Համարը 
N 416-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.05.24/11(431)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.05.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.02.2022

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի
N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2021թ.

N 416-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 61 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 23-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մայիսի 7-ի N 416-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող Արցախի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ՝ քաղաքացի) Արցախի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին դրամական օգնություն (այսուհետ` օգնություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից օգնություն տրամադրվում է քաղաքացու դիմումն ընթացքավորելու և քաղաքացուն օգնություն տրամադրելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ներքին ընթացակարգով`

1) բոլոր քաղաքացիների՝

ա. բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված անձանց, կորոնարոգրաֆիայի, սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը,

բ. նյարդավիրաբուժական ու ուռոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի Հանրապետությունում չիրականացվող վիրահատությունների, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը,

գ. չարորակ նորագոյացությունների՝ բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (հակաուռուցքային), varian (վարիան) համալիրով հեռահար 3D կոնֆորմալ ճառագայթային բուժման, արյան բաղադրիչների, ձայնալարի պրոթեզավորման, բարդությունների ժամանակ էնդովիրաբուժական կորեկցիայի, ուռուցքային վիրահատությունների, ռադիոյոդթերապիայի, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի և պորտակատի տեղադրման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը,

դ. Ակնաբանական ու վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, ծնկան հոդի սրսկման նպատակով ձեռք բերված դեղորայքի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի հիվանդությամբ տառապող անձանց հետազոտությունների ու բուժման նպատակով ձեռք բերված հակավիրուսային դեղորայքի անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, որը չպետք է գերազանցի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարը.

2) Արցախի Հանրապետությունում հաշվառված՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց կորոնարոգրաֆիայի, սրտի վիրահատությունների, կորոնար անոթների ստենտավորման, աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատությունների, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիայի, կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիայի, աբլացիայի, Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրման ու խոշոր հոդերի վիրահատության ժամանակ կիրառվող էնդոպրոթեզի անհրաժեշտ գումարի 100 տոկոսը.

3) մինչև 18 տարեկան անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը.

4) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը.

5) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձանց բուժման անհրաժեշտ գումարի 100 տոկոսը, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը:

3. Բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովը կարող է օգնություն տրամադրել սույն կարգում չընդգրկված հիվանությունների բուժման դիմաց, որը չպետք է գերազանցի 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարը:

4. Օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

 5. Տարվա ընթացքում քաղաքացուն օգնություն է տրամադրվում մեկ անգամ: Քաղաքացին տարվա ընթացքում մեկ անգամից ավելի օգնություն կարող է ստանալ միայն անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելու դեպքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ