,

գ. արտակարգ իրավիճակ հայտարարելու, ռազմական դրության կամ մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում պատասխանատվության ստանձնում՝ էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների, կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովումը, համակարգումն ու կառավարումը,

դ. ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանումը և տեխնիկական վերահսկումը,

ե. ռադիոհաճախականության տիրույթի բաշխումը, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականության տիրույթի որոշակի հատվածների առանձնացումը,

զ. փոստային կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կապի և տեղեկատվայնացման ոլորտներում գործող կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը,

է. հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

ը. փոստային օբյեկտների դասիչների սահմանումը,

թ. նամակագրական թղթակցության՝ փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանումը,

ժ. էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

11) քաղաքացիական ավիացիայի բնագավառում՝

ա. քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետության շահերը ներկայացնելը,

բ. քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը,

գ. օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը` դրանց պիտանիությունը որոշելու համար,

դ. օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող ընկերությունների ու կազմակերպությունների սերտիֆիկացումը, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորումը,

ե. օդանավերի թռիչքային պիտանիության և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացումը,

զ. թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը` օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չի կարող տրվել,

է. օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացումը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը,

ը. օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցությունը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը,

թ. օդանավ շահագործողի սերտիֆիկատ հատկացնելու համար նախատեսված պահանջների սահմանումը և կանոնակարգումը,

ժ. օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացումը,

ժա. օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը,

ժբ. քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը գլխավորում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը։

11. Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար։

13. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին։

14. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն.

4) արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

12) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

14) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

15) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը։

16. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ։

17. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ստեղծվել նախարարության խորհուրդ, որի կազմն ու գործունեության կարգը հաստատում է նախարարը:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող տեսչությունների, գործակալությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է։

19. Նախարարության աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։

20. Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։

21. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

22. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

23. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

24. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով։

25. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով։ Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։

26. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը։

27. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

28. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Նախարարության աշխատակազմի գույքը, օրենքով սահմանված կարգով, ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռքբերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն։

30. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը։

31. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը։

32. Նախարարության աշխատակազմի գույքի քանակը և արժեքը սահմանվում է նախարարի հրամանով:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

33. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ և բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություններ և գործակալություն)։

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը։

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից։

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

40. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում։ Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը։

41. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար։ Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու, պարտականությունները չկատարելու համար։

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները։

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ նախարարի հրամանով։

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

10) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

11) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

12) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

13) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները։

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար։

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

49. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր։

50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 

X. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի հունիսի 26-ի N 127-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 46-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

1) Տնտեսական զարգացման վարչություն

2) Տրանսպորտի վարչություն

 

2. Բաժիններ

1) Էներգետիկայի բաժին

2) Ընդհանուր բաժին

3) Իրավաբանական բաժին

4) Կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

5) Քաղաքացիական ավիացիայի բաժին

6) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

1) Էներգետիկայի պետական տեսչություն

2) Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն

3) Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ