Համարը 
N 4-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.02.20/04(103)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
22.01.2014
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
22.01.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից 2014 թվականի փետրվարի 4-ին

Պետական գրանցման համար 2051421

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» հունվարի 2014թ.

N 4-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

 ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ

ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելված 2-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Սահմանել հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հարկային մարմին դիմելու դեպքում` հարկ վճարողների հետ կնքել սույն հրամանի 1-ին կետով սահմանված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին օրինակելի ձևի պայմանագրեր:

 

 

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր հարկային պետական ծառայության պետի

«22» հունվարի 2014թ. N 4-Ն հրամանի 

 

     

Օրինակելի ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N __________

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

__________________________

                           (վայրը)

«___» ______________ 20___թ.

 

________________________ (ՀՎՀՀ`____________ ) (այսուհետ` Հարկ վճարող), ի դեմս ___________________-ի, որը գործում է _____________________հիման վրա, մի կողմից, և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ` Հարկային մարմին), ի դեմս _________________________________-ի, որը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի 20___թ. ___________________ N ______ հրամանով իրավազորված է կնքելու սույն պայմանագիրը, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Հարկ վճարողը Հարկային մարմին ներկայացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` Հաշվետվություններ) «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) N 2 հավելվածով սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը պարտավորվում է ընդունել ներկայացված Հաշվետվությունները, եթե դրանք ներկայացված են Oրենքով սահմանված կարգով և պայմաններով: Սույն պայմանագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում Հարկ վճարողն իրավունք ունի դուրս գրել էլեկտրոնային հարկային հաշիվներ:

2. Սույն պայմանագրի համաձայն`

1) էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին են ներկայացվում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվություններ, հաշվարկներ, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

2) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում հարկային հաշիվներ.

3) Հարկային մարմնից ստացած սերիա-համարներով Հարկ վճարողների կողմից կիրառվող հարկային հաշիվների դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրով (այսուհետ` բիլինգային ծրագիր) դուրս են գրվում հարկային հաշիվներ:

Սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային եղանակով, եթե այդ եղանակով Հաշվետվությունների ներկայացումը պարտադիր է Արցախի Հանրապետության օրենքով և օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Սույն պայմանագրի հիման վրա Հաշվետվությունները կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացվել Արցախի Հանրապետության օրենքով սահմանված լինելու դեպքում կամ Հարկ վճարողի Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ցանկությամբ:

Սույն պայմանագիրը կարող է օգտագործվել միայն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու համար, եթե Արցախի Հանրապետության օրենքին համապատասխան Հարկ վճարողը պարտավոր չէ և չի ցանկանում Հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Բիլինգային ծրագիր կիրառող անձանց կողմից, սույն պայմանագրին համապատասխան, սույն կետի 3-րդ ենթակետում նշված եղանակով կարող են դուրս գրվել հարկային հաշիվներ, եթե Հարկ վճարողը բավարարում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշները:

3. Սույն պայմանագրում օգտագործված հասկացություններն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ սահմանված է «Հարկերի մասին» և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում ու դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում:

4. Հարկային մարմինը հավաստում է, որ տնօրինում է Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման և ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման, ինչպես նաև Հարկային մարմնից ստացած սերիա-համարներով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկությունների ընդունման ծրագրերի:

5. Հարկ վճարողը կարող է ներկայացնել Հարկային մարմնի կողմից հաստատված ժամանակացույցում նշված Հաշվետվությունների տեսակները և (կամ) էլեկտրոնային եղանակով դուրս գրել հարկային հաշիվներ:

6. Սույն պայմանագրի կնքվելուց հետո Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկ վճարողին է տրամադրում օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը (Login&Password)` առձեռն փակ ծրարով: Օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը կիրառվում է էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման ու ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման համար` Հարկ վճարողի համապատասխան ներկայացուցչի կողմից համակարգ մուտք գործելու նպատակով:

7. Կողմերն ընդունում են, որ բոլոր լիազորված անձանց սույն պայմանագրի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված և (կամ) կնիքով վավերացված փաստաթուղթը: Նշված էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են բնօրինակներ և կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում և վեճերի քննարկման մինչդատական վարույթում:

8. Կողմերն ընդունում են, որ էլեկտրոնային համակարգում օգտագործվող օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը ու լիազորված անձանց սույն պայմանագրի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նշված էլեկտրոնային թվային ստորագրությունները բավարար են էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին նույնականացնելու, Հարկ վճարողի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ու դրանք երրորդ անձանց կողմից չթույլատրված գործողություններից ու միջամտություններից պաշտպանելու համար:

9. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացնելը Հարկ վճարողին իրավունք է տալիս Հարկային մարմին չներկայացնել այդ Հաշվետվությունները թղթային եղանակով, իսկ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների մասով համապատասխան իրավական ակտերով սահմանված դեպքերում` չներկայացնել դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ (տեղեկանք):

10. Կողմերն ընդունում են, որ Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացման պահ է համարվում`

1) հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների մասով` Հաշվետվությունների ընդունման համակարգի կողմից Հարկ վճարողին ավտոմատ ուղարկվող ծանուցման մեջ նշված օրն ու ժամը.

2) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում դուրս գրվող հարկային հաշիվների մասով` հարկային հաշիվը էլեկտրոնային ստորագրությամբ վավերացման օրը, ժամը և րոպեն.

3) բիլինգային ծրագրով դուրս գրված հարկային հաշիվների մասով` այդ հարկային հաշիվներում արտացոլված` սահմանված տեղեկությունների Հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ մուտքագրման օրը, ժամը և րոպեն:

11. Կողմերն ընդունում են, որ օգտագործվող օգտվողի մուտքի անվան և գաղտնաբառի միջոցով էլեկտրոնային համակարգ մուտքագրած լիազորված անձն իրավունք ունի կատարել այն գործողությունները (Հաշվետվությունների ներկայացում, հարկային հաշիվների դուրսգրում), որոնց լիազորությունը ներկայացվել է Հարկ վճարողի կողմից: Հարկ վճարողի ներկայացուցիչների վերաբերյալ սույն պայմանագրով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը, ներկայացուցիչներից յուրաքանչյուրի լիազորության շրջանակները, ներկայացուցիչների և նրանց լիազորությունների շրջանակների փոփոխությունները, լիազորությունների դադարեցումն իրականացվում են Հարկ վճարողին սպասարկող Հարկային մարմին ներկայացվող գրություններով, որոնք համարվում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

12. Սույն պայմանագիրն անհատույց է:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվում, իսկ հարկային հաշիվներն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում էլեկտրոնային թվային ստորագրության, օգտվողի մուտքի անվան և գաղտնաբառի միջոցով Հարկային մարմնի համապատասխան համակարգ մուտք գործելու ու այդ համակարգում Հաշվետվությունները կամ հարկային հաշիվները ձեռքով ծրագրից տվյալները Հաշվետվության կամ հարկային հաշվի ձևի մեջ փոխանցելու միջոցով լրացնելու միջոցով:

14. Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված օգտվողի մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

15. Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման և (կամ) հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման համար Հարկ վճարողին անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են`

1) 128 Կբիթ/վրկ և ավել արագությամբ ինտերնետային կապ,

2) Intel Pentium III պրոցեսորին համարժեք կամ ավելի հզոր պրոցեսորով, 512 MB կամ ավելի մեծ ծավալով գործառնական հիշողությամբ, 50 GB տարողությամբ կոշտ սկավառակով և DVD-սարքավորված համակարգիչ,

3) Windows XP, Vista գործառնական համակարգի, Internet Explorer կամ Mozilla Firefox ու Adope Acrobat Reader կամ Adope Acrobat Professional ծրագրերի առկայություն,

4) նույնականացման քարտ, որն իր մեջ պարունակում է էլեկտրոնային թվային ստորագրություն կամ հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները (սկավառակով),

5) նույնականացման քարտ կարդացող սարք,

6) Հարկային մարմնից ստացված օգտվողի մուտքի անվան և գաղտնաբառի առկայություն:

16. Հաշվետվությունները և հարկային հաշիվները վավերացվում են համապատասխան լիազորություն ունեցող անձանց ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ:

17. Սույն պայմանագիրը կնքված է համարվում դրա բոլոր հավելվածներով: Սույն պայմանագրի որևէ (ցանկացած) հավելված կիրառվում է, եթե պայմանագրի համաձայն դրա գործողությունը համապատասխան հավելվածին վերաբերող մասով կասեցված չէ:

18. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրումն իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և սույն պայմանագրի N 1 հավելվածին համապատասխան: Հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկային հաշիվների դուրսգրումը իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին և սույն պայմանագրի N 2 հավելվածին համապատասխան:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Հարկ վճարողն իրավունք ունի`

1) էլեկտրոնային եղանակով Հաշվետվությունները ներկայացնել անձամբ (կազմակերպության ղեկավար, անհատ ձեռնարկատեր), կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձի (անձանց) միջոցով.

2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ էլեկտրոնային Հաշվետվությունները ներկայացնող կամ դուրսգրվող հարկային հաշիվները վավերացնելու իրավասություն ունեցող անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ ստանալ.

3) պահանջել, որ Հաշվետվությունը ներկայացված, իսկ հարկային հաշիվը վավերացված համարվի իր նշված անձի կամ անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում:

20. Սույն պայմանագիրը կնքելու նպատակով Հարկ վճարողը պարտավոր է`

1) ներկայացնել Հարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր կնքելու, ինչպես նաև օգտվողի մուտքի անվան և գաղտնաբառի օգտագործման ու դրանք Հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու մասին,

2) ներկայացնել անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և նույնականացման քարտը (պատճենը) (նույնականացման քարտ չունենալու դեպքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները (սկավառակով)):

21. Հարկ վճարողը պարտավոր է`

1) սույն պայմանագրի կնքման նպատակով, ինչպես նաև լիազոր անձանց փոփոխման դեպքերում Հարկային մարմնին տրամադրել այն անձանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, նույնականացման քարտերը (պատճենը) (նույնականացման քարտ չունենալու դեպքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները (սկավառակով)), որոնք իրավունք ունեն Հարկ վճարողի անունից էլեկտրոնային եղանակով ներկայացնել Հաշվետվություններ և դուրս գրել (վավերացնել) հարկային հաշիվներ: Լիազոր անձին վերաբերող տվյալները, էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալները Հարկային մարմին ներկայացվում են մինչև Հաշվետվության ներկայացման կամ հարկային հաշվի դուրսգրման ժամանակ այդ անձի կողմից էլեկտրոնային թվային ստորագրության առաջին անգամ կիրառումը.

2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ Հաշվետվությունը կամ հարկային հաշիվը վավերացնելու լիազորություն ունեցող անձի (անձանց) փոփոխման դեպքում անհապաղ տեղեկացնել Հարկային մարմնին.

3) լիազոր անձի (անձանց) էլեկտրոնային ստորագրության կամ Հարկ վճարողի հարկային հաշվառման միասնական ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխման դեպքում մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հարկային մարմնին.

4) ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքում Հաշվետվությունները, բացառությամբ եկամտային հարկի հաշվարկների և գրանցման հայտի, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել թղթային կրիչով, հարկային հաշիվները դուրս գրել Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ:

22. Հարկային մարմինն իրավունք չունի չընդունել այն Հաշվետվությունները, որոնք ներկայացված են`

1) Հարկ վճարողի լիազորված անձանց կողմից,

2) Արցախի Հանրապետության օրենքով սահմանված և սույն պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:

23. Հարկային մարմինը պարտավոր է`

1) ապահովել իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված Հաշվետվությունների, հարկային հաշիվների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված Հաշվետվությունները և հարկային հաշիվները պահպանվում են թղթային կրիչի վրա լրացվող այդպիսի փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված` համապատասխան ժամկետներում.

2) գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ տրամադրել, եթե Հարկ վճարողի կողմից ներկայացվել է դիմում: Նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` դիմումի և սույն պայմանագրի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի հիման վրա` դիմումի ներկայացման օրվա ընթացքում.

3) ցանկացած պահին Հաշվետվություն ներկայացնելու, հարկային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը մշտապես պահպանելու համար ապահովել համապատասխան համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների կամ հարկային հաշիվների ձևերի փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում կամ Հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին.

4) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Հաշվետվությունների ձևերում և լրացման կարգերում, հարկային հաշիվների ձևերում և լրացման կարգերում փոփոխությունների դեպքում համապատասխան համակարգում կատարել համապատասխան փոփոխություններ.

5) թղթային կրիչով ներկայացված Հաշվետվությունները տասնհինգօրյա ժամկետում տեղադրել հաշվետվությունների ներկայացման համակարգում:

 

IV. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

25. Հարկ վճարողն է պատասխանատվություն կրում իր մուտքի անվան և գաղտնաբառի օգտագործման անվտանգության ու գաղտնիության համար:

26. Հարկային մարմինը պատասխանատու չէ էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի, ինչպես նաև ինտերնետ կապի կամ Հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման հետևանքով հարկային հաշիվները ժամանակին դուրս չգրելու համար: Հարկային մարմինը պատասխանատու չէ ինտերնետային կապի խափանման կամ անբավարար որակի, էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի հետևանքով Հաշվետվությունների ժամանակին չներկայացման կամ Հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, օգտվողի մուտքի անվան կամ գաղտնաբառի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունների պատշաճ կերպով և սահմանված ժամկետում չներկայացնելու համար, այլ անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու կամ անվավեր ճանաչելու համար:

27. Հարկային մարմնի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Հարկ վճարողին պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն իրական վնասի չափով, և բաց թողնված օգուտը հատուցման ենթակա չէ:

28. Սույն պայմանագրի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների չկատարման դեպքում առաջացած հետևանքների պատասխանատվությունը կրում է Հարկ վճարողը:

 

V. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

29. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:

 

VI. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

30. Սույն պայմանագրով նախատեսված և Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը կցվում են սույն պայմանագրին և համարվում են պայմանագրի անբաժանելի մասը:

31. Սույն պայմանագիրը լրացվում է Հարկային մարմնի համապատասխան գրասենյակում, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

32. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի կողմից ստորագրվելու (իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու) դեպքում:

33. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Սույն պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, հայերեն լեզվով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

35. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված այն պահից, որ պահից`

1) Արցախի Հանրապետության օրենքով Հարկ վճարողը պարտավոր չէ ներկայացնել և դադարեցնում է Հաշվետվությունները էլեկտրոնային ձևով ներկայացնելը,

2) Հարկ վճարողը գրավոր տեղեկացնում է Հարկային մարմնից ստացած սերիա-համարներով բիլինգային ծրագրի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը դադարեցնելու մասին:

Պայմանագրի գործողության ընթացքում գործում են պայմանագրի այն դրույթները, որոնց կիրառումը չի հակասում իրավական ակտերին:

36. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված այն պահից, որ պահից`

1) Արցախի Հանրապետության օրենքի համաձայն Հարկ վճարողը պարտավոր է Հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով,

2) Հարկ վճարողը գրավոր տեղեկացնում է Հարկային մարմնից ստացած սերիա-համարներով բիլինգային ծրագրի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման եղանակը կիրառելու մասին:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԱՅԼ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

___________________________________

(հարկ վճարողի անվանումը)

_________________հարկային մարմին

__________________________________

(գտնվելու վայրը)

_________________________________

(գտնվելու վայրը)

___________________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն)

_________________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն)

_________________________________

(անունը, ազգանունը)

_________________________________

(անունը, ազգանունը)

_________________________________

(ստորագրությունը)

________________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կ.Տ.

 

     

Հավելված N 1

«Հարկային մարմին հաշվետվություններն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին»

_____ _______________ 20 թ. N ______ պայմանագրի

 

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

1. Հարկ վճարողը իրական ժամանակում ինտերնետային կապի միջոցով հարկային հաշիվները (այսուհետ` ինտերնետային հարկային հաշիվներ) դուրս է գրում «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, իսկ հարկային մարմինը ընդունում է դրանք, եթե հարկային հաշիվները դուրս են գրված «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:

2. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումը հարկ վճարողը իրականացնում է համապատասխան համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը ներբեռնում և տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից:

3. Ծրագիրն առաջին անգամ գործարկվում է հարկ վճարողի հաշվառման համարի, օգտվողի անվանման (login, user name) և գաղտնաբառի (password) մուտքագրումից հետո:

4. Ծրագրի միջոցով հարկային հաշվում լրացվում են պարտադիր լրացման ենթակա տվյալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 254 որոշմամբ սահմանված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներով սահմանված տվյալները և վավերապայմանները, հարկ վճարողին անհրաժեշտ այլ տվյալները:

5. Լրացված ինտերնետային հարկային հաշիվը վավերացվելու դեպքում ստանում է սերիա-համար:

6. Ինտերնետային հարկային հաշիվներ դուրս են գրվում այն անձանց միջոցով, որոնք ներկայացվել են հարկային մարմին` որպես հարկային հաշիվներ վավերացնելու իրավասություն ունեցող անձինք և որոնց էլեկտրոնային ստորագրությունը գրանցված է հարկային մարմնում: Ինտերնետային հարկային հաշիվները վավերացվում են հարկ վճարողի կողմից լիազորված իրավասու անձի (անձանց) և (կամ) նրա (նրանց) էլեկտրոնային ստորագրությամբ (ստորագրություններով):

7. Էլեկտրոնային հարկային հաշվի ստացումն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում հարկ վճարողը այդ հարկային հաշվի վերաբերյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները (տեղեկանքը) հարկային մարմին չի ներկայացնում: Էլեկտրոնային հարկային հաշվի ստացման վավերացումը միաժամանակ դիտվում է որպես «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կապի միջոցով ստացված էլեկտրոնային հարկային հաշվի վերաբերյալ տեղեկության ներկայացում:

8. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Հարկային մարմինն իրավունք ունի չընդունել էլեկտրոնային եղանակով դուրս գրված այն հարկային հաշիվները, որոնք`

1) վավերացվել են հարկ վճարողի կողմից չլիազորված անձի (անձանց) կողմից,

2) դուրս են գրվել և վավերացվել «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ:

 

     

Հավելված N 2

«Հարկային մարմին հաշվետվություններն

էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին»

 _____ _______________ 20 թ. N ______ պայմանագրի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

1. Ավելացված արժեքի հարկ վճարողը պարտավորվում է հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով դուրս գրել հարկային հաշիվներ համակարգչային հատուկ ծրագրերի (այսուհետ` բիլինգային ծրագրեր) միջոցով` «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, իսկ հարկային մարմինը պարտավորվում է ընդունել դրանք, եթե դրանք դուրս են գրված «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:

2. Սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ դուրս գրող ավելացված արժեքի հարկ վճարողը հավաստում է, որ`

1) կիրառում է հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագիր (ծրագրեր),

2) իր կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թվաքանակը գերազանցում է հազար հատը:

3. Բիլինգային ծրագրի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը հարկային մարմին ներկայացված լինելու դեպքում բիլինգային ծրագիր կիրառողի կողմից այդ հարկային հաշիվների վերաբերյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները (տեղեկանքը) հարկային մարմին չեն ներկայացվում: Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը դիտվում է որպես «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կապի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում:

4. Ավելացված արժեքի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փաթեթը պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ, որը պետք է գրանցված լինի հարկային մարմնում որպես հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրություն:

5. Բիլինգային ծրագրի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվները համարվում են դուրս գրված` հարկային մարմին ուղարկման ենթակա տեղեկությունները հարկային մարմնի կողմից ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե այդ հաշիվները էլեկտրոնային կամ թղթային ձևով տրամադրվել են ապրանքներ ձեռք բերողներին (ծառայություններ ստացողներին), թե ոչ:

6. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հարկային հաշիվների դուրսգրման համակարգչային ծրագրերի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքը իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ` օպտիկա-մանրաթելային կապով), եթե հարկ վճարողը ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը:

(հավելվածը փոփ. 07.09.15 N 181-Ն, խմբ. 24.06.19 N 150-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ