Համարը 
N 14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.06.06/06(170)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
26.04.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈԻՑՈԻՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2019 թվականի մայիսի 16-ին

պետական գրանցման համարը 3031934

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» ապրիլի 2019 թվականի

N 14-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ

ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ

 ՀԱՏՈԻՑՈԻՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելվածի վերջին պարբերությունը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՎԻՐԱԲՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2019 թվականի ապրիլի 26-ի N 14-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ

ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ

ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.

1) Հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.

2) Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ՝ հողմային, արևային, ջրային, երկրաջերմային և կենսաբանական զանգվածի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.

3) Ինքնավար էներգաարտադրող՝ սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի էլեկտրատեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կիլովատտը.

4) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

5) Էլեկտրական էներգիայի փոխհոսքեր՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով Բաշխողի կողմից ապահովվող էլեկտրական էներգիայի փոխհոսքեր.

6) Հաշվարկային ամիս՝ ժամանակահատված, որը սկսվում է հաշվարկային տարվա յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում նույն ամսվա վերջին օրվա ժամը 24:00-ին.

7) Հաշվարկային տարի՝ ժամանակահատված, որը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում նույն տարվա վերջին օրվա ժամը 24:00-ին:

3. Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը և Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին վճարումը կատարվում է ամսական: Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին վճարումը՝ տարեկան արդյունքներով:

4. Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված (հանձնված) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ):

5. Էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու նպատակով Ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ՝ Կանոններ):

6. Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:

7. Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կանոններով սահմանված կարգով:

8. Բաշխողի կամ Ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալը հաշվարկվում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

Էփտ = Էփց + Էփգ,

որտեղ՝

Էփտ -ն Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև Հաշվարկային ամսվա արդյունքներով Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, որը ենթակա է հատուցման,

Էփց -ն Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև Հաշվարկային ամսվա արդյունքներով ցերեկային սակագնով Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է,

Էփգ -ն Բաշխողի և Ինքնավար էներգաարտադրողի միջև Հաշվարկային ամսվա արդյունքներով գիշերային սակագնով Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված «Էփց» և «Էփգ» մեծությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.

 

Էփց = (Բցա - Իցա),

Էփգ = (Բգա - Իգա),

 

որտեղ՝

Բցա-ն Հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է,

Իցա-ն Հաշվարկային ամսվա ընթացքում Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է,

Բգա-ն Հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է,

Իգա-ն Հաշվարկային ամսվա ընթացքում Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալն է:

10. Եթե Հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է, ապա այդ ծավալով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին (որպես սպառող) մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և Կանոններով:

11. Եթե Հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կարգի 9-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» և «Էփգ» մեծությունները նույնպես դրական են, ապա Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալ է համարվում «Էփց» և «Էփգ» մեծությունների գումարը (Էփցփգ), և «Էփց» մեծության համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված ցերեկային սակագինը, իսկ «Էփգ» մեծության համար՝ գիշերային սակագինը:

12. Եթե Հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կարգի 9-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» մեծությունը նույնպես դրական է, իսկ «Էփգ» մեծությունը՝ բացասական, ապա Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալ է համարվում «Էփց» դրական և «Էփգ» բացասական մեծությունների գումարը (Էփցփգ), որի համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված ցերեկային սակագինը:

13. Եթե Հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտե մեծությունը դրական է և, միևնույն ժամանակ, սույն կարգի 9-րդ կետի բանաձևերով հաշվարկված «Էփց» մեծությունը բացասական է, իսկ «Էփգ» մեծությունը՝ դրական, ապա Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելիս մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալ է համարվում «Էփգ» դրական և «Էփց» բացասական մեծությունների գումարը (Էփգփց), որի համար կիրառվում է Հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված գիշերային սակագինը:

14. Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան արդյունքներով:

15. Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման գումարը տարեկան արդյունքներով հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_2397

որտեղ՝

ՓԳ -ն հատուցվող գումարի չափն է,

Էփտ -ն հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալն է,

Ս -ն հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի համար կիրառվող սակագնի չափն է (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

i -ն Հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներն են:

16. Եթե Հաշվարկային ամսվա համար սույն կարգի 8-րդ կետի բանաձևով հաշվարկված «Էփտ» մեծությունը բացասական է, ապա այդ ծավալի չափով էլեկտրական էներգիան Բաշխողի կողմից ենթակա է հատուցման Հաշվարկային տարվա արդյունքներով: Հաշվարկային տարվա արդյունքներով հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալը որոշվում է Հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա արդյունքներով՝ բացասական «Էփտ» մեծությունների հանրագումարով:

17. Հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի ծավալի նկատմամբ որպես սակագին կիրառվում է տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագների 50 տոկոսի չափը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագինը:

18. Այն Հաշվարկային ամիսներին, երբ «Էփտ» մեծությունը բացասական է, այդ ամիսների համար Բաշխողը Ինքնավար էներգաարտադրողին որևէ հաշվարկային փաստաթուղթ չի ներկայացնում, և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալը զրոյական է:

19. Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև Հաշվարկային տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար Ինքնավար էներգաարտադրողը և Բաշխողը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է Ինքնավար էներգաարտադրողի բանկային հաշվեհամարին՝ Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

      

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ