ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու թիվ 3 արհեստագործական ավագ դպրոցը վերակազմավորման ձևով «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, «Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության արհեստագործական ավագ դպրոցը արհեստագործական ուսումնարան վերանվանելու և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական /արհեստագործական/ պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն` ժամանակավորապես տեղաբաշխելով Ստեփանակերտի թիվ 4 միջնակարգ դպրոցում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու թիվ 3 արհեստագործական ավագ դպրոցը 2006թ. սեպտեմբերի 1-ից վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
3.«Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության արհեստագործական ավագ դպրոցը 2006թ. սեպտեմբերի 1-ից վերանվանել «Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության արհեստագործական ուսումնարան:
4. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական /արհեստագործական/ պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ սույն որոշմամբ վերանվանված, ինչպես նաև վերակազմակերպված նախնական մասնագիտական /արհեստագործական/ պետական ուսումնական հաստատություններին՝
ա/ սեփականության իրավունքով հանձնվում է դրանց տնօրինության գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.
բ/ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
6. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված՝ նախնական մասնագիտական /արհեստագործական/ պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին և Մարտունու շրջանի վարչակազմին:
7. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական /արհեստագործական/ պետական ուսումնական հաստատության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
ա/ հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ արհեստագործների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.
բ/ անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.
գ/ նախնական մասնագիտական /արհեստագործական/, հանրակրթական ծրագրերի /հիմնական և լրացուցիչ/ իրականացումը:
8. Թույլատրել նախնական մասնագիտական /արհեստագործական/ պետական ուսումնական հաստատություններին՝ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
ա/ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն,
բ/ ընդհանուր /լրիվ/ միջնակարգ կրթության երրորդ աստիճան /ավագ դպրոց/,
գ/ կրթություն՝ մեծահասակների համար և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,
դ/ հրատարակչական գործ,
ե/ կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ,
զ/ հանրակացարանների շահագործում,
է/ սպորտի բնագավառի այլ գործունեություն:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2006թ.
թիվ 95 որոշման |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ /ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ/ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «_______________________________________________________________________________
__________________________________________________________________________________»
/կազմակերպության անվանումը/
պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ուսումնարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Ուսումնարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:
3. Ուսումնարանի հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է` ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության:
4. Ուսումնարանը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Ուսումնարանը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Ուսումնարանն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
6. Ուսումնարանն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
7. Ուսումնարանի լրիվ անվանումն է`
hայերեն՝ ______________________________________________________________
______________________________________________________________________________
ռուսերեն՝ _____________________________________________________________
______________________________________________________________________________
անգլերեն՝ _____________________________________________________________
______________________________________________________________________________
8. Ուսումնարանի գտնվելու վայրն է` ________________________________________________
______________________________________________________________________________:
9. Ուսումնարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
II. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
10. Ուսումնարանի գործունեության հիմնական առարկան և նպատակներն են.
ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ արհեստագործների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը,
բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը,
գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:
11. Ուսումնարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,
բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),
գ) կրթություն մեծահասակների համար և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,
դ) հրատարակչական գործ,
ե) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ,
զ) հանրակացարանների շահագործում,
է) սպորտի բնագավառի այլ գործունեություն:
12. Ուսումնարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) օգտագործվում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
Ուսումնարանի շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
III. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Ուսումնարանն ընդունելությունը կատարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հաստատված ընդունելության կանոններին համապատասխան:
14. Ուսումնարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողներն ատեստավորվում են: Ուսումնարանում կարող են կիրառվել նաև միջանկյալ ատեստավորման ձևեր:
15. Ուսումնարանի ուսումնական գործունեությունը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական գործընթացի ժամանակացույցով և դասացուցակներով:
Ուսումնարանը մշակում և հաստատում է իր ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, դրանք համաձայնեցնում է լիազորված պետական կառավարման համապատասխան մարմնի հետ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը:
16. Ուսումնարանում ուսուցումը կարող է կազմակերպվել միայն առկա (ստացիոնար) ձևով:
17. Ուսումնարանը կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ սովորողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ:
Ուսումնարանի սովորողների և ունկնդիրների արտադրական պրակտիկան, որպես կանոն, անցկացվում է կազմակերպություններում, հիմնարկներում՝ դրանց և հաստատության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
18. Ուսումնարանում ուսումնական պարապմունքներն իրականացվում են խմբերով, ենթախմբերով, հոսքերով, անհատական՝ հետևյալ հիմնական ձևերով. դաս, դասախոսություն, սեմինար, գործնական աշխատանք, լաբորատոր աշխատանք, ստուգողական աշխատանք, անհատական աշխատանք, ինքնուրույն աշխատանք, խորհրդատվություն, պրակտիկա, կուրսային նախագծում (կուրսային աշխատանք), դիպլոմային նախագծում (դիպլոմային աշխատանք): Ուսումնարանը կարող է կիրառել նաև ուսումնական պարապմունքների այլ ձևեր (էքսկուրսիա, դերային խաղերի դաս, համաժողով, տնային աշխատանք, պրակտիկում և այլն): Լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար սահմանվում է ակադեմիական ժամ՝ 45 րոպե տևողությամբ, զույգ ժամերի միանվագ վարման դեպքում՝ 80 րոպե:
19. Առկա ուսուցմամբ սովորողների համար տարեկան առնվազն 2 անգամ սահմանվում են արձակուրդներ՝ 8-11 շաբաթ ընդհանուր տևողությամբ, այդ թվում՝ 2 շաբաթից ոչ պակաս ձմռան ժամանակահատվածում:
20. Սովորողների միջին շաբաթական բեռնվածությունը լսարանային ուսումնական պարապմունքներով, որպես կանոն, չպետք է գերազանցի 36 ժամը: Ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի և արտադրական ուսուցման անցկացման ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով:
Սովորողների առաջադիմության միջանկյալ ատեստավորման ու ընթացիկ վերահսկողության ձևերը, կարգը և պարբերականությունը սահմանվում են ուսումնական պլաններով:
21. Ուսումնարանի ուսումնական խմբում սովորողների թիվը սահմանվում է 20-25 մարդ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցներ հատկացնելու դեպքում ուսումնական խումբը կարող է բաժանվել ենթախմբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ:
22. Ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի բոլոր պահանջները կատարած սովորողներին թույլատրվում է մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը, որի դրական արդյունքների հիման վրա նրանց տրվում է համապատասխան որակավորում և պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ):
Տվյալ կրթական ծրագիրը չավարտածներին տրվում է համապատասխան տեղեկանք:
23. Ուսումնարանը սահմանված կարգով կարող է իրականացնել նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր, կազմակերպել նախապատրաստական, մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ:
24. Ուսումնարանն իր գործունեությունն իրականացնում է համապատասխան բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական, արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, պարբերաբար կազմակերպում է համաժողովներ, գիտաժողովներ, գիտագործնական սեմինարներ, օլիմպիադաներ և այլն:
25. Ուսումնարանը միջոցներ է ձեռնարկում սովորողների (ունկնդիրների) ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար:
IV. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
26. Ուսումնարանի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված պետական մարմինը, գործադիր մարմինը՝ տնօրենը:
27. Ուսումնարանի հիմնադիրը՝
ա) հիմնադրում է ուսումնարանը.
բ) սահմանում է ուսումնարանի գործունեության առարկան և նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
գ) հաստատում է ուսումնարանին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
դ) վերակազմակերպում կամ լուծարում է ուսումնարանը.
ե) լուծում է օրենքով և ուսումնարանի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
28. Լիազորված պետական մարմինը՝
ա) հաստատում է ուսումնարանի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
բ) սահմանում է ուսումնարանի կառավարման համակարգը.
գ) նշանակում է ուսումնարանի լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.
դ) ուսումնարանի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ե) իրականացնում է ուսումնարանի գործունեության վերահսկողությունը.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ուսումնարանի տնօրենի՝ ԼՂՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
է) լսում է ուսումնարանի գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
ը) վերահսկողություն է իրականացնում ուսումնարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) վերահսկողություն է իրականացնում ուսումնարանի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ ուսումնարանի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
ժ) հաստատում է ուսումնարանի տարեկան հաշվետվությունները, տարեկան նախահաշիվները և տարեկան հաշվեկշիռը.
ժա) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և ուսումնարանի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
29. Ուսումնարանի տնօրենը (այսուհետ` տնօրեն), որին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազորված պետական մարմինը, իրականացնում է ուսումնարանի ընթացիկ գործունեության ղեկավարումը:
30. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
31. Տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ուսումնարանի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ.
բ) ԼՂՀ օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու ուսումնարանի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ուսումնարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) տալիս է ուսումնարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ուսումնարանի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, այդ թվում` տարադրամային.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է ուսումնարանի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) անհրաժեշտ պայմաններ է ստեղծում մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժ) վերահսկողություն է իրականացնում ուսուցման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ.
ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը.
ժբ) սահմանված կարգով տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն.
ժգ) իրականացնում է ԼՂՀ օրենսդրությանը չհակասող և ուսումնարանի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
32. Տնօրենի բացակայության դեպքում լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալներից մեկը:
33. Ուսումնարանի խորհրդակցական մարմինը ուսումնարանի տնօրինական խորհուրդն է (այսուհետ` տնօրինական խորհուրդ):
34. Տնօրինական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենի տեղակալները, գլխավոր հաշվապահը, կրթական ծրագրերի ղեկավարները:
Տնօրինական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հաստատության այլ աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:
Տնօրինական խորհրդի նախագահը տնօրենն է:
35. Տնօրինական խորհրդի անհատական կազմը հաստատում է տնօրենը:
36. Տնօրինական խորհուրդը՝
ա) Տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների մասին.
բ) քննարկում է հաստատության զարգացման ծրագիրը, ուսումնադաստիարակչական աշխատանքի պլանը և դրա կատարման տարեվերջյան արդյունքները.
գ) քննարկում է հաստատության ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի նախագծերը և առաջարկություններ է ներկայացում տնօրենին.
դ) հաստատում է իր աշխատակարգը.
ե) ընտրում է տնօրինական խորհրդի նախագահի տեղակալին (տեղակալներին) և քարտուղարին.
զ) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ հաստատության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.
է) քննարկում է հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.
ը) քննարկում է տնօրենի, նրա տեղակալների հաղորդումները, մյուս աշխատողների հաշվետվություններն ու հաղորդումները և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.
թ) քննարկում և տնօրենին առաջարկություններ է ներկայացնում հաստատության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին.
ժ) տնօրենին ներկայացնում է առաջարկություն մեկ սովորողի համար ուսման վարձավճարի չափի վերաբերյալ.
ժա) քննարկում և տնօրենին առաջարկում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածություններ.
ժբ) քննարկում է հաստատության աշխատողների ատեստավորման արդյունքները և առաջարկություններ է ներկայացնում տնօրենին.
ժգ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
37. Տնօրինական խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև անդամների 1/3-ի պահանջով: Տնօրինական խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:
38. Սովորողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մեթոդական աշխատանքների, դասատուների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով ուսումնարանում սահմանված կարգով ստեղծվում են ուսումնամեթոդական, գիտամեթոդական, մանկավարժական խորհուրդներ, որոնք գործում են տնօրենի հաստատած կանոնակարգերով:
39. Ուսումնարանում գործավարությունն իրականացվում է ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:
40. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ այլ կրթական ծրագրի իրականացման որակի նկատմամբ պետական վերահսկողությունը, հաստատության տեսչական ստուգումը, պետական ատեստավորումը և հավատարմագրումն իրականացնում է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
41. Ուսումնարանի կողմից ԼՂՀ օրենսդրության, նրա կանոնադրության պահանջների կատարման, կրթական ու ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
V. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
42. Ուսումնարանի աշխատողներն իրավունք ունեն՝
ա) կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու հաստատության կառավարմանը.
բ) պետական կրթական ընդհանուր չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդիկաներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ (մանկավարժական աշխատողները).
գ) սահմանված կարգով օգտվելու հաստատության տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.
դ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու ուսումնարանի ղեկավարության հրամանները (կարգադրությունները).
Աշխատողն ունի նաև ԼՂՀ օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով, ուսումնարանի կանոնադրությամբ չարգելված այլ իրավունքներ:
43. Ուսումնարանի աշխատողը պարտավոր է՝
ա) կատարել հաստատության կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.
բ) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.
գ) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը:
44. Ուսումնարանի թափուր մանկավարժական աշխատատեղի համար տնօրենի կամ խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մրցութային ընտրություն:
45. Ուսումնարանի մանկավարժները և այլ աշխատողներն իրենց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով պարբերաբար վերապատրաստվում են: Տնօրենը պատասխանատվություն է կրում մանկավարժների և այլ աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման համար:
VI. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ
46. Ուսումնարանի սովորողը տնօրենի հրամանով` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր յուրացնելու համար ընդունված անձն է:
47. Ուսումնարանի ունկնդիրը տնօրենի հրամանով նախապատրաստական դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար ընդունված անձն է: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում է սովորողի իրավունքներից:
48. Ուսումնարանի սովորողի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են ուսումնարանի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով:
49. Ուսումնարանի սովորողն իրավունք ունի՝
ա) ստանալու կրթություն՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.
բ) վճարովի հիմունքով ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում՝ վճարովի) կրթական ծառայություններից.
գ) մասնակցելու ուսանողական ինքնակառավարման մարմինների, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.
դ) անվճար օգտվելու հաստատության գրադարանից, տեխնիկական միջոցներից.
ե) մասնակցելու հաստատության գիտահետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.
զ) մասնակցելու հաստատության կարևորագույն հարցերի քննարկմանն ու լուծմանը.
է) սահմանված կարգով ստանալու պետական կամ այլ կրթաթոշակ:
50. Ուսումնարանի անվճար հիմունքով սովորողը սահմանված կարգով ստանում է պետական կրթաթոշակ:
51. Ուսումնարանի սովորողը պարտավոր է.
ա) կատարել ուսումնարանի կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահական կանոնները.
բ) խնամքով վերաբերվել հաստատության գույքին.
գ) հարգել աշխատողների և սովորողների իրավունքներն ու արժանապատվությունը.
դ) սահմանված կարգով վճարել ուսման վարձը.
ե) կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ծրագրերի պահանջները:
52. Սովորողների համար հաստատության կողմից սահմանվում են նյութական ու բարոյական խրախուսման ձևեր:
53. Ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի պահանջները չկատարելու, հաստատության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, ներքին կարգապահական կանոնները խախտելու համար սովորողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ՝ ընդհուպ ուսումնարանից հեռացումը:
54. Ուսումնարանը սովորողին տեղեկատվություն է տրամադրում տվյալ ոլորտում զբաղվածության վիճակի մասին:
VII. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
55. Ուսումնարանի սեփականությունը ձևավորվում է ուսումնարանի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
56. Ուսումնարանը իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
57. Հիմնադիրը ուսումնարանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ, բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
58. Ուսումնարանի սեփականության պահպանման հոգսը կրում է ուսումնարանը:
59. Ուսումնարանի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
60. Հիմնադիրը կարող է ուսումնարանին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
61. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից ուսումնարանին ամրացված գույքը:
62. Ուսումնարանն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
Ուսումնարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել վարձակալության:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ուսումնարանի ստացած եկամուտները ուսումնարանի սեփականությունն են:
Ուսումնարանի ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
63. Հիմնադրի կողմից գույքը ուսումնարանին ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
64. Հիմնադրի կողմից ուսումնարանին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ ուսումնարանի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
VIII. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
65. Ուսումնարանի հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
66. Ուսումնարանը ֆինանսավորում է հիմնադիրը: Ուսումնարանի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և լրացուցիչ աղբյուրներից:
67. Ուսումնարանի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներն են.
ա) լիազորված պետական մարմնի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները,
բ) բարեգործական, ԼՂՀ և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները,
գ) հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
68. Ուսումնարանը, իր միջոցների հաշվին, աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:
69. Ուսումնարանը սահմանված կարգով ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական գործունեության մասին:
70. Ուսումնարանը հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
71. Ուսումնարանի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
IX. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
72. Ուսումնարանը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ուսումնարանը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի: Ուսումնարանը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
73. Ուսումնարանի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
74. Ուսումնարանը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ուսումնարանը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
75. Ուսումնարանը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Ուսումնարանի լուծարման դեպքում ուսումնարանի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է ԼՂՀ պետական բյուջե:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |