Համարը 
N 32-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19/55 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001545

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 32-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

27-Ի ԹԻՎ 19/55 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը և լրագրողների վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 19/55 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան: Լրագրողի գործունեությունն ընտրական հանձնաժողովներում կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) որևէ ձևով կամ եղանակով չի իրականացնում լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

2) բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

4) հավատարմագրված լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնց կարող են ներկա գտնվել լրագրողները:

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը և մամուլի քարտուղարը (այսուհետ` մամուլի քարտուղար):

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումում լրացվում է`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը.

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Մամուլի քարտուղարը լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստանալուց հետո այն անմիջապես գրանցում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները:

Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, եթե լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացրած դիմումում ավելի կարճ ժամկետ նշված չէ:

8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:

9. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

10. Հավատարմագրումը մերժվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում: Սահմանված ժամկետում մերժում չտրվելու դեպքում լրագրողը համարվում է հավատարմագրված:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Մամուլի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման դեպքում մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

12. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրում չի պահանջվում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

13. Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաև քվեարկության ընթացքը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` անկախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից, կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով քվեարկության բնականոն ընթացքը և ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

14. Ընտրական հանձնաժողովների նիստերին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` անկախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից, վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն ընտրական հանձնաժողովում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական, այն է` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից նրանց տրամադրված վկայականը:

15. Ընտրական հանձնաժողովների նիստերին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) իրավունք ունի միաժամանակ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ