ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
ապրիլի 25-ին
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
|
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականության հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Ղարաբաղի (Արցախի) բարբառի պահպանմանը, օգտագործմանը, խրախուսում նրա գիտական ուսումնասիրումը և ազգագրական ու բանահյուսական ժողովածուների հրատարակումը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած օտար լեզուների գործածումը:
(1-ին հոդվածը խմբ., փոփ. 25.04.21 ՀՕ-57-Ն)
|
Հոդված 2. |
Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները |
Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.
պետական լեզու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.
պաշտոնական լեզու` պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.
պաշտոնական խոսք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.
լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն.
լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում.
գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.
լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.
լեզվական պարտականություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.
գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.
ցուցանակ՝ կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի, և (կամ) ապրանքանշանի, և (կամ) տվյալ աշխարհագրական, և (կամ) վարչական, և (կամ) քաղաքաշինական, և (կամ) տնտեսական, և (կամ) հասարակական, և (կամ) միավորի անվանման և այլնի մասին.
պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ:
(2-րդ հոդվածը խմբ. 25.04.21 ՀՕ-57-Ն)
|
Հոդված 3. |
Կրթության լեզուն |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության համակարգում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
|
Հոդված 4. |
Քաղաքացիների լեզվական պարտականությունները |
1. Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
3. Պաշտոնական խոսքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի (կամ ռուսաց լեզվի) անաղարտությունը:
(2-րդ հոդվածը լրաց. 25.04.21 ՀՕ-57-Ն)
|
Հոդված 5. |
Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են`
1) գործավարությունը կատարել գրական հայերենով, ըստ անհրաժեշտության` նաև ռուսերենով՝ ապահովելով տվյալ լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.
2) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն (բացառությամբ ռուսերենի) ելույթների հայերեն թարգմանությունը.
3) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.04.21 ՀՕ-57-Ն)
|
Հոդված 6. |
Պետական լեզվաքաղաքականության իրականացումը |
1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:
(6-րդ հոդվածը խմբ. 25.04.21 ՀՕ-57-Ն)
|
Հոդված 7. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-2 օրենքը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 մայիսի 2013թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-12-Ն |
|