Համարը 
N 781-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.12.30/29(420)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.03.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2020թ.

N 781-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ հոդվածի 1-ին կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 702-Ն որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 30-ի N 781-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

5. Նախարարությունն իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը,

2) գործարարության և ներդրումների համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը,

3) արդյունաբերության մրցունակության բարձրացումը և արտահանման խթանումը,

4) առևտրի համար բարենպաստ միջավայրի ապահովումը,

5) որակի ենթակառուցվածքների զարգացումը,

6) սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը,

7) մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մշակումը,

8) տարածքային տնտեսական զարգացումը,

9) պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը,

10) զբոսաշրջության զարգացումը, այն տնտեսության գերակա ճյուղերից մեկը դարձնելուն աջակցելը,

11) զբոսաշրջային գործունեությանն աջակցելը և դրա առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական պայմանների ստեղծումը,

12) զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունների սահմանումը,

13) Արցախի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորման իրականացումը,

14) զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար պայմանների ստեղծումը,

15) զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը,

16) զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով ստեղծված հասարակական կազմակերպություններին աջակցելը,

17) զբոսաշրջային գործունեության ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորումը,

18) ագրոպարենային ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը,

19) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Արցախի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը,

20) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցելը,

21) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացմանն աջակցության ապահովումը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանումը,

22) օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովումը,

23) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովումը,

24) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովումը,

25) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովումը,

26) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովումը,

27) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը,

28) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը,

29) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:

8. Նախարարության անվանումն է՝

հայերեն՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն,

ռուսերեն՝ Министерство экономики и сельского хозяйства Республики Арцах

անգլերեն՝ Ministry of economy and agriculture of the Republic of Artsakh:

9.Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Թումանյանի 115:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) էկոնոմիկայի բնագավառում՝

ա. տնտեսական հետազոտությունների, ցուցանիշների հավաքագրման, վերլուծությունների ու գնահատումների իրականացում և դրանց արդյունքների հիման վրա տնտեսական քաղաքականության, գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերի մշակում,

բ. սոցիալական, ֆինանսական, տարածքային տնտեսական, բյուջետային, սակագնային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

գ. ձեռներեցության, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության մշակում և իրականացում,

դ. «պետություն-մասնավոր հատված» համագործակցության քաղաքականության մշակում, պետական և մասնավոր հատվածի համագործակցության ոլորտային հարթակների ձևավորում,

ե. իր իրավասության սահմաններում տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստրի վարում,

զ. արդյունաբերական ներուժի ընդլայնման և մրցունակության բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման քաղաքականության մշակում և իրականացում,

է. որակի ենթակառուցվածքի՝ տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման ոլորտների պետական քաղաքականության, սպառողների շահերի և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում, իրականացում և համակարգում,

ը. տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության մշակում, գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, կազմակերպությունների ստեղծմանը և զարգացմանը նպաստող գործարար միջավայրի ձևավորում,

թ. կորպորատիվ կառավարման իրավական դաշտի և կանոնների մշակում,

ժ. ներդրումների ներգրավման և պաշտպանության քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակում, դիտանցման իրականացում,

ժա. արտահանման խթանման քաղաքականության մշակում և իրականացում,

ժբ. մտավոր սեփականության պահպանության քաղաքականության մշակում,

2) զբոսաշրջության բնագավառում՝

ա. ոլորտի զարգացման քաղաքականության մշակման և իրականացման ապահովում, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծում, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների հետ կապերի ամրապնդում ու աշխատանքների համակարգում,

բ. օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորում, լիցենզավորման պայմանների կատարման նկատմամբ հսկողություն,

գ. օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունում,

դ. ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով կարգադրագրերի արձակում,

ե. հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի տրամադրում և փոփոխում, որակավորման կարգը ստանալու համար ներկայացված հայտի մերժում, որակավորման կարգից զրկում, որակավորման պայմանների նկատմամբ հսկողության իրականացում,

զ. ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն աջակցություն,

է. տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրենց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

ը. զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստման, վերապատրաստման և նրանց որակավորման բարձրացման, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանն աջակցություն,

թ. այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում Արցախի Հանրապետությունը ներկայացնելը, զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը մասնակցություն,

ժ. միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Արցախի Հանրապետության մասնակցության ապահովում, ցուցահանդեսների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերում,

ժա. զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրության վարում.

3) գյուղատնտեսության բնագավառում՝

ա. ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ,

բ. Արցախի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ,

գ. գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,

դ. ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում,

ե. գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ,

զ. գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների),

է. կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների),

ը. Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

4) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

5) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.

7) բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.

8) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական այլ ակտերի մշակում և հաստատում.

9) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.

10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.

11) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Նախարարությունը գլխավորում և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը կառավարում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը (այսուհետ՝ նախարար), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

12. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:

13. Նախարարն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

14. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական իրավական ակտեր.

2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարությանը.

4) իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

5) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) տրամադրում է արձակուրդ նախարարության աշխատակազմի ղեկավարին.

9) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

10) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

11) հաստատում է նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների տարեկան գործունեության ծրագրերը.

12) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ և հսկում է դրանց կատարման ընթացքը.

13) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

14) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

15) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման, աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

16) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

17) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.

18) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ, հատուկ կոչումներ.

19) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի աշխատողներին ներկայացնում է Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման.

20) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

21) իր լիազորության սահմաններում հիմնում է պարգևներ.

22) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմինների պաշտոններում նշանակումներ կատարելու համար.

23) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում, նախարարի հանձնարարությամբ, նախարարի տեղակալներից մեկը:

16. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության համակարգի պետական մարմինների և նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ.

12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

17. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա, որը`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող տեսչության)՝ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

20. Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք, իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

22. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Թումանյանի 115:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

31. Արցախի Հանրապետության կառավարության կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը ենթակա է հաշվառման՝ կառավարության սահմանած կարգով:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն):

33. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:

37. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

39. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

40. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, իրավական այլ ակտերով, Արցախի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել Արցախի Հանրապետության կառավարության, նախարարի՝ օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ նախարարի հրամանով:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, իրավական այլ ակտերով, Արցախի Հանրապետության կառավարության և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

7) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

48. Նախարարության աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

49. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

9. ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

50. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելված 1-ը խմբ. 23.08.21 N 932-Ն) 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 30-ի N 781-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

1) Տնտեսական զարգացման վարչություն

2) Զբոսաշրջության վարչություն

3) Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն

4) Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն

5) Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

 

2. Բաժիններ

1) Ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության բաժին

2) Ագրովերամշակման զարգացման բաժին

3) Իրավաբանական բաժին

4) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

5) Ընդհանուր բաժին

 

2. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

 

1. Տեսչություն

1) Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

(հավելված 2-ը խմբ. 23.08.21 N 932-Ն) 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

   

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

    

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ