ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
|
«21» ապրիլի 2009թ. |
Թիվ 07-Ն |
ք. Ստեփանակերտ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասը, 19-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով` ԼՂՀ դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2009թ. ապրիլի 21-ի թիվ 07-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը և պայմանները:
2. Մրցույթով երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով /այսուհետ Օրենք/ սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում են փակ և բաց մրցույթներ:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարությունը հրապարակում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը:
5. Հայտարարությունը հրապարակվում է Օրենքով սահմանված կարգով: Փակ մրցույթի մասին հայտարարությունը դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինն ուղարկում է ԼՂՀ դատական դեպարտամենտի բոլոր առանձնացված ստորաբաժանումներին: Առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները հայտարարության տեքստը փակցնում են դատական ծառայողների համար մատչելի վայրում:
6. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
- դատական ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը,
- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները,
- փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրը /բացառությամբ ոչ աշխատանքային օրերի/,
- մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
7. Դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ԼՂՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժինը /այսուհետ Բաժին/:
8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Բաժնին ներկայացնում են.
- գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում են,
- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը` պատճեններով,
- տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին,
- երկու լուսանկար 3+4 սմ չափսի,
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ /պատճենով/ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի պատճենը:
9. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
10. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող Բաժինը, մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, ոստիկանության մարմիններից հարցման միջոցով տեղեկանք է ստանում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների դատվածության վերաբերյալ:
11. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով, նախապատրաստական աշխատանքներ իրականացնող Բաժնում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և ԼՂՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից կնքված մատյան:
Մատյանում առնվազն նշվում է մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Բաժնի կողմից ընդունելու օրը:
12. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց և հետ ստանալ ներկայացրած փաստաթղթերը:
13. Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող Բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին /այսուհետ` Հանձնաժողով/:
14. Հանձնաժողովը մինչև մրցույթի անցկացման սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին: Հանձնաժողովի մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին որոշումը տրամադրվում է մրցույթի մասնակցին:
15. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
4. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ
16. Դատական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները և Օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
17. Փակ մրցույթն անցկացվում է սույն կարգով նախատեսված հարցազրույցի միջոցով:
18. Փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում դատական դեպարտամենտի ղեկավարն եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին:
5. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ
19. Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:
20. Մրցույթին մասնացելու իրավունք չունի այն անձը, ով`
- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- դատական կարգով զրկվել է դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
- դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
- խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից,
- տառապում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը:
21. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
6. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ
22. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր և կազմում է թեստեր հետևյալ չափաբաժիններով.
ա/ դատական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 50 հարց,
բ/ դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 40 հարց,
գ/ դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 30 հարց,
դ/ դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 20 հարց:
23. Թեստային առաջադրանքների հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.
- դատական ծառայության մասին ԼՂՀ օրենսդրություն` 30 տոկոս.
- դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով և համապատասխան դատական իշխանության մարմնի իրավասությունը սահմանող ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներ` 60 տոկոս:
24. Թեստավորումն անցկացվում է համակարգչի միջոցով կամ գրավոր:
25. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:
26. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:
Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
27. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, այլ տեխնիկական սարքեր կամ տպագիր, մեքենագիր կամ ձեռագիր նյութեր:
28. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին:
29. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է ամփոփաթերթ` երկու օրինակից: Առաջին օրինակում կատարված գրառումներն ու նշումներն արտատպվում են երկրորդ օրինակում: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից` գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:
30. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
31. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
32. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ գցելուց հետո, թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով` մոնիտորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
33. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով ճիշտ) պատասխանը:
34. Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
35. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում հուշել, խոսել, հարցեր տալ միմյանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
36. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում` որը համարվում է սևագրության տետր, կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
37. Ամփոփաթերթը համարվում է հիմնական փաստաթուղթ, որի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:
38. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Մասնակիցն ամփոփաթերթի երկրորդ օրինակը վերցնում և դուրս է գալիս սենյակից:
39. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է.
ա/ դատական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 100 րոպե.
բ/ դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 80 րոպե.
գ/ դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 60 րոպե.
դ/ դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 40 րոպե:
40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
41. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
7. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
42. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:
Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը սկաների միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը` արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
43. Սույն կարգի 42-րդ կետում նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում, գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորման անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:
44. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները: Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, որոնք հաստատվում են հանձնաժողովի կնիքով:
45. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1(մեկ) միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքը:
46. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:
47. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:
48. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչը նույնպես արձանագրվում է, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները /տոկոսը/:
49. Մասնակիցների հավաքած միավորները հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
50. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա` տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով: Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
51. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:
52. Հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցը:
Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են հարցազրույցին մասնակցելուց, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթում հաղթող չճանաչելու մասին: Տվյալ որոշումը Հանձնաժողովն ուղարկում է ԼՂՀ դատական դեպարտամենտի ղեկավարին:
8. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ
53. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով, ինչպես նաև փակ մրցույթի ժամանակ:
54. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին, որի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը, լսելով մասնակցին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին: Սխալ պատասխանի դեպքում հարց տվող Հանձնաժողովի անդամը տալիս է լրիվ ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:
Հարցազրույցի ընթացքը գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը և ստացած միավորը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած լրիվ ճիշտ պատասխանը: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
(54-րդ կետը լրաց. 30.12.2009 թիվ 24-Ն)
55. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու համար:
56. Հանձնաժողովը գնահատում է յուրաքանչյուր դատական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջների համապատասխանությունը 1-ից 5 միավորային կարգով:
57. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
58. Գաղտնի քվեարկություն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի §կողմ¦ կամ §դեմ¦ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:
59. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:
Քվեարկության արդյունքներն ամփոփվում են Հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
60. Հանձնաժողովի անդամների գնահատականներն ամփոփվում են մրցույթի անցկացման օրը: Ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող: Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:
61. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Հանձնաժողովը կազմում է ամփոփիչ արձանագրություն մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ և ոչ ուշ, քան հաջորդ օրը ներկայացնում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
(61-րդ կետը խմբ. 30.12.2009 թիվ 24-Ն)
62. Եթե մասնակիցներից ոչ մեկը գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին և այն անմիջապես ուղարկում է ԼՂՀ դատական դեպարտամենտի ղեկավարին:
9. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
63. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո անհապաղ:
Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:
64. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`
- համապատասխան մարմնի անվանումը և դատական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
- մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
- Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի ազգանուն, անուն, հայրանունը:
10. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
65. (կետն ուժը կորցրել է 30.12.2009 թիվ 24-Ն)
66. Ամփոփիչ արձանագրության մեջ պետք է նշվեն.
- դատական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,
- մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
- հաղթող ճանաչված մասնակիցների ազգանուն, անուն, հայրանունը.
- ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրային տվյալները.
- հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը թեստավորման փուլում.
- հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
67. Ամփոփիչ արձանագրությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով §հատուկ կարծիքը կցվում է¦ բառերը:
68. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված ամփոփիչ արձանագրությունը տալուց հետո:
69. (կետն ուժը կորցրել է 30.12.2009 թիվ 24-Ն)
70. Ամփոփիչ արձանագրությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատական ծառայության տվյալ պաշտոնում նշանակվելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
(70-րդ կետը փոփ.11.05.21 N 1-Ն)
71. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ամփոփիչ արձանագրությունը տալու հաջորդ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներն այդ պաշտոնատար անձին ներկայացնում են`
- դիմում
- լրացված անձնական թերթիկ
- ինքնակենսագրություն
- իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:
11. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
72. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
73. Եթե մրցույթի արդյունքում մասնակիներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը, մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, մրցույթն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաև Օրենքով նախատեսված այլ դեպքերում տասնօրյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն կրկնակի մրցույթ անցկացնելու մասին:
Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:
74. Եթե կրկնակի մրցույթն Օրենքի համաձայն համարվում է անվավեր, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթի անցկացնելուց երկու ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:
Եթե մրցութային հանձնաժողովը իրավազոր չէ /նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների կեսից ավելին/, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անց է կացվում կրկնակի մրցույթ: Այս դեպքում մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անց է կացվում տաս աշխատանքային օրվա ընթացքում` ընդհանուր հիմունքներով:
75. Մրցույթ հայտարարելուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
(Հավելվածը լրաց., խմբ., փոփ. 30.12.2009 թիվ 24-Ն, փոփ.11.05.21 N 1-Ն)