ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմունքները |
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Համայնքի ղեկավարը (քաղաքապետը, գյուղապետը) և համայնքի ավագանին ընտրվում են յուրաքանչյուրը երեք տարի ժամկետով:
|
Հոդված 2. |
Ընտրական համակարգը |
Համայնքի ղեկավարն ընտրվում է մեծամասնական ընտրական համակարգով:
Համայնքի ավագանին կազմված է՝
1. մինչև 2000 բնակչություն ունեցող համայնքում՝ յոթ անդամից,
2. 2001-ից մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքում՝ ինն անդամից,
3. 5001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում՝ տասնհինգ անդամից:
Համայնքի ավագանին ընտրվում է՝
1. մինչև 5000 բնակչություն ունեցող համայնքում՝ մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրական տարածքից,
2. 5001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում՝ բազմամանդատ մեծամասնական ընտրական հինգ տարածքներից, յուրաքանչյուրը՝ երեքական մանդատով: Նույն համայնքի ընտրական տարածքներում ընտրողների թվի տարբերությունը չպետք է գերազանցի այդ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 3 տոկոսը:
Համայնքի յուրաքանչյուր ընտրական տարածք բաժանվում է ընտրական տեղամասերի:
Ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել երկու հազարը: Եթե համայնքում ընտրողների թիվը պակաս է երկու հազարից, ապա այդ ընտրական տարածքում ստեղծվում է մեկ ընտրական տեղամաս, բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքն իր մեջ ընդգրկում է մեկից ավելի բնակավայր:
|
Հոդված 3. |
Ընտրական իրավունքը |
Տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են համայնքում կամ վերջին երեք տարվա ընթացքում անընդմեջ ընդգրկված են համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքացիները մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ: Համայնքի ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներն ընդգրկվում են ընտրական ցուցակում: Համայնքի ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին համարվում է հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող, եթե սույն օրենքով սահմանված ժամկետում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ չվճարելու կամ վճարումներն ուշացնելու համար տույժերի ու տուգանքների չի ենթարկվել:
(6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրել են 17.07.1998 ՀՕ-19)
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ուսումնավարժական հավաքներ անցնող քաղաքացիները չեն մասնակցում:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները: Կալանքի տակ գտնվող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը կասեցվում է մինչև կալանքից նրանց ազատվելը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է և հետապնդվում օրենքով:
(3-րդ հոդվածը փոփ. 17.07.1998 ՀՕ-19)
|
Հոդված 4. |
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմունքները |
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են սույն օրենքով սահմանված կարգով:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախապատրաստում և անցկացնում են կենտրոնական, շրջանային, Ստեփանակերտի քաղաքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները:
Շրջանային, Ստեփանակերտի քաղաքային ընտրական հանձնաժողովները կազմվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները 5-7 հոգու կազմով՝ 17 հոդվածին համապատասխան:
Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրությունների միասնական հիմնադրամից:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են ընտրական հանձնաժողովներին տրամադրել շենքեր և անհրաժեշտ գույք, նպաստել ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը:
Ընտրական հանձնաժողովների՝ իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները պարտադիր են պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:
|
Հոդված 5. |
Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի նախընտրական հիմնադրամը |
Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածու նախընտրական քարոզչությունն իրականացնելու համար իրավունք ունի օգտագործել անձնական և իր նախընտրական հիմնադրամում գոյացած միջոցները:
Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուն նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար իր կամ լիազորած անձի անունով կարող է ստեղծել թեկնածուի նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց (բացի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, պետական մասնակցությամբ ձեռնարկությունների) կամավոր մուծումներից, որոնք չեն կարող գերազանցել՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար 10000 դրամից, իսկ իրավաբանական անձի համար՝ 50000 դրամից:
Թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվները բացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախատեսված բանկում:
Թեկնածուների նախընտրական հիմնադրամներում ընտրությունից հետո մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում թեկնածուների ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նրանց նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածուների գրանցումը: Նոր ընտրության համար կրկին գրանցված թեկնածուները կարող են օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծած իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եթե նոր ընտրության ժամանակ թեկնածուն չի գրանցվել, ապա նրա հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
|
Հոդված 6. |
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հրապարակայնությունը |
Ընտրական հանձնաժողովները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ընտրողներին տեղեկացնում են իրենց կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ինչպես նաև ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման հետ կապված գործունեության մասին:
Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Ընտրական հանձնաժողովները թեկնածուների վստահված անձանց, հավատարմագրված օտարերկրյա դիտորդների և լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայության համար ապահովում են հավասար պայմաններ:
Թեկնածուի վստահված անձինք, հավատարմագրված օտարերկրյա դիտորդները և լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել ծանոթանալ ընտրական հանձնաժողովների որոշումներին և արձանագրություններին, անել քաղվածքներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
|
Հոդված 7. |
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը |
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կարգով՝ առաջադրման վերաբերյալ հայտ ներկայացնելու և գրավ մուծելու միջոցով:
Ավագանու անդամի թեկնածու կարելի է առաջադրվել համայնքի միայն մեկ ընտրական տարածքում:
Թեկնածուն ընտրությունների միասնական հիմնադրամի հաշվին մուծում է ընտրական գրավ հետևյալ չափերով՝
1. մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 2000, իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ 200 դրամ,
2. 1001-ից մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 5000, իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ 500 դրամ,
3. 3001-ից մինչև 10000 բնակչություն ունեցող տարածքի ղեկավարի թեկնածուն՝ 10000, իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ 750 դրամ,
4. 10001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող տարածքի ղեկավարի թեկնածուն՝ 20000, իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ 1000 դրամ,
5. 20001-ից մինչև 60000 բնակչություն ունեցող տարածքի ղեկավարի թեկնածուն՝ 30000, իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ 2000 դրամ:
Համայնքի ղեկավար ընտրված, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 15 տոկոսից ավելի ձայներ ստացած համայնքի ղեկավարի թեկնածուների ընտրական գրավը վերադարձվում է, իսկ մյուսներինը՝ փոխանցվում պետական բյուջե:
Ավագանու անդամ ընտրված, ինչպես նաև համայնքում թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստացած ավագանու անդամի թեկնածուների ընտրական գրավը վերադարձվում է, իսկ մյուսներինը փոխանցվում է պետական բյուջե:
|
Հոդված 8. |
Թեկնածուների գրանցումը |
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովները քննարկում են թեկնածուների գրանցման հարցը, եթե մինչև առաջադրման համար սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտը թեկնածուի կողմից անձամբ կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ներկայացվել են՝
1. թեկնածուի առաջադրման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով լրացված առաջադրման հայտը,
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,
3. մուծված ընտրական գրավի անդորրագիրը,
4. բնակության վայրի մասին տեղեկանքը:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն առաջադրման համար սահմանված ժամկետից անմիջապես հետո իրավասու պետական մարմնից պահանջում է առաջադրված թեկնածուների կողմից վերջին երեք տարվա ընթացքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ վճարելու, ինչպես նաև դրանց հետ կապված տույժերի և տուգանքների վերաբերյալ տեղեկանք:
Իրավասու պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում ներկայացնել նշված տեղեկանքը:
Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստում իրավունք ունի ներկա գտնվել թեկնածուն կամ նրա լիազորած անձը:
Թեկնածուի գրանցումը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ակնհայտ կեղծիքներ կամ թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումները:
Թեկնածու առաջադրված անձի գրանցումը մերժվում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:
Առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:
Թեկնածուի գրանցումը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց համաձայն թեկնածուի վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված սահմանափակումներ: Նման դեպքերում գրանցումն անվավեր ճանաչելը արձանագրվում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նիստում և հրապարակվում է:
Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի որոշումը երկօրյա ժամկետում կարող է գանգատարկվել դատարան: Վերջինս եռօրյա ժամկետում կայացնում է որոշում, որը վերջնական է:
Թեկնածուն կարող է կալանավորվել շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ վերջնական որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Թեկնածուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում նրա ընտրական գրավը վերադարձվում է, իսկ նախընտրական հիմնադրամում առկա միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
Եթե համայնքում գրանցված ավագանու անդամի թեկնածուների թիվը փոքր է քվեարկվող մանդատների թվի 50 տոկոսից, ապա շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքում ավագանու անդամի ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին: Եթե ընտրական տարածքում ավագանու անդամի թեկնածուներ չեն գրանցվել, ապա այդ ընտրական տարածքում քվեարկություն չի անցկացվում:
|
Հոդված 9. |
Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
Թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը՝ հրաժարականի մասին դիմում ներկայացնելով շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան քվեարկությունից հինգ օր առաջ: Երկրորդ փուլում համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում, նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ՝ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:
Հրաժարականի մասին դիմումի հիման վրա թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում և նրա ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նրա մահվան, ինչպես նաև նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում: Եթե նշված դեպքի հետևանքով համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությունից ոչ ուշ, քան հինգ օր առաջ, ապա երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ՝ առավել քվեներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու: Եթե նշված դեպքի հետևանքով համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում, ապա քվեարկվում է մեկ թեկնածու:
|
Հոդված 10. |
Վստահված անձինք |
Գրանցումից հետո թեկնածուի շահերը ընտրական հանձնաժողովներում ներկայացնելու համար շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը թեկնածուի ներկայացմամբ գրանցում է երկուսից ոչ ավելի վստահված անձ՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասի հաշվարկով: Վստահված անձանց տրվում է վկայական:
Վստահված անձինք ներկայացնում են թեկնածուի շահերը պետական և հասարակական մարմինների հետ փոխհարաբերություններում, իրավունք ունեն ներկա գտնվել համապատասխան ընտրական հանձնաժողովների նիստերին:
Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ:
Վստահված անձի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում և նոր վստահված անձին գրանցում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը՝ թեկնածուի դիմումի հիման վրա:
Վստահված անձինք համապատասխան հանձնաժողովների նիստերում ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:
Վստահված անձը չի կարող լինել որևէ ընտրական հանձնաժողովի անդամ:
|
Հոդված 11. |
Նախընտրական քարոզչությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, թեկնածուները իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության շրջանակներում իրականացնել անարգել քարոզչություն՝ գրանցված թեկնածուի օգտին կամ դեմ:
Իրավապահ մարմիններին, զորամասերին, զինվորական կազմակերպություններին, ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնել:
Թեկնածուները և նրանց վստահված անձինք կարող են օգտվել լրատվության միջոցներից վճարովի հիմունքներով՝ թեկնածուական հիմնադրամի հաշվին:
Թեկնածուները և նրանց վստահված անձինք իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կազմակերպել ժողովներ, հանրահավաքներ, երթեր, հանդիպումներ ընտրողների հետ և զանգվածային այլ միջոցառումներ:
Թեկնածուները և նրանց վստահված անձինք իրավունք ունեն անարգել տպագրել և տարածել պաստառներ, թերթիկներ, քարոզչական բնույթի այլ տպագիր նյութեր:
Նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրությունից 30 օր առաջ:
Քվեարկության օրն արգելվում են քարոզչությունը, ժողովները, հանրահավաքները, երթերը, ցույցերը, տեղամասային կենտրոնի շուրջ մարդկանց խմբերով հավաքվելը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
|
Հոդված 12. |
Ընտրողների ցուցակները |
Յուրաքանչյուր համայնքում տեղական ինքնակառավարման մարմինը կազմում է ընտրողների ընդհանուր ցուցակ, որը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ընդգրկվում են համայնքում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, իսկ երկրորդ մասում՝ տվյալ համայնքի բնակիչ չհանդիսացող, բայց վերջին երեք տարվա ընթացքում այդ համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում անընդմեջ ընդգրկված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովները կազմում են ընտրողների ցուցակներն ըստ տեղամասերի և հատկացնում դրանք տեղամասային ընտրական հանձնաժողովներին երեք օրինակից: Յուրաքանչյուր ընտրող ընդգրկվում է միայն մեկ ընտրական տեղամասի ցուցակում: Ընտրողների ցուցակներում, ըստ բնակության վայրի, հերթական համարների տակ լրացվում է ընտրողների ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարեթիվը (18 տարեկան ընտրողների ծննդյան տարեթվի դիմաց լրացվում է նաև ծննդյան ամիսը և ամսաթիվը):
|
Հոդված 13. |
Ընտրողների ցուցակների հրապարակումը և դրանց վերաբերյալ դիմումների քննարկումը |
Ընտրողների ցուցակները համընդհանուր ծանոթացման են ներկայացվում ընտրություններից առնվազն 15 օր առաջ:
Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ գանգատները տեղամասային ընտրական հանձնաժողովը քննության է առնում երկօրյա ժամկետում, իսկ ընտրությունների նախորդ օրը՝ անհապաղ: Հանձնաժողովն անհրաժեշտ շտկումներ է կատարում ցուցակում կամ մերժում գանգատը՝ դիմողին հանձնելով որոշման պատճենը:
Քվեարկության օրը ցուցակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, եթե ընտրողը ներկայացնում է իր անձնագիրը կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթը՝ հաշվառման վերաբերյալ համապատասխան նշումով կամ ներկայացնում է տեղեկանք իրավասու պետական մարմիններից՝ վերջին երեք տարվա ընթացքում անընդմեջ համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների ցուցակում ընդգրկված լինելու մասին: Ընտրողների ցուցակում լրացումները կատարվում են հանձնաժողովի նախագահի կողմից լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով՝ յուրաքանչյուր ընտրողի անվան դիմաց հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Լրացուցիչ ցուցակում ընտրողների համարները շարունակում են ընտրողների ցուցակի համարակալումը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի կամ նրա նախագահի որոշումը կարող է գանգատարկվել դատարան: Դատարանի որոշման հիման վրա հանձնաժողովն ընտրողների ցուցակում ճշգրտումը կատարում է անհապաղ:
|
Հոդված 14. |
Քվեաթերթիկները |
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:
Քվեաթերթիկը տպարանային եղանակով պատրաստվող թերթիկ է՝ քվեարկության նշումների համար հատկացված տեղով: Ընտրական տարածքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները միաժամանակ անցկացնելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ դրանք որևէ ձևով տարբերվեն միմյանցից:
Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցական պատկանելիությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
|
Հոդված 15. |
Ընտրական փաստաթղթերի հանձնումը և ընդունումը ընտրական հանձնաժողովներում |
Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի և ընդունողի ստորագրություններով և ստացական տալու միջոցով փաստն արձանագրելով:
Բոլոր ընտրական փաստաթղթերն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո եռօրյա ժամկետում ուղարկվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով: Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունն ընտրության արդյունքների ամփոփումից հետո երկամսյա ժամկետում, իսկ դատական վեճի առկայության դեպքում՝ մինչև վերջնական որոշման կայացումը:
|
Հոդված 16. |
Քվեարկության տեղը և ժամանակը |
Տեղամասային կենտրոններում քվեարկությունն անցկացվում է ընտրությունների օրը՝ ժամը 07.00-ից մինչև 20.00-ն:
|
Հոդված 17. |
Քվեարկության կազմակերպումը |
Քվեարկությունը կազմակերպվում է տեղամասային կենտրոններում՝ հատուկ առանձնացված շենքերում, որտեղ գաղտնի քվեարկության համար պետք է կահավորված լինեն բավարար թվով խցիկներ կամ սենյակներ՝ յուրաքանչյուր 500 ընտրողի հաշվով 1 խցիկ կամ 1 սենյակ, որտեղ պետք է տեղադրվեն սեղաններ: Տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն քվեաթերթիկների հատկացման և ընտրողների գրանցման (յուրաքանչյուր 1000 ընտրողին՝ մեկ) սեղաններ:
Ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման համար նախատեսված սեղանները պետք է գտնվեն քվեախցիկների (սենյակների) և քվեատուփի միջև եղած տարածքում, քվեատուփին հնարավորին չափ մոտ:
Քվեատուփը և ընտրողների գրանցման ու քվեաթերթիկների հատկացման համար նախատեսված սեղանները պետք է տեղադրված լինեն տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մեծ մասի համար տեսանելի տեղում:
Նախքան քվեարկության սկսվելը, հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում և արձանագրում է իր այն անդամների կազմը, ովքեր քվեարկության օրն իրականացնելու են ընտրողներին քվեաթերթիկների հատկացումը (յուրաքանչյուր 1000 ընտրողին երկուական անդամ), ինչպես նաև որոշում է այդ անդամների հերթափոխային աշխատանքի ժամանակացույցը:
Քվեարկության օրը հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ու հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ՝
- ստուգում, փակում և կնքում է քվեատուփը,
- ընտրական տեղամասի կնիքով կնքում է օգտագործման ենթակա բոլոր քվեաթերթիկները,
- ընտրողների մեկական ցուցակ հանձնում է ընտրողների գրանցման և քվեաթերթիկ հատկացնելու համար հանձնաժողովի պատասխանատու անդամին,
- ընտրողների թվին հավասար քանակի կնքված քվեաթերթիկներ է հանձնում քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամներին:
|
Հոդված 18. |
Քվեարկության անցկացումը |
Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող ներկայացնում է անձնագիրը կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթը քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամին, որը ստուգում է այն, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի անունը և ընտրողին հատկացնում մեկական կնքված քվեաթերթիկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների համար:
Ստորագրելով և ստանալով քվեաթերթիկը՝ ընտրողը մտնում է քվեարկության խցիկ (սենյակ):
Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում կամ սենյակում:
Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի քվեարկության խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, որը չի կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ: Բացառությամբ նշված դեպքի՝ քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունն արգելվում է:
Քվեաթերթիկում ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում թեկնածուների անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում:
Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, ընտրողը նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե կողմ է քվեարկում, և «դեմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում:
Ընտրողը լրացված քվեաթերթիկը ծալված վիճակում գցում է քվեատուփի մեջ և դուրս գալիս տեղամասից:
Գ Լ ՈՒ Խ 4
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
|
Հոդված 19. |
Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝
1. հանձնաժողովը բոլոր չօգտագործված փաստաթղթերը հավաքում է ու մարում,
2. հաշվվում է ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ հանձնաժողովի գրանցման և քվեաթերթիկների հանձնման համար պատասխանատու անդամի մոտ եղած ընտրողների ցուցակի (ներառյալ լրացուցիչ ցուցակը), որից հետո նշված ցուցակը զմռսվում է,
3. հաշվվում է գրանցված ընտրողների թիվը՝ հանձնաժողովի գրանցման և քվեաթերթիկների հանձնման համար պատասխանատու անդամի մոտ եղած ընտրողների ցուցակում (ներառյալ լրացուցիչ ցուցակում) եղած ստորագրությունների հիման վրա, որից հետո նշված ցուցակը զմռսվում է:
Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որտեղ գրանցվում են քվեարկության ամփոփիչ արդյունքները՝
1. ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի,
2. գրանցված ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների,
3. քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների թիվը,
4. անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը,
5. յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը,
6. բոլոր թեկնածուների դեմ քվեարկած ձայների թիվը,
7. թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:
Հաշվվող և արձանագրություններում գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
Քվեարկության ավարտից մինչև արդյունքների ամփոփիչ արձանագրություններ կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
Նիստի վերջում հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկությունների արդյունքները:
Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրանց տրվում են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը փակցվում է տեղամասային կենտրոնում՝ տեսանելի տեղում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների մեկական օրինակը, զմռսված ընտրական փաստաթղթերը անհապաղ ներկայացնում է շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով:
|
Հոդված 20. |
Անվավեր քվեաթերթիկը |
Անվավեր է համարվում մեկից ավելի թեկնածուի օգտին տրված ձայներով, թեկնածուի օգտին տրված և միաժամանակ «բոլորին դեմ եմ» տողում նշում կատարված, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշում կատարված կամ չկատարված, ինչպես նաև ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկը:
Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծում է ընտրական հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
|
Հոդված 21. |
Չսահմանված նմուշի քվեաթերթիկը |
Չսահմանված նմուշի է համարվում այն քվեաթերթիկը, որը տարբերվում է քվեաթերթիկների սահմանված նմուշից:
Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը լուծում է տեղամասային ընտրական հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
|
Հոդված 22. |
Համայնքում ընտրությունների արդյունքների ամփոփման կազմակերպումը |
Համայնքում ընտրությունների արդյունքների ամփոփումը սկսելուց առաջ շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է ընտրական տեղամասերից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի, նրանց զմուռսների ամբողջականությունը, տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ կատարում գործավարության մատյաններում:
Ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն անցկացնում է առանց ընդհատման, եթե չի առաջանում ստուգումների անհրաժեշտություն:
|
Հոդված 23. |
Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփումը |
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն, իր նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, ճշտում է յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալները և կազմում համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրություն՝ նշելով ըստ տեղամասերի հետևյալ տվյալները՝
1. ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի,
2. գրանցված ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների,
3. քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների թիվը,
4. անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը,
5. յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը,
6. բոլոր թեկնածուների դեմ քվեարկած ձայների թիվը,
7. թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը,
8. յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:
Արձանագրությունում ամրագրված տվյալների հիման վրա, ելնելով սույն օրենքի պահանջներից, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1. ընտրությունները կայացած ճանաչելու և համայնքի ղեկավար ընտրվելու մասին,
2. ընտրությունները համայնքում անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու մասին,
3. քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին,
4. ընտրությունները համայնքում չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին:
Որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում հանձնաժողովի նախագահի կողմից:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է որոշմանը:
Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում են ընտրության արդյունքների ամփոփման արձանագրության և որոշման պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
Առաջին փուլում ընտրված է համարվում համայնքի ղեկավարի այն թեկնածուն, որը ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին:
Առաջին կամ վերաքվեարկության փուլում երկուսից ավելի թեկնածուների քվեարկվելու դեպքում, եթե նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա առաջին և երկրորդ ամենաշատ կողմ ձայներ ստացած թեկնածուները մասնակցում են քվեարկության երկրորդ փուլին, որի արդյունքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Համայնքում քվեարկության երկրորդ փուլն անցկացվում է ընտրության օրվանից 14 օր հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:
Ընտրության ցանկացած փուլում, եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Համայնքի ղեկավարի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե՝
1. որևէ թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է՝ հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին,
2. ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի կամ քվեարկության գաղտնիության այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝
1. քվեարկվել է մեկ թեկնածու, որը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին.
2. մինչև ընտրության արդյունքների ամփոփումն՝ ընտրված թեկնածուն մահացել է.
3. քվեարկվել է երկու թեկնածու, որոնք ստացել են հավասար ձայներ.
4. առկա են վերաքվեարկության արդյունքում տարածքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:
Նիստի վերջում շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի նախագահն ամփոփիչ արձանագրության և հանձնաժողովի որոշման մեկ օրինակ անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
|
Հոդված 24. |
Ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփումը |
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, ճշտում է յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալները և կազմում համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրություն՝ նշելով հետևյալ տվյալները ըստ տեղամասերի՝
1. ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի,
2. գրանցված ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների,
3. քվեատուփում առկա վավերական քվեաթերթիկների թիվը,
4. անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը,
5. յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների թիվը,
6. բոլոր թեկնածուների դեմ քվեարկած ձայների թիվը,
7. թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը,
8. յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը:
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ամփոփիչ արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է ամփոփիչ արձանագրությանը:
Արձանագրությունում ամրագրված տվյալների հիման վրա շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը որոշում և արձանագրում է յուրաքանչյուր ընտրական տարածքից մանդատի հավակնորդներին:
Մանդատի հավակնորդ են համարվում տվյալ ընտրական տարածքում առավելագույն քվեներ ստացած թեկնածուները (բայց ոչ ավելի տվյալ ընտրական տարածքի համար նախատեսված մանդատների թվաքանակից), որոնց ընտրվելու վրա չի ազդում նրանց ձայների վրա ազդող անճշտությունը: Եթե առավելագույն քվեներ ստացած թեկնածուների թիվը ձայների հավասարության պատճառով գերազանցում է մանդատների թիվը, ապա մանդատի հավակնորդներին որոշելու համար նվազագույն հավասար քվեներ ստացածների միջև անցկացվում է վիճակահանություն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի կամ քվեարկության գաղտնիության այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքի վրա, ապա տվյալ ընտրական տարածքից մանդատի հավակնորդներ չեն արձանագրվում:
Եթե համայնքում մանդատի հավակնորդների թիվը գերազանցում է սույն օրենքի 2 հոդվածով այդ համայնքի համար նախատեսված ավագանու անդամների թվակազմի 50 տոկոսը, ապա համայնքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու անդամների ընտրությունը կայացած ճանաչելու և ավագանին կազմավորված լինելու մասին: Նշված դեպքում մանդատի հավակնորդները համարվում են ավագանու անդամներ:
Եթե համայնքում մանդատի հավակնորդների թիվը չի գերազանցում սույն օրենքի 2 հոդվածով այդ համայնքի համար նախատեսված ավագանու անդամների թվակազմի 50 տոկոսը, ապա շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրությունն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու մասին:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների և կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և կցվում որոշմանը:
Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության և որոշման պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
|
Հոդված 25. |
Ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփումը վերաքվեարկությունից հետո |
Վերաքվեարկությունից հետո շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրատարածքի համար, որտեղ տեղի է ունեցել վերաքվեարկություն, սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգի համաձայն կազմում է համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրություն, որոշում և արձանագրում է մանդատի հավակնորդներին:
Եթե վերաքվեարկությունից հետո համայնքում մանդատի հավակնորդների թիվը գերազանցում է սույն օրենքի 2 հոդվածով այդ համայնքի համար նախատեսված ավագանու անդամների թվակազմի 50 տոկոսը, ապա շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու անդամների ընտրությունը կայացած ճանաչելու և ավագանին կազմավորված լինելու մասին: Նշված դեպքում մանդատի հավակնորդները համարվում են ավագանու անդամներ:
Հակառակ դեպքում, շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում համայնքում ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու և նոր ընտրություն անցկացնելու մասին:
Շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի որոշումը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների և կնքվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից:
Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է որոշումը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և կցվում որոշմանը:
Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության և որոշման պատճենները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
|
Հոդված 26. |
Վերաքվեարկություն |
Եթե շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչել, ապա ընտրության օրվանից 14 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է վերաքվեարկություն՝ թեկնածուների նույն կազմով:
Եթե դատարանի որոշման համաձայն՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվել, ապա այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենքով սահմանված կարգով, անց է կացվում վերաքվեարկություն՝ թեկնածուների նույն կազմով:
Եթե շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովն ընտրական տարածքում ավագանու անդամների ընտրությունն անվավեր է ճանաչել, ապա ընտրության օրվանից 14 օր հետո, սույն օրենքով սահմանված կարգով, անց է կացվում վերաքվեարկություն՝ թեկնածուների նույն կազմով:
Եթե դատարանի որոշման համաձայն՝ ընտրական տարածքում ավագանու անդամների ընտրությունն անվավեր է ճանաչվել, ապա այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենքով սահմանված կարգով, ընտրական տարածքում անց է կացվում վերաքվեարկություն՝ թեկնածուների նույն կազմով:
|
Հոդված 27. |
Ընտրությունների արդյունքների հրապարակումը |
Ընտրությունների արդյունքներն ամփոփվում են ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
|
Հոդված 28. |
Հերթական ընտրության նշանակման և անցկացման ժամկետն ու կարգը |
Հերթական ընտրության նշանակման ու անցկացման ժամկետի մասին կառավարությունը որոշում է ընդունում տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների ժամկետի ավարտման օրվանից առնվազն 3 ամիս առաջ:
Ընտրությունն անցկացվում է ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:
Հերթական ընտրությունը նախապատրաստվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 29. |
Ընտրական տարածքների և տեղամասերի ձևավորման ժամկետները |
Համայնքի բաժանումն ընտրական տարածքների իրականացվում է ոչ ուշ, քան ընտրության օրվանից 80 օր առաջ:
Ընտրական տարածքների բաժանումն ընտրական տեղամասերի իրականացվում է ոչ ուշ, քան ընտրության օրվանից 70 օր առաջ:
|
Հոդված 30. |
Ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները |
Շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են հերթական ընտրության օրվանից առնվազն 60 օր առաջ:
|
Հոդված 31. |
Թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետները |
Թեկնածուների առաջադրումն սկսվում է ընտրության օրվանից 50 օր առաջ և ավարտվում է ընտրությունից 45 օր առաջ՝ ժամը 18.00-ին:
Թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրության օրվանից 30 օր առաջ:
Թեկնածուների կենսագրական տվյալները ներկայացվում են շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողով ընտրության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՆՈՐ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հոդված 32. |
Նոր ընտրության նշանակման և անցկացման կարգը |
Եթե շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունը ճանաչվել է չկայացած, ապա հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 30 օր հետո համայնքում անցկացվում է նոր ընտրություն՝ թեկնածուների նոր առաջադրմամբ: Նոր ընտրությունն անցկացվում է արտահերթ ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 33. |
Արտահերթ ընտրության նշանակման կարգը |
Եթե օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքով մանդատը թափուր է մնացել, ապա համապատասխան ընտրական տարածքում կառավարության որոշմամբ նշանակվում և անցկացվում է արտահերթ ընտրություն:
Օրենքով սահմանված դեպքերում ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով առաջացած թափուր մանդատը չի լրացվում: Եթե ավագանու անդամների թիվը, օրենքով սահմանված դեպքերում, ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով չի գերազանցում այդ համայնքի համար սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված ավագանու թվակազմի 50 տոկոսը, ապա համայնքում անցկացվում է ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
Սույն հոդվածով նախատեսված դեպքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նշանակման և անցկացման ժամկետի մասին կառավարությունը որոշում է ընդունում 15 օրվա ընթացքում:
Սույն հոդվածով նախատեսված դեպքում համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրության նշանակման և անցկացման ժամկետի մասին կառավարությունը որոշում է ընդունում 15 օրվա ընթացքում:
Արտահերթ ընտրությունն անցկացվում է կառավարության որոշումն ընդունելուց հետո 30-րդ օրը՝ հերթական ընտրության համար սույն օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 34. |
Արտահերթ ընտրության համար ընտրական հանձնաժողովների կազմավորման ժամկետները |
Շրջանային (քաղաքային) և տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են ընտրությունից ոչ ուշ, քան 25 օր առաջ:
|
Հոդված 35. |
Արտահերթ ընտրության ընտրական տարածքները և տեղամասերը |
Արտահերթ ընտրությունն անցկացվում է ըստ հերթական ընտրության համար ձևավորված ընտրական տարածքների և տեղամասերի, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ որոշում չի կայացրել:
|
Հոդված 36. |
Թեկնածուների առաջադրումն ու գրանցումն արտահերթ ընտրության ժամանակ |
Արտահերթ ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:
Թեկնածուների առաջադրումն սկսվում է ընտրությունից 25 օր առաջ և ավարտվում 20 օր առաջ:
Թեկնածուների գրանցումն ավարտվում է ընտրությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
|
Հոդված 37. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
9 փետրվարի 1998թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-8 |
|