ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
| 25 հոկտեմբերի 2021թ. |
N 1143-Ն |
ք. Ստեփանակերտ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 363 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնակչության պատսպարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 363 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 25-ի N1143-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պատսպարման կազմակերպման հիմնական պահանջները, պաշտպանական կառույցների տեսակները և դրանց պահպանման ու շահագործման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) պատսպարում՝ զենքի տեսակների կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեպքում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով բնակչությանը պաշտպանական կառույցներում ժամանակավոր տեղավորումն ու կենսապահովումը.
2) պաշտպանական կառույց՝ քաղաքաշինության ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան շենքի նկուղային կամ բնակավայրի տարածքում առանձին կառուցված ստորգետնյա շինություն՝ ապաստարան, հակաճառագայթային կամ պարզագույն թաքստոց կամ այլ քաղաքաշինական կառույց, որը պատսպարում է մարդկային, տեխնիկական և նյութական ռեսուրսները տարատեսակ զենքի կիրառումից.
3) ապաստարան՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է զանգվածային ոչնչացման զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
4) հակաճառագայթային թաքստոց՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար.
5) պարզագույն թաքստոց` շենքերի և շինությունների նկուղներ, կիսանկուղներ, ստորգետնյա շինություններ, արագ կառուցվող թաքստոցներ, որոնք նախատեսված են պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար.
6) նկուղ (նկուղային հարկ)՝ հարկ, որի հատակի նիշը ցածր է գետնի հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից՝ դրանում տեղավորված սենքի բարձրության կեսից ավելի չափով.
7) կիսանկուղ՝ հարկ, որի հատակի նիշը ցածր է գետնի հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից՝ դրանում տեղավորված սենքի բարձրության կեսի չափով:
3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցն է:
4. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումն իրականացվում է հետևյալ պաշտպանական կառույցներում.
1) ստորգետնյա հատուկ շինություններ, ապաստարաններ, թաքստոցներ (հակաճառագայթային, պարզագույն, նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ).
2) բնակելի ֆոնդի տարածքներ (առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես հակաճառագայթային թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ):
5. Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`
1) պաշտպանական կառույցների վաղօրոք շինարարություն.
2) պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստ վիճակում.
3) պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
4) արագ կառուցվող թաքստոցների և հակաճառագայթային թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ.
5) պաշտպանական կառույցներին բնակչության նախօրոք ամրագրում:
6. Պաշտպանական կառույցների համակարգը, որն ապաստարանների և թաքստոցների ամբողջություն է, կախված պաշտպանական կառույցների տեղակայման վայրից և նշանակությունից, ապահովում է բնակչության պատսպարումը`
1) ապաստարաններում` Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպություններում աշխատողներին և ծառայողներին, Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարևորության և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին ու ծառայողներին` անկախ նրանց տեղակայման վայրից.
2) նկուղային և այլ խորացված տարածքներում, հանքախորշերում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում՝ մնացած բնակչությանը:
7. Խաղաղ ժամանակ պաշտպանական կառույցները, համաձայն քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նորմերի պահանջների, կարող են օգտագործվել տնտեսական նպատակներով, որի ժամանակ պետք է ապահովվի շինությունների և կառուցվածքների պահպանությունն ավերածությունից ու խոնավությունից և պաշտպանական կառույցները պատսպարվողների ընդունման համար ժամանակին պատրաստականության բերումը:
8. Պաշտպանական կառույցների օգտագործումը տնտեսական նպատակով թույլատրելի է պաշտպանական կառույցների ծավալի 40%-ի չափով և ավելորդ գույքից ազատման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 6 ժամ:
9. Պաշտպանական կառույցները տարբերվում են կառուցման ժամկետներով՝
1) խաղաղ ժամանակ կառուցվող ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ.
2) պատերազմի սպառնալիքի ժամանակ կառուցվող պաշտպանական կառույցներ, արագ կառուցվող թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ:
10. Արագ կառուցվող թաքստոցները կառուցվում են ամենասեղմ ժամկետներում` առավելագույնս օգտագործելով առկա հավաքովի կառուցվածքներն ու նյութերը, պարզեցված սարքավորումները:
11. Արագ կառուցվող պաշտպանական կառույցների տեղակայման վայրն ու թիվը որոշվում են քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից՝ ելնելով խաղաղ ժամանակ պաշտպանական կառույցներով բնակչության փաստացի ապահովվածությունից:
12. Պարզագույն թաքստոցները կառուցվում և հարմարեցվում են արտակարգ իրավիճակների և պատերազմների սպառնալիքի ժամանակահատվածում բնակչության այն մասի համար, որն ապահովված չէ պաշտպանական կառույցներով, որոնց շինարարության պլաններն ու ժամանակացույցերը վաղօրոք մշակվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված մարմինների կողմից:
13. Պարզագույն թաքստոցների կառուցման բոլոր աշխատանքները համապատասխանեցվում են արագ կառուցվող շինությունների շինարարության, ինչպես նաև բնակչության տարահանման պլաններին:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Բնակչության կազմակերպված և ժամանակին պատսպարման համար պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարներն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված մարմինների հետ համատեղ անցկացնում են բնակչության, աշխատողների և ծառայողների պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ: Պաշտպանական կառույցների մուտքի վրա կախվում են ցուցատախտակներ, իսկ դեպի պաշտպանական կառույցներ տանող շարժման երթուղիների վրա՝ ցուցանշաններ:
15. Պաշտպանական կառույցների սպասարկման և պատսպարման կազմակերպման նպատակով դրանց կից ստեղծվում են փրկարար ուժեր (սպասարկող խմբեր և օղակներ), որոնց անձնակազմը պարտավոր է`
1) ապահովել պաշտպանական կառույցների նախապատրաստումը պատսպարվողների ընդունման համար.
2) հետևել պաշտպանական կառույցները պատսպարվողներով լրացման և շահագործման ընթացքին.
3) իմանալ շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնները պաշտպանական կառույցների բոլոր սարքավորումների շահագործման դեպքում.
4) կազմակերպել պատսպարվող բնակչության սնումը և բժշկական ապահովումը:
Ապաստարաններն ու թաքստոցներն սպասարկող խմբերի և օղակների կազմում կարող են ներգրավվել բոլոր աշխատունակ մարդիկ:
16. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`
1) «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (3 անգամ տատանվող) ձայնային ազդանշան (3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն, կրկնօրինակելով կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով, հեռախոսակապով: «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում` բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում.
2) «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին ………» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն (օրինակ` «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):
17. Համապատասխան ազդանշան ստանալով պաշտպանական խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար:
18. Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:
19. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված ամրագրման պլանների համաձայն:
20. Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողները օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների:
21. Հասարակական վայրերում գտնվող բնակչությունը պատսպարվում է ըստ գտնվելու վայրի` պաշտպանական կառույցներում օգտագործելով ստորգետնյա անցումները, շենքերի և այլ կառույցների առաջին հարկերը:
22. Պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությունը մասնակցում է պարզագույն թաքստոցների կառուցմանը, հետագայում դրանցում պատսպարվելու նպատակով` համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից հաստատված պլանի:
23. Պաշտպանական կառույցները բերվում են պատրաստականության` պատսպարվողների ընդունման համար ազդանշան տալու պահից սկսված 12 ժամվա ընթացքում, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում, որոնք գտնվում են մշտական պատրաստականության վիճակում` անմիջապես:
24. Պաշտպանական կառույցներում տեղավորվում են կազմակերպված և արագ` կառույցի պարետի (ավագի) ցուցումով: Քաղաքացիական պաշտպանության ազդանշանից հետո համապատասխան մարմինների կողմից նախօրոք նշված ժամանակն սպառվելուն պես պաշտպանական կառույցներում մարդկանց տեղավորումը դադարեցվում է, դռները փակվում են:
25. Պաշտպանական կառույցներում անհրաժեշտ է խստորեն պահպանել սահմանված ռեժիմն ու կարգը: Պատսպարվողները պարտավոր են անվերապահորեն կատարել պարետի (ավագի) և հերթապահների բոլոր կարգադրությունները:
3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
26. Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման, շահագործման և վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
27. Կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) պաշտպանական կառույցների պահպանումը, շահագործումը և վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են իրենց միջոցների հաշվին:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |