Համարը 
N 115
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''15'' ապրիլի 2003թ.

N 115

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 25.06.20 N 123-Ն)

Հաստատել հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ.ապրիլի «15»-ի

թիվ 115 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Արցախի Հանրապետության հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի (այսուհետ՝ գնդակապարկուճադարան) գործունեությունն իրականացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) փորձաքրեագիտական բաժնի (այսուհետ՝ բաժին) կողմից:

(1-ին կետը խմբ. 25.06.20 N 123-Ն)

2. Գնդակապարկուճադարանի վարման ընթացքում ոստիկանությունը ղեկավարվում է ոստիկանության գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ, սույն կարգով, ինչպես նաև Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:

(2-րդ կետը խմբ. 25.06.20 N 123-Ն)

 

II. Գնդակապարկուճադարանի վարման և գործունեության իրականացման

հետ կապված բաժնի հիմնական խնդիրները և գործառույթները

(վերնագիրը խմբ. 25.06.20 N 123-N)

 

3. Գնդակապարկուճադարանի վարման և գործունեության իրականացման հետ կապված բաժնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

ա) ձգաբանական փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը, դատական ձգաբանության միջոցներով և մեթոդներով քրեական գործերի նախնական քննության և հանցագործությունների բացահայտման քրեատեխնիկական ապահովումը.

բ) դեպքի վայրից առգրավված և քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող հրազեններից կրակված գնդակների, պարկուճների և զենքի հետքեր ունեցող փամփուշտների հանրապետական գնդակապարկուճային հաշվառումը.

գ) Արցախի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող հրազեններից (այդ թվում՝ կորած և հափշտակված) ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների հաշվառումն ու պահպանումը.

դ) քրեական գործերով նախնական քննության և հանցագործությունների բացահայտման գործում ձգաբանական փորձաքննությունների և հետազոտությունների կատարման արդյունավետության վերլուծությունը, առաջարկություններ ներկայացնելը.

ե) իրավապահ մարմիններին, փորձագիտական հիմնարկներին հանցագործությունների դեմ պայքարում ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման գործում և գնդակապարկուճադարանի հնարավորությունների օգտագործման հարցում մեթոդական, խորհրդատվական և գործնական օգնության ապահովումն ու մասնագետների ստաժավորումը.

զ) քրեական գործերով նախնական քննության և հանցագործությունների բացահայտման գործում ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման նորմատիվ ակտերի նախապատրաստումը.

է) ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման ու քրեագիտական հաշվառումների արտասահմանյան դրական փորձի ուսումնասիրությունը և ընդհանրացումը, հայրենական ու արտասահմանյան արտադրության ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների փորձարկումը.

ը) օտարերկրյա պետությունների համանման մարմինների հետ համագործակցությունը.

թ) զենքի հավաքածուների և տեղեկատուների կազմումը:

(3-րդ կետը լրաց., փոփ. 25.06.20 N 123-Ն)

 

III. Գնդակապարկուճադարանի գործունեության կարգը

 

4. Գնդակապարկուճադարանը ծառայում է՝

ա) նույն հրազենի կիրառմամբ (ոչ ավելի, քան 11.56 մմ տրամաչափ ունեցող) մեկ և ավելի հանցագործությունների կատարման փաստերի բացահայտմանը.

բ) առգրավված, գտնված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված), ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար ողորկափող, ինքնաշեն կամ վերափոխված զենքի գործադրմամբ Արցախի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների փաստերի բացահայտմանը:

(4-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

5. Գնդակապարկուճադարանը հաշվառում է քրեական գործերի նախնական քննության և հանցագործությունների բացահայտման ընթացքում հայտնաբերված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված ոչ ավելի, քան 11.56 մմ տրամաչափ ունեցող գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները (բացի ողորկափող որսորդական հրազենից կրակված), ինչպես նաև ակոսափող քաղաքացիական, ծառայողական և մարտական (այդ թվում՝ կորած և հափշտակված) զենքից ստուգման նպատակով կրակված գնդակները և պարկուճները:

6. Գնդակապարկուճադարանում պարտադիր ստուգման ենթակա են առգրավված, գտնված, կամավոր հանձնված ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն կամ վերափոխված ողորկափող զենքերը:

Նշված զենքերը ստուգվում են նաև ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից կատարված կորած, գողացված և հայտնաբերված զենքի հաշվառումով:

(6-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

7. Գնդակապարկուճադարանում հաշվառված դեպքի վայրերից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները հանվում են գնդակապարկուճադարանի հաշվառումից՝ գործադրված զենքի պարզման դեպքում կամ հանցագործության կատարման պահից 15 տարի հետո:

8. Դատարանի, դատախազի կամ քննիչի գրավոր պահանջի դեպքում գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները կարող են հանվել գնդակապարկուճադարանից և ուղարկվել քրեական գործի վարույթն իրականացնող մարմին:

9. Գնդակապարկուճադարանում գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները բաժանվում են ըստ զենքի ու տրամաչափի և տեղավորվում հատուկ տուփերում կամ փաթեթներում:

10. Գնդակապարկուճադարանը ներառում է հետևյալ հավաքածուները՝

ա) դեպքի վայրից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված գնդակներ, պարկուճներ ու զենքի հետքեր ունեցող փամփուշտներ.

բ) կորած (հափշտակված) հաշվեցուցակային ակոսափող զենքերի ստուգված գնդակներ և պարկուճներ.

գ) առգրավված, կամավոր հանձնված և գտնված զենքերի հետքեր ունեցող գնդակներ ու պարկուճներ.

դ) քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերից ստուգման նպատակով կրակված գնդակներ և պարկուճներ.

ե) քաղաքացիական, ծառայողական և մարտական կորած (հափշտակված) ակոսափող զենքերից ստուգման նպատակով կրակված գնդակներ և պարկուճներ.

զ) գնդակապարկուճադարանի արխիվ:

11. Գնդակապարկուճադարանում ստուգման ենթակա չեն՝

ա) ակոսափող ուսումնական զենքը, եթե այն հարմարեցված չէ կրակելու համար.

բ) 11.56մմ տրամաչափից մեծ տրամաչափ ունեցող զենքը.

գ) անսարք կամ խիստ ժանգոտված մանրամասեր (դետալներ) ունեցող ակոսափող զենքը, եթե անհնար է դրանից ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների վրա ստանալ զենքի որակյալ հետքեր.

դ) ողորկափող որսորդական զենքը.

ե) օդաճնշիչ և գազային զենքերը:

 

IV. Գնդակապարկուճադարան զենք, գնդակներ, պարկուճներ և զենքի հետքեր ունեցող փամփուշտներ ներկայացնելը

 

12. Դեպքի վայրից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող զենքը, գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտներն այլ փորձագիտական հիմնարկ ձգաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում փորձաքննության ավարտից հետո 10-օրյա ժամկետում ներկայացվում են գնդակապարկուճադարան ստուգման և հաշվառման նպատակով:

13. Այն դեպքում, երբ բացահայտվում է հանցագործությունը առանց գործադրված զենքի պարզման, ապա այդ հանցագործության իրեղեն ապացույց ճանաչված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները տվյալ հանցագործությունը կատարած անձանց տվյալների հետ միասին գնդակապարկուճադարանում պահվում են 15 տարի մինչև գործադրված զենքի պարզումն ու առգրավումը կամ մինչև գնդակապարկուճադարանում դրանց պահման ժամկետի ավարտը:

14. Ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության և դատախազության մարմիններում ստացված զենքը՝ հետազոտման, ստուգման նպատակով կրակելու և համապատասխան ստուգման է ներկայացվում գնդակապարկուճադարան ոստիկանության կողմից հաստատված ձևի գրությամբ, որտեղ այն գրանցվում է փորձաքննության ներկայացված զենքերի հաշվառման մատյանում և հետազոտվում կրակելու համար պիտանիությունն ու անվտանգությունը պարզելու նպատակով:

(14-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

15. Գնդակապարկուճադարան ներկայացված ակոսափող զենքից կրակվում է հետևյալ քրեատեխնիկական պահանջներին համապատասխան՝

ա) զենքի յուրաքանչյուր միավորից (փոխվող կամ ներդիր փողից) առնվազն 3-ական ստուգողական գնդակ և պարկուճ, իսկ փոխվող պահունակների առկայության դեպքում յուրաքանչյուր պահունակից ևս նույն քանակով.

բ) ռևոլվերներից կրակելու դեպքում ստացվում են 2-ական գնդակ և պարկուճ թմբուկի յուրաքանչյուր խցից: Ռևոլվերներից կրակում են նախ շապիկավոր, ապա նոր կապարե գնդակներ ունեցող փամփուշտներով (այն զենքերից, որոնք չունեն կապարե գնդակներ ունեցող փամփուշտներ, կրակում են մեկ անգամ).

գ) ինքնաձիգներից ու գնդացիրներից կրակում են մենահատ ռեժիմով.

դ) գործարանային արտադրության զենքի փողի փամփշտանոցի կամ փակաղակի վերափոխման դեպքում ստուգման նպատակով հնարավորության դեպքում նախ կրակվում է տվյալ զենքի համար նախատեսված փամփուշտներով, ապա հարմարեցվածներով.

ե) այնպիսի զենքի առգրավման դեպքում, երբ դրա փամփուշտները վերափոխված են կամ ինքնաշեն, այդ զենքից կրակվում է ինչպես դրանցով, այնպես էլ տվյալ զենքի համար նախատեսված փամփուշտներով.

զ) անսարք զենքից հնարավորության դեպքում կրակվում է կոտրված կամ բացակայող մանրամասերի համալրումից հետո (նմուշային հավաքածուի մեջ առկա), որի մասին պարտադիր նշվում է համապատասխան գրության մեջ.

է) կրակելուց առաջ յուրաքանչյուր զենք պետք է մաքրվի յուղից, իսկ դրա փողն ու փակաղակը պետք է սրբվեն: Զենքից պետք է կրակել հրաձգարանում կամ հատուկ կահավորված այնպիսի վայրերի գնդակապարկուճաորսիչների մեջ, որտեղ կապահովվի հետքերի որակյալ ստացումը.

ը) կրակելու ընթացքում բացառվում է կողմնակի անձանց ներկայությունը, ինչպես նաև ստուգման նպատակով կրակվող զենքի գնդակների և պարկուճների պատահական փոխումն այլ զենքից կրակված գնդակների ու պարկուճների հետ:

(15-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

16. Գնդակապարկուճադարան ներկայացված զենքից ստուգման նպատակով կրակելու արդյունքում ստացված գնդակները և պարկուճները ստուգվում են գնդակապարկուճադարանում, որից հետո վերցվում են համապատասխան հաշվառման, իսկ զենքը պահվում է ոստիկանության փորձաքրեագիտական բաժնում:

Ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների գնդակապարկուճադարանում պահպանման ժամկետը 5 տարի է, որից հետո դրանք սահմանված կարգով ոչնչացվում են:

(16-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

17. Գնդակապարկուճադարան զենք, գնդակներ, պարկուճներ և զենքի հետքեր ունեցող փամփուշտներ ներկայացվում են իրեղեն ապացույցների համար սահմանված փոխադրման կարգով:

18. Գնդակապարկուճադարան ներկայացված զենքը, գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները ստուգվում են 15-օրյա ժամկետում, իսկ բացառիկ դեպքերում (նախաքննության մարմնի պահանջով) հնարավոր սեղմ ժամկետում:

 

V. Ակոսափող զենքից ստուգման նպատակով կրակելը

 

19. Արցախի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող ակոսափող զենքից ստուգման նպատակով կրակվում է գնդակապարկուճադարանում հաշվառելու, դրա կորստի (հափշտակման) դեպքում հետախուզելու, ինչպես նաև դրա գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտելու նպատակով:

(19-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

20. Ստուգման նպատակով կրակելու ենթակա են՝

ա) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող, ինչպես նաև «Զենքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում մարտական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների մարտական զենքերը.

բ) առգրավված, գտնված և կամավոր հանձնված ակոսափող զենքը.

գ) Արցախի Հանրապետությունում արտադրված ակոսափող զենքը՝ նախքան իրացումը.

դ) Արցախի Հանրապետություն վաճառքի համար ներմուծված ակոսափող զենքը նախքան վաճառքը.

ե) Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից ձեռք բերված ակոսափող զենքը նախքան զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալը.

զ) Արցախի Հանրապետության քաղաքացու սեփականությունը հանդիսացող ակոսափող զենքը՝ այլ անձի փոխանցելու կամ վաճառքի դեպքում.

է) պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին պարգևատրման նպատակով տրված կամ կենսաթոշակի անցնելու դեպքում նրանց թողնված ակոսափող զենքը՝ նախքան պահելու և կրելու թույլտվություն ստանալը.

ը) օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների կողմից զենքով պարգևատրված անձանց ակոսափող զենքը՝ երկշաբաթյա ժամկետում.

թ) վերափոխված կամ վերանորոգված (ձգանահարվածային մեխանիզմ, փամփշտանոց, փող և այլն) ակոսափող զենքը՝ նախքան իրացումը կամ սեփականատիրոջը փոխանցելը.

ժ) կազմակերպություններում պահվող և օգտագործվող ակոսափող զենքը՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, իսկ վաճառքի կամ փոխանցման դեպքում նախքան այդ:

(20-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

21. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող, ինչպես նաև «Զենքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում մարտական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների մարտական զենքերից կրակվում է դրանց տեղակայման վայրում կամ գնդակապարկուճադարանում յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

Ստուգման նպատակով կրակում է հանձնաժողովը, որում ընդգրկվում են տվյալ կազմակերպության ներկայացուցիչն ու գնդակապարկուճադարանի ծառայողը: Հանձնաժողովի կազմը, գործունեության ծրագիրն ու ժամկետները համատեղ հաստատում են ոստիկանության պետը և համապատասխան կազմակերպության ղեկավարը:

Ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ստուգման նպատակով կրակվում է զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:

Զենքից ստուգման նպատակով կրակելը ձևակերպվում է արձանագրությամբ երկու օրինակից, որոնցից մեկը կրակված գնդակների և պարկուճների հետ միասին պահվում է գնդակապարկուճադարանում, իսկ երկրորդը՝ տվյալ կազմակերպությունում:

(21-րդ կետը փոփ., խմբ. 25.06.20 N 123-Ն)

22. Քաղաքացիական և ծառայողական զենքից կրակվում է՝

ա) նշված զենքի և ռազմամթերքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից՝ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի և գնդակապարկուճադարանի ծառայողների մասնակցությամբ, որոնք վերահսկում են զենքից ստուգման նպատակով կրակելը, գնդակների և պարկուճների փաթեթավորումն ու գնդակապարկուճադարան ներկայացնելը.

բ) գնդակապարկուճադարանում՝ գնդակապարկուճադարանի ծառայողների կողմից:

Ստուգման նպատակով կրակելը ձևակերպվում է արձանագրությամբ երեք օրինակից, որոնցից առաջինը պահվում է տվյալ իրավաբանական անձի մոտ, երկրորդը տրվում է ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնին՝ զենքի տիրոջ անձնական գործում կամ կազմակերպության հաշվառման գործում պահելու համար, իսկ երրորդը՝ կրակված գնդակների և պարկուճների հետ միասին, պահվում է գնդակապարկուճադարանում:

(22-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

23. Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքերից ստուգման նպատակով կրակված գնդակներն ու պարկուճները եռօրյա ժամկետում համապատասխան արձանագրությունների հետ միասին, իրեղեն ապացույցների փոխադրման կանոնների համաձայն, ներկայացվում են գնդակապարկուճադարան համապատասխան հաշվառման համար:

Ստուգման նպատակով հերթական կրակոցի (յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) արդյունքում գնդակներ և պարկուճներ ստանալուց հետո նախկինները ոչնչացվում են ռազմամթերքի ոչնչացման կանոնների համաձայն:

Ստուգման նպատակով կրակելու մասին արձանագրությունները պահպանվում են 10 տարի, որից հետո՝ սահմանված կարգով ոչնչացվում:

24. Զենքի յուրաքանչյուր միավորից (փոխվող կամ ներդիր փողից) ստացված ստուգողական գնդակներն ու պարկուճներն առանձին-առանձին փաթեթավորվում են փափուկ թղթի (բամբակի, թանզիֆի) մեջ, դրվում պոլիէթիլենային կամ այլ փաթեթում և ամրակնքվում: Փաթեթում տեղադրվում է տպագիր ցանկ՝ զենքի մոդելի, տեսակի, սերիայի, համարի, տրամաչափի, թողարկման տարեթվի, զենքի սեփականատիրոջ կամ կազմակերպության և կրակելու ամսաթվի մասին նշումով:

25. Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքերի կորստի (հափշտակման) դեպքում տվյալ զենքի սեփականատերը, ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետը (որտեղ գրանցվում է դեպքը) կամ կազմակերպության ղեկավարը 24 ժամվա ընթացքում դրա մասին հայտնում են գնդակապարկուճադարան, որտեղ այդ զենքից ստուգման նպատակով կրակված գնդակներն ու պարկուճներն առանձնացվում են և պարբերաբար ստուգվում՝ համեմատելով դեպքի վայրից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված ու գնդակապարկուճադարան նոր ներկայացվող գնդակների, պարկուճների և զենքի հետքեր ունեցող փամփուշտների հետ:

(25-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

26. Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքերը հաշվառումից հանելու դեպքում (ոչնչացում, վաճառք, փոխանցում Արցախի Հանրապետության տարածքից դուրս) ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժինը 10-օրյա ժամկետում դրա մասին հայտնում է գնդակապարկուճադարան՝ նշելով զենքը հաշվառումից հանելու պատճառը:

(26-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

27. Արցախի Հանրապետությունում արգելվում են քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերի վաճառքն ու գրանցումը՝ առանց ստուգման նպատակով նախօրոք կրակելու:

(27-րդ կետը փոփ. 25.06.20 N 123-Ն)

(Կարգը խմբ., լրաց. փոփ. 25.06.20 N 123-Ն)