Համարը 
N 193-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.03.15/05(425)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.03.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.03.2022

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՀ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021թ.

N 193-Ն

 ք. Ստեփանակերտ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին կարճ ժամանակահատվածում կացարաններով և նվազագույն սոցիալական պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N 108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝

1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանների վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից վարձակալված կացարանների ընթացիկ վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց (այսուհետ՝ շահառու) համար կացարանների վարձակալության և շահառուներին անհատույց օգտագործման տրամադրման պայմանները:

2. Շահառուների համար կացարանների վարձակալության և շահառուներին անհատույց օգտագործման տրամադրման գործընթացն իրականացվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) միջոցով:

3. Սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանի վարձակալման որոշումը կայացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը (այսուհետ՝ նախարար)՝ համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացված ստուգումների արդյունքների հիման վրա: Նշված հիմքով շահառու կարող են հանդիսանալ, մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքները:

4. Շահառուների համար վարձակալվող կացարանների համար սահմանվում են հետևյալ չափերով վարձավճարներ.

 

Հ/հ

Կացարանի սենյակների քանակը

Վարձավճարի չափը՝ առանց հարկերի (ՀՀ դրամ)

ք. Ստեփանակերտ

Շրջաններ

1

1 սենյակ

40 000

30 000

2

2 սենյակ

50 000

40 000

3

3 սենյակ

60 000

50 000

4

4 սենյակ

70 000

60 000

5

5 և ավելի սենյակ

80 000

70 000

 

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված վարձավճարի գումարից առաջացող հարկերը վճարվում են նախարարության կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Պայմանագրերի կնքման պայմանները

 

6. Անշարժ գույքի սեփականատերը կամ վերջինիս կողմից լիազորված անձը և շահառուն ներկայանում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ համապատասխան պայմանագրերը կնքելու նպատակով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատերերի (այսուհետ՝ վարձատու), շահառուի և շահառուի ընտանիքի չափահաս անդամների անձնագրերն ու անչափահաս անդամների ծննդյան վկայականները.

2) վարձատուի, շահառուի և շահառուի ընտանիքի անդամների սոցիալական քարտերը կամ հանրային ծառայությունների համարանիշները (ՀԾՀ).

3) վարձատուի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, ժառանգության իրավունքի վկայագիր և այլն).

4) տեղեկանք համայնքապետարանի կողմից այն մասին, որ շահառուին պատկանող կացարանը ավերվել է պատերազմի հետևանքով և չունի բնակության նվազագույն պայմաններ, այն դեպքում, եթե շահառուն անօթևան է մնացել իրեն պատկանող կացարանի ավերվածության պատճառով, որը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում.

5) լիազորագիր, եթե վարձատուին ներկայացնում է լիազորված անձը:

7. Փաստաթղթերն ընդունելուց հետո նախարարության և վարձատուի միջև կնքվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր), որում, ի թիվս այլ պայմանների, պետք է արձանագրվի վարձատուի՝ վարձակալության հանձնված գույքն Արցախի Հանրապետության անօթևան մնացած կամ սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց անհատույց օգտագործման հանձնելու համաձայնությունը:

8. Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը իր հայեցողությամբ վարձակալված կացարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է սույն կարգի պայմաններին համապատասխանող շահառուին՝ վերջինիս հետ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ անհատույց օգտագործման պայմանագիր) կնքելով:

 

III. Մոնիթորինգ

 

9. Նախարարության կողմից՝ նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցին համապատասխան, իրականացվում է մոնիթորինգ` վարձակալության ու անհատույց օգտագործման պայմանագրերի պայմանների պահպանումը (շահառուի տվյալ բնակարանում բնակվելու փաստը և այլն) պարզելու նպատակով: Մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ:

10. Մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խումբն ամփոփում է մոնիթորինգի արդյունքները՝ համապատասխան արձանագրություն կազմելով:

11. Եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ շահառուն ազատել է տվյալ կացարանը վարձատուի անհիմն պահանջով, ապա վարձատուն ընգրկվում է Նախարարության կողմից վարվող ոչ բարեխիղճ վարձատուների ցուցակում: Այդ դեպքում նշված վարձատուի հետ երկրորդ անգամ վարձակալության պայմանագիր կնքելիս՝ շահառուին անհիմն պահանջով բնակարանից վտարելու համար վարձատուի համար նախատեսվում է տույժ՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, որի մասին պարտադիր նշվում է վարձակալության պայմանագրում: Եթե վարձատուն երկրորդ անգամ նույն հիմքով խախտում է վարձակալության պայմանագիրը, նրա հետ այլևս վարձակալության պայմանագիր չի կնքվում:

 

IV. Պայմանագրի լուծման հիմքերը

 

12. Վարձակալության և/կամ անհատույց օգտագործման պայմանագրերը կարող են լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հետևյալ դեպքերում՝

1) շահառուի նախաձեռնությամբ. տվյալ դեպքում լուծվում է միայն անհատույց օգտագործման պայմանագիրը.

2) վարձատուի նախաձեռնությամբ.

ա. եթե շահառուն վարձակալված կացարանը օգտագործում է ոչ բարեխղճորեն կամ դրա նպատակային նշանակությանը ոչ համապատասխան,

բ. եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելուց հետո վարձատուն հրաժարվում է վարձակալության հանձնված կացարանը տրամադրել այլ շահառուի.

3) Նախարարության նախաձեռնությամբ.

ա. եթե մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ կողմերը չեն պահպանել պայմանագրի կանոնները, մասնավորապես, շահառուն փաստացի չի բնակվում տվյալ կացարանում,

բ. եթե անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվելու պահին չկա այլ շահառու:

13. Եթե վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը լուծվում են շահառուի՝ տվյալ կացարանում չապրելու հիմքով, ապա համաձայնագրում պետք է արձանագրվի, թե որ օրվանից է բնակարանը ազատվել և վարձակալության ու անհատույց օգտագործման պայմանագրերը համարվեն լուծված նշված օրվանից:

14. Եթե վարձատուն ստացել է անշարժ գույքի ընթացիկ վերանորոգման համար ֆինանսական աջակցություն, ապա վարձակալության պայմանագիրը կարող է լուծվել միայն հաշվանցման ենթակա ֆինանսական աջակցության մնացորդ գումարը նախարարության գանձապետական ենթահաշվին հետ վերադարձնելուց հետո:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից վարձակալված կացարանների (այսուհետ՝ անշարժ գույք) ընթացիկ վերանորոգման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանները:

2. Սույն կարգով անշարժ գույքի ընթացիկ վերանորոգման համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նախարարության միջոցով:

3. Սույն կարգով մեկ միավոր անշարժ գույքի ընթացիկ վերանորոգման համար տրամադրվող աջակցության առավելագույն չափը սահմանվում է 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

4. Սույն կարգով սահմանված աջակցությունն ստանալու նպատակով անշարժ գույքի սեփականատերը գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ կցելով նախատեսվող ընթացիկ վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկը:

5. Նախարարության և անշարժ գույքի սեփականատիրոջ միջև ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ համաձայնությունը հաստատվում է.

1) անշարժ գույքի վարձակալության պայմանագրով, եթե մինչև անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար նախարարություն դիմելը չի կնքվել վարձակալության պայամանագիր.

2) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրով, եթե մինչև անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար նախարարություն դիմելը անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը արդեն կնքված էր:

6. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից համապատասխան ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարումը և աշխատանքների կատարումից հետո իրականացվում է մոնիթորինգ՝ տրամադրվող աջակցության նպատակային օգտագործումը պարզելու նպատակով:

7. Անշարժ գույքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն ֆինանսական աջակցությունն ստանալուց հետո 10 (տասը) օրվա ընթացքում:

8. Նախարարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության գումարի չափով կատարվում է հաշվանցում՝ նախարարության կողմից անշարժ գույքի սեփականատիրոջը վճարվելիք վարձավճարի գումարից:

9. Անշարժ գույքի սեփականատիրոջ և նախարարության միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չի կարող լուծվել մինչև վարձավճարի գումարից՝ տրամադրված ֆինանսական աջակցության գումարի չափով, հաշվանցում կատարելը կամ անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից ստացած ֆինանսական միջոցները՝ չհաշվանցված գումարի չափով նախարարության գանձապետական ենթահաշվին հետ վերադարձնելը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ